Ինքնաձիգի ձգանի վրա կան երկու տարբեր անձանց գենետիկական  բնութագրեր

«21-ամյա Գևորգ Հարոյանը չէր կարող ինքնասպան լինել։ Բացառվում է, որ  նրա մատը կպած լինի ձգանին, հետևաբար բացառվում է նաև առաջ քաշված «ինքնասպանություն» վարկածը»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ զորամասում մահացած Գևորգ Հարոյանի մահվան հանգամանքներին։

Ըստ գենենտիկական փորձաքննության արդյունքների առաջին կետի՝ ինքնաձիգի ձգանի վրա հայտնաբերվել են քրտնաճարպային հետքեր, որոնցից անջատվել է ԴՆԹ, հետազոտվել և պարզվել, որ դրանք ունեն երկու տարբեր անձանց գենետիկական բնութագրերի խառնուրդ են: Փորձագետը բացառել է, որ հնարավոր է այդ հետքերը պատկանեն Գևորգ Հարոյանին։ Անգամ ապացույցները հայտնաբերվելու և ոչնչացնելու պարագայում գենետիկական հետազոտությունն այնուամենայնիվ ցույց է տալիս․ 

«Այս եզրակացությունը ստանալուց հետո՝ նախաքննական մարմինը պարտավոր էր գործը վերաորակել ՔՕ 104 հոդվածով՝ սպանություն, ինչը, սակայն, չի արել և առ այսօր քննում են ինքնասպանության գործ, ցույց տալով իրենց շահագրգռվածությունը»,-իր վրդովմունքն արտահայտեց փորձագետը։

Սպանվածի դեմքի, ձեռքերի և ոտքերի շրջանում հայտնաբերվել են մեխանիկական  վնասվածքներ՝ արյունազեղում և քերծվածքներ, որոնք պատճառվել են բութ, կոշտ առարկաներով:

Համաձայն Հարոյանի դիակի փորձագիտական եզրակացության՝ քերծվածքները մահվանից 3-5 օր առաջվա վաղեմություն ունեն, իսկ արյունազեղումը՝ աջ աչքի վերին կոպի շրջանում, պատճառվել է մահվանից շատ կարճ ժամանակ առաջ։

Փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ փորձագետները պետք է նշեին հստակ ժամանակը, իսկ այս պարագայում վերջիններս շրջանցելու տեղ են թողնում և գրում են «շատ կարճ ժամանակ առաջ», այսինքն՝ մահվանից վայրկյաններ կամ 1-2 րոպե  առաջ:

Այս փաստերը ռազմական փորձագետի կողմից մեկնաբանվեց այսպես, որ Գևորգ Հարոյանը դեպքից 3-5 օր առաջ բախում է ունեցել այլոց հետ, որը շարունակվել  և վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ նրան ծեծել են, մարմնական վնասվածքներ հասցրել: Մեծ է հավանականությունը, որ  այդ նույն վեճը շարունակվել է նաև դեպքի օրը․

«Մեզ անհայտ անձը հարվածել է Գևորգ Հարոյանի աչքին, առաջացել է  արյունազեղում, այդ հարվածից անմիջապես հետո կրակել և սպանել է վերջինիս»,-ասաց Ռուբեն Մարտիրոսյանը, հավելելով, որ Գևորգ Հարոյանը մահացել է դրանից մի քանի ժամ անց՝ հոսպիտալում՝ գիտակցության չգալով:

Դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են արյունազեղում՝ աջից վերին կոպի շրջանում, քերծվածքներ՝ քթի, ձախ արմնկահոդի շրջանում, որոնք ստացել է ավելի ուշ՝ մոտ 7 և ավել օրվա վաղեմություն ունի:

«Տղես ո՞նց կարող էր 2 մետր հեռավորության վրա ինքն իրեն կրակել»

Զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները ևս բացառում էին ինքնասպանության վարկածը: Հարոյանը 2 ամիս տևած ծառայությունից առաջին իսկ օրից բողոքել է զորամասից ու վաշտից։ Մայրը պատմում էր, որ որդուն զորամասում նվաստացրել, ստորացրել են և թույլ չեն տվել նույնիսկ հաց ուտել․

«Զորամասում ասում են, որ ինքնասպան ա եղել, բայց էդ սուտ ա, ինքը չէր կարա ինքնասպան լիներ: Մարտունիի դատախազությունից էլ ասում են, որ արձակված կրակոցը 2 մետրից ա եղել…բա տղես ո՞նց կարող էր էդ հեռավորության վրա ինքն իրեն կրակել»,- իր համոզմունքն էր հայտնել Գևորգ Հարոյանի մայրը՝ Արմինե Բեգլարյանը, ով պնդում է՝ իր տղային սպանել են։

«Տղես անընդհատ ասում էր` մամ ջան, ստեղ սաղ «սվոլըչ» են` կրտսեր սերժանտից սկսած մինչև վերևները։ 2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են»,- պատմում մայրը։

Գործով կատարված դատաբժշկական խծուծների փորձաքննության նպատակն է եղել պարզել՝ կրակոցի ժամանակ մարտական հենակետի զինվորներից ովքե՞ր են եղել դեպքի վայրում:

Հետազոտության ենթարկված զինծառայող Գևորգ Ավետիսյանի, Աշոտ Գրիգորյանի, Վալերի Մխիթարյանի և Աշոտ Աբրահամյանի վրա հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր: Դրանք վկայում են այն մասին, որ 4 զինվորներն էլ սպանության ժամանակ եղել են դեպքի վայրում: Միաժամանակ կասկածելի է փորձաքննության ենթարկվածների թիվը․

«Մարտական հենակետում  սովորաբար ծառայում են 7 և ավելի զինվորներ, ուրեմն, ստացվում է՝ նրանցից 2-ի խծուծները չեն վերցրել: Ինչո՞ւ նրանք փորձաքննության չեն ենթարկվել»,- ասաց փորձագետը:

Հավելենք, որ տուժող կողմը նախատեսում է միջնորդություն, որով նախաքննական մարմնից պահանջում է հարուցված քրեական գործը՝ ՔՕ 110-ը՝ ինքնասպանության հոդվածը  փոխել ՔՕ 104 ՝  դիտավորյալ սպանության հոդվածով:

Հիշեցնենք, որ Գևորգ Հարոյանը 2018թ. հոկտեմբերի  1-ին, ժամը 10:50-ի սահմաններում նշված զորամասի զինանոցի մաքրության աշխատանքներ կատարելու ընթացքում, համածառայող Գոռ Հովսեփի Ցոլակյանին ամրակցված AK 74 տեսակի ինքնաձիքից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախակողմյա հատվածում և տեղափոխվել Մարտունու հոսպիտալ, որտեղ էլ մահացել է ժամը 15:00-ին:

«Նախնական և անհետաձգելի գործողությունների արդյունները բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հարոյանը մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում», — ասված է Քննչական կոմիտեի Կայազորային քննչական բաժնի պետի հետևության մեջ:

Նշենք նաև, որ քրեական գործի շրջանակներում չկա զենքի դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննության արդյունքները, իսկ դեպքից անցել է արդեն 3․5 ամիս։

Հավելենք, որ  ձեռք բերված ապացույցների հիման վրա հոկտեբերի 2-ին ձերբակալվել է սերժանտ Մ. Չ-ն, հոկտեմբերի 4-ին՝ վաշտի հրամանատար Լ. Պ-ն, իսկ 5 օր անց մեղադրանք է առաջադրվել Դ.Ս-ին, սակայն վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest