«Դիմում եմ պատկան մարմիններին` Կառավարությանը, որ իմ խոսքերն ընդունեն որպես ահազանգ-հաղորդագրություն»

0
1129

Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Կարինա Հարությունյանն աշխատանքից ազատվելու մասին տեղեկացել է պատահաբար։ «Չհրավիրված» կորպորատիվ հավաքույթի հաջորդ օրը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն իր հետ զրույցում հայտարարել է՝ վատ լուր ունի, օժանդակ կազմը կրճատվել է մշակույթի նախարարի կողմից:

«Դեկտեմբերի 27–ին պատահաբար հանդիպում եմ գործընկերոջս, ումից էլ տեղեկանում եմ, որ այդ օրը թատրոնում տեղի է ունենալու ամանորյա կորպորատիվ միջոցառում, որին ներկա են գտնվելու բոլոր աշխատակիցները: Զարմացա՝ այդ մասին ինձ ոչ ոք չէր տեղեկացրել և զանգեցի տնօրենին` Վարդան Մկրտչյանին: Վերջինս որոշեց տեղում ինձ իմիջիայլոց ձևով հրավիրել՝ ասելով՝ «կարող եք գալ, կարող եք ոչ, ես այս պահին զբաղված եմ, չեմ կարող խոսել»: Այս պատասխանն ինձ տարօրինակ թվաց և ասացի, որ վաղը կգամ թատրոն, որպեսզի հասկանամ, թե ինչու եմ ես հրավիրվում կորպորատիվին իմ զանգից հետո, այլ ոչ թե բոլորի պես՝ նախապես:

Հաջորդ օրը` դեկտեմբերի 28 –ին տնօրենի հետ հանդիպման ժամանակ, իմ այն հարցին, թե ինչո՞ւ ես տեղյակ չեմ եղել կորպորատիվի մասին, Վարդան Մկրտչյանը պատասխանում է՝ վատ լուր ունեմ քեզ համար` օժանդակ կազմը կրճատվել է մշակույթի նախարարի կողմից: Իմ հաջորդ հարցին, թե ի՞նչ պատճառով եք ազատում աշխատանքից, նա պատասխանում է՝ ես կապ չունեմ, որոշում կայացնողը մշակույթի նախարարն է»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Կարինա Հարությունյանը:

Վերջինս տնօրենից ցանկացել է իմանալ նաև, թե ինչպե՞ս է ստացվում, որ ինքը, չորս տարի լինելով օժանդակ կազմում և խաղալով բազմաթիվ դերեր, այդ թվում՝ գլխավոր, չի արժանանում դերասանին հասանելիք որևէ կարգի: Ավելին, չորս տարվա ընթացքում իր թեկնածությունը երբևէ չի քննարկվել, այնինչ թատրոնում գրանցվում են Էլբակյաններին պատկանող Խամաճիկների թատրոնի դերասանները:  Մկրտչյանը, սակայն, հերքում է, նշելով՝ ինքը մարդ չի գրանցել։

Վարդան Մկրտչյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ տեղի ունեցածը նորմալ գործընթաց է և, քանի որ նախարարությունը կրճատել է թատրոնի բյուջեն, իրենք որոշում են կայացրել կրճատումներ անել: Ի դեպ, Կարինա Հարությունյանից բացի աշխատանքից ազատվել են թատրոնի այլ աշխատակիցներ ևս։

«Եթե ընդունենք, որ Մկրտչյանը ստում էր ինձ, բայց չէր ստում լրագրողին, ապա այստեղից հարց է առաջանում` ինչո՞ւ ես և թատրոնի այլ աշխատակիցներ չենք տեղեկացվել, որ կրճատվել է թատրոնի բյուջեն և թատրոնի ղեկավարությունը որոշում է կայացրել աշատանքից ազատել տարբեր աշխատակիցների` այդ թվում գործող դերասանների և արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանին: Եթե մշակույթի նախարարությունը հաստիքացուցակը հաստատել է դեկտեմբերի 27-ին, ինչո՞ւ մենք չհրավիրվեցինք կորպորատիվ միջոցառմանը: Չէ՞ որ կորպորատիվի մասին մարդկանց տեղեկացնում են օրեր առաջ, թեկուզ մեկ օր առաջ: Նշանակում է՝ ամենաուշը դեկտեմբերի 26-ին բոլորը, բացի մեզնից, զանգ են ստացել»,- նշեց դերասանուհին:

Կարինե Հարությունյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ հաստիքացուցակը հաստատվել է դեկտեմբերի 27-ին: Ըստ նրա, Վարդան Մկրտչյանն իր խոսքում ստում է նաև մեկ այլ հարցում:

