Առաջին կարգի հաշմանդամությունն ու հենաշարժողական խնդիրները չեն խանգարել Աննա Ավետիսյանին երազել մարդու իրավունքների պաշտպանության մասին և ավարտել ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո 30-ամյա Աննան, սական, արդեն 4.5 տարի չի կարողանում մշտական աշխատանք գտնել իր մասնագիտությամբ: Պրակտիկա է անցել ՄԱԿ-ի գրասենյակում ու մի քանի տեղ կարճատև աշխատել է:
«Խնդիր չկա տեղաշարժվելու հետ կապված չկա, տեղաշարժվում եմ քայլակով ու սայլակով: Ուղարկել եմ ինքնակենսագրական համարյա բոլոր գրասենյակներ, որտեղ որ իրավաբանի թափուր հաստիք կար»,- Forrights.am-ին պատմեց Աննան՝ շարունակելով. «Մի քանի անգամ եղել է հարցազրույցի փուլ, բայց հետո սովորաբար չեն պատասխանել: Բաց տեքստով չեն ասում, որ իմ հաշմանդամությունն է պատճառը, որովհետև եթե էդպես ասեն, կդիտվի որպես խտրականություն: Որևէ մեկը չի ասում, որ մենք աշխատանքի հարցում քեզ մերժում ենք, որովհետև դու հաշմանդամություն ունես, բայց ամեն ինչ դրան է տանում»:
Որոշ գործատուներ Աննային ասել են, թե շենքը անհարմար է, եթե մենք քեզ ընդունենք, ո՞նց ես գալու աշխատանքի. «Բայց որոշ դեպքերում ես կարող եմ նաև տանից աշխատել»: Իսկ զբաղվածության կենտրոնները ոչ մասնագիտական աշխատանք են առաջարկել մասնագիտությամբ իրավաբանին, օրինակ՝ գանձապահի:
Աննան որոշել է չընկճվել ու շարունակելու է դիմել ու հավատալ, որ կգտնի իր մասնագիտական աշխատանքը: «Իզուր չեմ այդքան կրթություն ստացել: Ստացել եմ, որ կարողանամ այդպիսով արժանապատիվ կյանք ապահովեմ իմ համար: Անպայման շարունակելու եմ փորձերս»,-ասաց նա՝ շարունակելով. «Հիմա ավելի պատրաստակամ են պատկան մարմինները այդ հարցում փոփոխություն բերելու: Կարծում եմ, որոշ ժամանակ հետո կտեսնենք լավ փոփոխություններ»:
«Երազելն իմ համար չի, ես նպատակ ունեմ, գնում եմ էդ նպատակի հետևից»
22-ամյա Արտակ Դավթյանը, ով նույնպես մանկական ուղեղային կաթվածի արդյունքում առաջին կարգի հաշմանդամ է ու շարժվում է քայլակի միջոցով, հասցրել է աշխատել տարբեր ոլորտներում: Անգամ առաքիչ է աշխատել մի սուրհանդակային կազմակերպությունում: Քայլակի միջոցով ոտքով ապրանքներ է ցրել Երևանի փողոցներում: Աշխատել է նաև հացի փռում, մեկ այլ տեղ՝ որպես հեռախոսային օպերատոր:
«Մեր երկրում շատ դժվար հարցեր կան, որոնցից մարդիկ փախչում են, բայց ես ու իմ նմանները մնացել ու պայքարում ենք: Ուզում եմ, որ իր խոսքը լսելով՝ մարդիկ ասեն, եթե էս տղեն Հայաստանում է, ուրեմն մենք պիտի մնանք ու մնանք»,-մեզ հետ զրույցում ասաց Արտակը:
Այժմ նա ծրագրավորում է սովորում Պոլիտեխնիկ ինստիտուտի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնում, թեև դեռ մասնագիտական աշխատանք չունի:
«Եկեք չկապենք հաշմանդամության հետ: Ես հաշմանդամությունը չեմ ընկալում որպես դատավճիռ, այլ ընկալում եմ որպես անձերի բազմազանություն»,-ասաց երիտասարդը՝ շարունակելով. «Հաշմանդամությունը հասարակության տեսակ է, հասարակությունը չի կարա լինի առանց հաշմանդամների, անկախ, թե էդ հաշմանդամությունը երևացող է, թե չերևացող»:
Երիտասարդն ասում է, որ մասնագիտական երազանքներ չունի, ունի նպատակներ: «Ես չեմ երազում, ես նպատակ ունեմ, գնում եմ էդ նպատակի հետևից: Ես վեբ ծրագրավորող եմ: Երազելը իմ համար չի: Երբ որ մարդիկ դադարեն երազելուց, սկսեն գործել, կարող ա մի բան ստացվի»,-ասաց Արտակը:
