Զինծառայողի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

0
1055

Զինծառայող Յուրիկ Բրոյանի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:

«Հաղորդումը ներկայացրել եմ՝ իմ վստահորդ Յուրիկ Բրոյանի կյանքի և առողջության անվտանգությունից ելնելով, քանի որ անհրաժեշտ է կանխել նրա առողջությանն անդառնալի վնասի պատճառումը՝ բուժօգնություն չտրամադրելու արդյունքում, ինչպես նաև կանխել այս իրավիճակում նրա կյանքին ուղղված հնարավոր վտանգը: Անհրաժեշտ է անհապաղ Յուրիկ Բրոյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, մարդկային պայմաններում կատարել անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բուժել նրան»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Հայարփի Սարգսյանը:

 Ըստ փաստաբանի, տվյալ դեպքում անհրաժեշտ է հարուցել քրեական գործ՝ պարզելու, թե ում գործողությունների արդյունքում է զինծառայողը ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և ինչու: Ինչպես նաև պարզել՝ ինչո.՞ւ է վերջինս անհիմն գտնվել ՀՀ ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում այն դեպքում, երբ վերը նշված ՀՀ ՊՆ գրության մեջ մատնանշված մեղադրանքի մասով քրեական գործը կարճված պիտի լիներ համաներմամբ, և եթե չի կարճվել, ապա ինչո՞ւ:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտում է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշում «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչում են պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչում բանակ: Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո տղան դաժան ծեծի է ենթարկվում իր «կոմբատի»՝ «Բադ» մականունովի կողմից, ինչից հետո Յուրիկին տեղափոխում են «Կանազ»-ի հոգեբուժարան:

Այս պահին Բրոյանը հազիվ է քայլում, գլուխը կախ՝ չկարողանալով բարձրացնել այն, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում, չի կարողանում խոսել, միայն գլխով դրական կամ բացասական պատասխաններ է տալիս․

«Յուրիկը պարալիզացված է: Պաշտպանության նախարարության կողմից նման արհամարհական վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան խոշտանգում»,- շարունակում է ահազանգել փաստաբան Հայարփի Սարգսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here