«Նա առանց ամաչելու պնդում է, որ բեմադրիչ Տիգրան Գասպարյանը փաստացի նոր բեմադրություններ չի արել ու աշխատավարձ է ստացել պետությունից։ Այնինչ, հայտնի է, որ Արմեն Էլբակյանը և Վարդան Մկրտչյանը մերժել, ընթացք չեն տվել Գասպարյանի առաջարկած 2 բեմադրությունները: Այդ ընթացքում իրար հետևից բեմադրվում էր Էլբակյանների ընտանիքի մի քանի ներկայացումներ: Այսինքն ստացվում է, որ նրանք միտումնավոր պարապուրդի են մատնել Տիգրան Գասպարյանին: Այն նույն գործընթացը տեղի ունեցել նաև ինձ հետ՝ որպես դերասանուհի»:

Նա տեղեկացրեց, որ երբ Արմեն Էլբակյանը գնացել է թատրոն, խաղացանկից հանվել են բազմաթիվ ներկայացումներ, որոնց բեմադրիչն ինքը չի եղել:

«Ու քանի որ Արմեն Էլբակյանն իր գալուց ի վեր ինձ չէր «վստահում» որևէ առաջնային դեր, փաստացի ես հայտնվեցի միայն մասսայական տեսարաններում: Այնինչ, մինչ այդ ես ունեցել եմ բավականին բարդ դերեր՝ «Անվերադարձ ապագա», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Որբերի ընտանիքը»,  «Դեպք մետրոյում» ներկայացումներում: Իր խոսքում Վարդան Մկրտչյանը «բարեգութ մարդու դիմակը հագած»՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին մեղադրում է ագրեսիվության մեջ, ասելով որ նրանցից ոմանք անցնում են վիրավորանքների, սակայն մոռանում է նշել, որ այդ ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ինքը հնչեցնում է հերթական սուտը: Պարզվում է՝ Արմեն Էլբակյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ իր արժանապատվությունից ցածր է համարում խոսել մեր մասին։ Արժանապատվություն… Այս բառը արտաբերում է մի անձ, ում արժեքային համակարգը և արժանապատվությունը ներում է ամբողջ ազգի առաջ մեծ ջանասիրությամբ պահել Սերժ Սարգսյանի գլխի հովանին, իսկ հեղափոխությունից հետո արագ կերպարանափոխվել և նույն ջանասիրությամբ, հագնել «դուխով» գլխարկ՝ ցուցադրելով յուր «արժանապատիվ մտավորականի կեցվածքը»,- nասաց Կարինա Հարությունյանը»: 

Վերջինս նաև տեղեկացրեց, որ թատրոնի աշխատակիցներից Վահե Մովսիսյանը  դատական կարգով վիճարկել էր Վարդան Մկրտչյանի որոշումը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ, դատարանն անհիմն էր ճանաչել, բայց այս որոշումը Մկրտչյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Վահե Մովսիսյանը Վերաքննիչում նույնպես հաղթել է։

«Այսինքն, կարելի է հասկանալ, որ երբ  Վարդան Մկրտչյանը խոսում է օրենքից, ապա նկատի ունի ինքն իրեն և իր գլխում հորինված օրենքները: Եվ ինչպես ՀՀ օրենսդրությունը Մկրտչյանը համարում է սեփական մեկնաբանությունների նոթատետր, այնպես էլ Սունդուկյանի անվան թատրոնը համարում է իր և իր գործընկերոջ` Էլբակյանի սեփականությունը, որտեղ կարող է դուրս ու ներս անել արվեստի գործիչների:

Ես դիմում եմ պատկան մարմիններին, մասնավորապես` Կառավարությանը և Մշակույթի նախարարությանը, որ իմ խոսքերն ընդունեն որպես ահազանգ-հաղորդագրություն ինձ, Էռնա Ավետիսյանին, Տիգրան Գասպարյանին թատրոնի տնօրենի` Վարդան Մկրտչյանի կողմից անհիմն աշխատանքից հեռացնելու մասին։ Մենք մեր իրավունքները պաշտպանելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով»,- հավելեց Կարինա Հարությունյանը:

Այս հարցի վերաբերյալ մենք փորձեցինք զրուցել նաև Վարդան Մկրտչյանի հետ։ Սակայն, վերջինս ասաց, որ ինքն այլևս ասելիք չունի, քանի որ իր խոսքով՝ դիմացիններն անցել են բոլոր չափերն ու սահմանները։

«Ես այլևս իսկապես ցանկություն չունեմ այդ հարցով խոսելու։ Ամեն ինչ օրենքով է արված, օրենքի տառին համապատասխան։ Եվ եթե իրենք գտնում են, որ ես ինչ-որ սխալ բան եմ արել՝ թող դիմեն դատարան։ Ես իսկապես հոգնել եմ, առանց ամաչելու ինձ ինչ պիտակավորում ասես կպցնում են»,- ասաց Վարդան Մկրտչյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ փետրվարի առաջին տասնօրյակում մամուլի ասուլիս է տալու և  պատասխանելու բոլոր «մութ» հարցերին:

Լիլիթ Թադևոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here