Արտակը մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, երթերին, ցույցերին: Սպասելիքներ ունի, որ ավելի լավ է լինելու, քան առաջ էր: «Մասնակցել եմ, որովհետև ես ՀՀ քաղաքացի եմ: Ու ես տեսնում եմ, որ ավելի լավ ա, որովհետև արդեն ավելի լավ ա: Չի կարա 30 տարի փորած փոսը 3 ամսում լցվի»,-տեսակետ հայտնեց երիտասարդը:
Պոլիտեխնիկում ծրագրավորում սովորող երիտասարդը գոհ չէ կրթության որակից. «Անվճար եմ սովորում, բայց պատրաստ եմ վճարել կրկնակի, մենակ թե մեր կրթության վիճակը բարելավվի: Աշխատաշուկան առաջ ա գնացել, իսկ Հայաստանում կրթությունը հետ է մնացել: Ուսումն է հաջորդ օրը փող բերում: Ես կրթության որակից դժգոհ եմ, որովհետև կրթությունը Հայաստանում հետ ա մնացել»:
Արտակը տեղաշարժման հետ կապված մի շարք դժվարություններ նշեց. «Մետրոյից ա շատ դժվար օգտվել, սկզբից ինձ մետրո չէի թողնում, երբ պահանջեցի իմ իրավուքնները, ինձ թողեցին մետրո: Բայց սայլակով մեկը չի կարող օգտվել մետրոյից: Պիտի ունենանք հարմարեցված մետրո»,-ասաց նա՝ շարունակելով.
«Ես չեմ նեղվում մարդկանցից ֆիզիկական օգնություն խնդրելու հարցում, եթե ինձ գենտանցումից պետք ա ինչ-որ բան առնեմ: Ես իմ խնդրի հետ օքեյ եմ ու մեղավոր չեմ, որ պետությունը չի հարմարացնում էս երկիրը, բայց ես մեկա պիտի ապրեմ ու ինքը պիտի տենա, որ ես առանց իրա հարմարեցման էլ ապրում եմ»:
«Հաշմանդամություն ունեցողների 90 տոկոսից ավելի գործազուրկ են»
«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը մոտ 10 տարի առաջ ստեղծել է www.jobs.disability.am կայքը, որը նախատեսված է աշխատանք փնտրող սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցելու համար: «Ունիսոն» ՀԿ-ի զբաղվածության կենտրոնը գործում է պետական աջակցությամբ:
«Մենք անցյալ տարի 39 անձի կարողացանք տեղավորել աշխատանքի տարբեր ոլորևտներում՝ ձեռքի աշխատանքի, համակարգչային, լեզուների իմացության: Բացի դրանից բազմաթիվ մարդկանց հետ դասընթացներ ենք անցկացրել, որ ավելի մրցունակ դառնան, կարողանան գտնել աշխատանք: Բայց որ ասեմ այդ հարցում գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել, դա սուտ կլինի, որովհետև վիճակագրությունը տարիներ շարունակ մնում է նույնը»,-ասաց «Ունիսոնի» ղեկավար Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ աշխատունակ տարիքում գտնվող հաշմանդամների ընդամենը մոտ 8, առավելագույնը 9 տոկոսն աշխատանք ունեն: «Այսինքն՝ 90 տոկոսից ավելի գործազուրկ են, ինչը համեմատելի չէ նույնիսկ Հայաստանի գործազրկության բարձր մակարդակի հետ: Շատ ավելի բարձր է հաշմանդամների շրջանում գործազրկությունը»,-նշեց Ալավերդյանը:
Իրենք ինչ հնարավոր է հիմնականում Երևանում, անում են. «Բայց, իհարկե, 100 հազարավոր հաշմանդամներին մենք չենք կարող հասնել: Դա կոմպլեքս խնդիր է: Նաև մարդիկ կան, որոնք օբյեկտիվ պատճառով լավ կրթություն չեն ստացել կամ հմտություններ չեն զարգացրել, լեզուներ չգիտեն: Էդ ամեն ինչը հիմա պահանջվում է»:
Արմեն Ալավերդյանի խոսքով՝ պետք է այն պետական ծրագրերը, որոնք իրականացվում են, առավելագույնս օպտիմալ իրականացվեն: «Կան ռեսուրսներ, որ պետությունը հատկացնում է: Նույնիսկ չավելացնելով այդ ռեսուրսները պետք է ավելի ակտիվ, ավելի արդյունավետ դրանք օգտագործել, և իրազեկել գործատուներին, որ հաշմանդամություն ունեցողին աշխատանքի վերցնելը ձեռնտու է, օրինակ՝ հարկերի հետ կապված, կամ աշխատավարձի մասնակի փոխհատուցում կարող է ստանալ գործատուն կես տարվա մեջ և այլն»,-որպես այս պահի լուծումներից մեկն առաջարկեց հկ ներկայացուցիչը:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: