Եզդի զինվորի փաստաբանը բողոքելու է դատախազություն պաշտպանության նախարար Տոնոյանի պաշտոնական անգործության դեմ

0
848

Պաշտպանության նախարարությունը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, եզդի Յուրիկ Բրոյանին համարում է սիմուլյանտ: «Նման անձիք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը»,- հաղորդել է զինվորի մասին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինդատախազության 4-րդ կայազորային քննչական վարչությունն ավելի լուրջ է վերաբերվում երիտասարդի խնդրին: Քննչական վարչությունում նրա վերաբերյալ երեք դեպք է քննվում՝ ծեծ զորամասում, բռնություն Կանազի հոգեբուժարանում, որտեղ նաև ներարկել են ինչ որ դեղամիջոցներ, որից հետո երիտասարդի առողջությունը կտրուկ վատացել է:

Յուրիկն արդեն 4 ամիս է, չի խոսում: Գլուխը անընդհատ ցնցվում է: Մեծ դժվարությամբ է քայլում: Յուրիկի մայրը՝ Մարինե Բրոյանը պատմում է, որ իր որդին ժառանգական հոգեկան հիվանդություն ունի, որով տառապել է նաև իր եղբայրը և մյուս որդին: Բայց անտեսելով տղայի հոգեկան և մտավոր խնդիրները, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը անցյալ տարվա օգոստոսին նրան սահմանափակումներով զորակոչել է Արցախի ՊԲ, Մարտակերտ, ախտորոշելով թեթև մտավոր հետամնացություն: Մոտ երկու շաբաթից տղան հայտնվել է Մարտակերտի հոսպիտալում՝ ծեծված, ընկճված, կտրված երակով: Նա մորը հասկացրել է, որ Մարտակերտի զորամասի «կամբատը»՝ «Բաբ» մականունով դաժան ծեծի է ենթարկել իրեն: Հետագայում այս դեպքի մանրամասները Յուրիկը պատմել է իր պաշտպանին՝ «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանին: «Հրամանատարը Յուրիկին հեռվից կանչել է, գցել է ծխախոտը գետնին, ասել է՝ վերցրու, Յուրիկը չի վերցրել: Բռունցքով հարված է ստացել գլխին հրամանատարից: Չգիտեմ, հրամանատար ասելով, ինչ նկատի ունեն: Բադ է մականունը: Ներկա են եղել երկու այլ զինծառայողներ: Երբ նրանք իրեն բռունցքով խփել են, նա ընկել է գետնին, գլխին հարվածներ են հասցրել ոտքերով: 5 օր նրա նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերել, հետո նա հայտնվել է Մարտակերտի հոսպիտալում՝ օգոստոսի 28-ից: Հաջորդ օրը տարել են արդեն Ստեփանակերտի հոգեբուժարան: Այնտեղ նրան դեղեր են խմեցրել»- պատմում է Հայարփի Սարգսյանը:

Ծեծի և հոգեբուժարանում տեղի ունեցած բռնության փաստով պետք է հարցաքննություններ արվեն, առերեսում, բայց քան որ տուժողը գտնվում է առողջական ծանր վիճակում, քննչական բոլոր գործողությունները հետաձգվել են: Եզդի տղայի «ծառայությունը» անցել է նւմ է հոգեբուժարաններում և հոսպիտալներում: Փաստորեն, նա 2018 թվականի օգոստոսի 11-ին նա զորակոչվել է, իսկ օգոստոսի 23-ին ծեծվել է:

