«Պետք է արվեն քայլեր, որ այսօրվա Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանությամբ չնմանվի երեկվա Հայաստանին»

0
258

 «Մարտի 1-ի» գործով մի քանի նախկին դատապարտյալների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը «ինչ-որ չափով» կիսում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի արտահայտած մահոգությունը Նոր Հայաստանում Մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված:

Ըստ Շուշանյանի՝ դատարանների ու փաստաբանների անկախության հարցերը անցած տարիներին եղել են օրախնդիր հարցեր, որոնց Էդմոն Մարուքյանն առհասարակ չի անդրադարձել: «Եթե այդ առթիվ մտահոգ էր, պետք է իր այդ մոտեցումը ժամանակին արտահայտեր, որ իր խոսքը ներկա պահին համոզիչ ու անկեղծ հնչեր»,-նշեց փաստաբանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ քննադատեց իշխանություններին երկրում տիրող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի համար:

«Ուզում եմ ելույթս անվանել «Մարդու իրավունքները՝ հետհեղափոխական Հայաստանում». երկրում մի իրավիճակ է, որ բոլորը հպարտ են ու ուրախ, որ երկրում հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց մարդու իրավունքների հարցում խնդիրներ ունենք, և ոնց որ թե, խոսողներ չկան, և այն մարմիններն ու ինստիտուտները, որոնք կոչված են, որ խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով իրենց վրա ուղղված հարձակումներից»,- ասել էր Էդմոն Մարուքյանը:

Նա «շնորհավորել էր» իշխանություններին՝ ՄԻԵԴ-ում կոմունիկացված առաջին գործի կապակցությամբ. «ՄԻԵԴ-ում ձեր դեմ գործ կա՝ փնթի արված նախաքննության մասով. տպավորություն կա, որ գաղտնալսման դեպքն անցավ-գնաց: Ուրեմն իմացեք՝ չի մարսվել, մեր պետությունը չի մարսել, դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից»:

Ինչ վերաբերում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի, ինչպես նաև վարչապետի խոսակցությունների գաղտնալսմանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը շեշտեց. «Առաջնային խնդիրը, որ պետք է փորձ արվի պարզել, դա այն է, թե ինչպես է էդ գաղտնալսումն իրականացվել: Բայց ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի պատասխանը, թե արդյոք այդ հեռախոսային խոսակցության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր է հանգել հետևության, որ ազդեցություն է եղել դատարանի վրա»:

Վերջին գաղտնալսված խոսակցությունը, որ հրապարակվեց, ըստ Շուշանյանի, նման ենթադրության հիմքեր տալիս է: «Դա իրապես շատ մտահոգիչ է, որովհետև գործող իշխանությունը հայտարարում է, որ ձեռնպահ է մնում դատական իշխանությանը միջամտելուց, և դատարանները ազատորեն պետք է իրականացնեն արդարադատություն և այլն, ինչի հետ ես համաձայն չեմ, որովհետև դատական առկա համակարգը պարզապես ունակ չէ արդարադատություն իրականացնել որևէ պարագայում: Իրենք տասնամյակներ շարունակ սովոր են եղել «հեռախոսային արդարադատությանը»՝ գործադիրից հրահանգներով դատական ակտեր կայացնելուն»,-նշեց Շուշանյանը:

Նրա խոսքով՝ նախ պետք էր ազատվել դատական համակարգի օդիոզ դեմքերից: «Քանի որ հայտարարվել էր, որ զերծ են մնում ազդեցության փորձերից, բայց փաստացի ունենք դեպք, երբ գաղտնալսված վերջին խոսակցությամբ նման ազդեցություն գործադրվել է, դա իհարկե դատապարտելի է»,-ասաց Շուշանյանը՝ շարունակելով. «Դատական իշխանության անկախության հարցը շարունակում է մնալ օրախնդիր: Էդ հարցում պարոն Մարուքյանի հետ չհամաձայնել հնարավոր չէ: Պետք է կադրային լրջագույն փոփոխություններ իրականացվեն»:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ կան լրջագույն խնդիրներ, որոնք իրեն հիմք են տալիս պնդելու, որ մեծ հաշվով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել արդարադատության իրականացման գործընթացում: Ըստ նրա՝ մասնավորապես գրավով կալանքը փոխելու պրակտիկան կիրառվում է միայն նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ շարքային քրգործեով գրավով խափանման միջոցի փոփոխությունը նախկինի պես գրեթե չի կիրառվում: «Հեղափոխությունից հետո առաջին փոփոխությունը պետք է լիներ կալանքների կիրառման վերանայումը, որը ես որպես գործող փաստաբան, փաստում եմ, որ տեղի չի ունեցել»,-նշեց նա:

Շուշանյանը ողջունում է ՄԻԵԴ-ի՝ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, անկախ, թե ում է դա վերաբերվում. «Ու շատ ցավում եմ, որ դա մեր պետական մակարդակում չի արվել: Գերմանիա ուղարկելու հարցում վստահ չեմ, որ դա պարտադիր է, որովհետև պետք է հիմնավորվի, որ Հայաստանում չկա համապատասխան բուժհաստաություն, որը կարող է նրա համար ապահովել պատշաճ բուժօգնություն»:

«Կարելի էր այնպես անել, որ «Մարտի մեկով» մեղադրվող մարդիկ չհասցնեին հեռանալ Հայաստանից»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այնքան վատն է եղել ժամանակին, որ այսօրվա դրական փոփոխությունների ֆոնին վատը շեշտելը այնքան էլ տեղին չէ:

«Պետք է արվեն քայլեր, որ այսօրվա Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության մասով բոլորովին նման չլինի երեկվա Հայաստանին»,-նշեց իրավապաշտպանը:

Նա կարծում է, որ «Մարտի մեկի» գործով նախաքննությունը պետք է սկսվեր ներքևի օղակներից, ոչ թե միանգամից վերևներից: «Բայց ում նկատմամբ էլ նախաքննություն իրականանա, պետք է հարգվեն մարդու իրավունքները և օրենքները, որ ապագա մեղադրյալները կամ որևէ մեկը իր իրավունքների խախտումից բողոքելու ռեալ հիմքեր չունենա»,-շեշտեց նա:

Մյուս կողմից նա նորմալ է համարում գործով ներգրավված մեղադրյալների հայտարարությունները ու գնահատականները քրգործի մասով: «Ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարդ պաշտպանվելու իրավունք ունի՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած Սեյրան Օհանյանով և մնացած բոլոր մարդկանցով, ովքեր որևէ կերպ ներգրավված են եղել Մարտի մեկի գործում: Էդ մարդիկ կարող են բերել փաստարկներ և հակափաստարկներ և ցանկացած պաշտպանական գիծ ընտրել»:

Այն առթիվ, որ ՀՀ նախկին ՊՆ Միքայել Հարությունյանին Ռուսաստանը չի արտահանձնում, նաև Ռուսաստանում է գործող մեղադրյալ, «Մարտի մեկի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, Վարդան ՀԱրությունյանն ասաց. «Դե, Ռուսաստանը հայտնի է որպես երկիր, որն այդ կարգի մարդկանց ապաստան է տալիս: Յանուկովիչն է ՌԴ-ում, Ուկրանիայի կողմից հետապնդվող բազմաթիվ մարդիկ: Երևի կարելի էր այնպես անել, որ էդ մարդիկ չհասցնեին հեռանալ, բայց իրավիճակը սա է հիմա: Կարելի է հաշիվ ներկայացնել, թե ինչու այդպես եղավ: Նրանք այնտեղ են ու նրանց ռուսները չեն տալու, գոնե Միքայել Հարությունյանին»:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here