Ստեփանակերտի հոգեբուժարանից ինքնավնասման հակումներ ունեցող Յուրիկին տեղափոխել են Երևան, Կանազի հոգեբուժարան, որտեղ մայրը նրան գտել է ծանր վիճակում: «Ոչ նորմալ քայլում էր, հազիվ խոսում էր, ոնց որ խորը սարից հանես դուրս երեխուն: Շարժվել չէր կարում: Տեսա, որ թևի վրա հետքեր կային: Փրթել ա իրան»», — Forrights.am-ի հարցերին պատասխանելով, նկարագրել էր իր հանդիպումը որդու հետ Մարինե Բրոյանը: Դեկտեմբերի վերջին նա դիմել է պաշտպանության նախարարություն, պահանջելով նոր օբյեկտիվ բժշկական հետազոտություն: Պաշտպանության նախարարը առհամարհական վերաբերմունք է ցուցաբերել եզդի կնոջ և նրա որդու նկատմամբ: Ոչ մի պատասխան իր նամակներին կինը չի ստացել և միայն  Forrights.am-ի հրապարակումից հետո նախարարությունը արձագանքեց, զինվորի արժանապատվությունը նվաստացնող հաղորդագրություն տարածելով նրա «սիմուլյանտ» լինելու մասին: Ահա ինչպես է ներկայացնում ՊՆ-ն Յուրիկ Բրոյանի վերաբերյալ իր «դիտարկումները»: «Դիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ վերջինիս վարքը տեսադաշտում և տեսադաշտից դուրս կրում է խիստ հակասական բնույթ: Այսպես՝ բուժանձնակազմի ներկայությամբ կուչ է գալիս, քայլում է դանդաղ, հարցերին պատասխանում է գլխի և ուսերի շարժումներով, հրաժարվում է սննդից, իսկ տեսդաշտից դուրս հանգիստ է, նորմալ սնվում է, հեռուստացույց դիտում, իսկ տեսակցության ժամանակ ազատ շփվում է հարազատների հետ: Հարկ է նշել, որ զինծառայողի պահվածքի նման դրսևորման վրա խիստ անմիջական դերակատարություն ունի վերջինիս մայրը, ով գրեթե բոլոր տեսակցությունների ժամանակ բաժանմունքում սպառնալիքներ, զրպարտանքներ, անհիմն, իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ է ներկայացնում բուժող բժշկին և բուժանձնակազմին՝ հայտարարելով, որ ամեն գնով իր որդուն տուն է տանելու»: Այնուամենայնիվ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջամտությամբ երիտասարդին մոտ մեկ ամիս առաջ տեղափոխեցին ռազմական ոստիկանություն, որտեղ նա մինչ օրս գտնվում է, զրկված պատշաճ բուժօգնությունից:

Նրա շահերը ներկայացնող Հայարփի Սարգսյանը միջնորդել է վարույթն իրականացնող մարմնին կատարել դատաբժշկական փորձաքննություն, քանի որ Յուրիկը նրան մի կերպ մատներով բացատրել է, որ Կանազի հոսպիտալում ներարկումներից հետո իր վիճակը վատթարացել է: «Ոտքերը գետնին քսելով, մանր քայլերով է տեղաշարժվում: Գլուխը անընդհատ կախված է:  Ոչ մի ձև չի լինում ուղղել և անընդհատ ցնցվում է: Նա մատների շարժումներով իմ հարցերին պատասխանելով ինձ տեղեկացրեց մի կերպ, որ Կանազի հոսպիտալում նրան իր կամքին հակառակ ներարկումներ են արել, որոնց վերաբերյալ ես միջնորդության մեջ պահանջել եմ, որ քննչական մարմինը պարզի, թե արդյոք ներարկումների արդյունքում է Յուրիկ Բրոյանը պարալիզացվել», — ասում է Հայարփի Սարգսյանը: Նա շեշտում է, որ այս պահին Յուրիկը գտնվում է մի հաստատությունում՝ ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ կայանում, որտեղ զինվորներն են նրան օգնում հագնվել, սնվել, լողանալ: չի ստանում բուժօգնություն: Հայարփի Սարգսյանը գրություն է ուղարկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում նշել է, թե որ օրերին է այցելել զինվորին, ինչպիսի վիճակում է նրան գտել: «Ես գտնում եմ, որ առնվազն մայրական խնամք է պետք զինվորին: Եթե Դավիթ Տոնոյանը ոչ մի քայլ չձեռնարկի, ես ստիպված կլինեմ այլ մարմիններում բողոքարկել նրա անգործությունը, որովհետև ակնհայտ է, որ Յուրիկ Բրոյանը  անօգնական վիճակում է ու համապատասխան բուժհաստատությունում չի գտնվում: Եթե  նա «սիմուլյանտ» է, ինչպես նախարարությունն է որակում, ապա թող տեղափոխեն Մուրացանի հոսպիտալ, որ պարզեն, իսկ եթե հակառակն ապացուցվի, ո՞վ է պատասխան տալու», — հարց է ուղղում փաստաբանը: Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել նաև ամբուլատոր դատահոգեբուժական և դատաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննություն իրականացնելու մասին, որը նշանակված է այսօր:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here