Երբեմն հասարակությունը մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին նույնացնում է իր վստահորդի հետ, արդյունքում՝ հալածման է ենթարկվում պաշտպանը, և վերջինիս նկատմամբ կիրառվում է տարբեր տեսակի բռնություն:
Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով։ Բազմաթիվ են փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող, նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանությունները սոցիալական ցանցերում, ինչն այդքանով չի սահմանափակվում:
Օրերս, գեներալ Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրրտչյանը դարձավ նմանօրինակ դեպքի «զոհը»: Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը թքել էր, ապա անհայտ ծագումով հեղուկ էր լցրել վերջինիս մեքենայի վրա:
Կատարվածի վերաբերյալ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, որի շրջանակներում Արսեն Մկրտչյանը բացատրություն է տվել:
«Այստեղ միայն փաստաբանի գործունեությանը խոչնդոտելու հատկանիշներ չեմ տեսնում, տեսնում եմ ընդհանուր բնույթի հոդվածների հատկանիշներ, մասնավորապես, բացահայտ ավարտված խուլիգանության հատկանիշներ, որոնք որ իրենց մեջ ավելի խիստ սանկցիաներ են պարունակում ազատազրկման հետ կապված պատիժների տեսքով՝ այն արարքների համար որոնք շատերին թվում էր թե քրեական օրենսգրքով կարգավորված չեն»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը, հավելելով՝ ակնկալում է ողջամտություն որոշ անձանց կողմից ովքեր, որ կարծում էին թե, բավարար է, որ մեղադրյալը կամ ամբաստանյալը լինի նախկին իշխանությունների հետ այսպես կամ այնպես ասոցացված անձ, որպեսզի թույլատրելի լիներ նրա իրավունքի պաշտպանության ոտնահարումը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում ձևավորել են նախաձեռնող խումբ, արդյունքում նախատեսվել էր դիմել իրավապահ մարմիններին՝ փաստաբանների մասնագիտական գործունեության իրականացման խոչընդոտները վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Ինչպես նաև դիմել Նիկոլ Փաշինյանին, որպես գործադիր մարմնի ղեկավարի՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության որոշ անդամների կողմից ոչ իրավաչափ միջամտության, այդ թվում՝ նախաձեռնել մասնագիտական գործունեության առնչությամբ փաստաբանին վիրավորելու, նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու արարքները քրեականացնելու գործընթաց:
Նախատեսված գրությունը վարչապետին դեռ տեղ չհասած, երկրի վարչապետն իրեն հատուկ ձևով՝ ուղիղ կապով արդեն խոսել է դրա մասին և հստակ ասել, որ դա թեև կատարվում է այն անձանց կողմից ովքեր, որ իրենց ներկայացնում են նոր իշխանությունների, վարչապետի կողմնակիցներ, սակայն այսպես թե այնպես հակաօրինական քայլեր են կատարում, որն անթույլատրելի է.
«Ինքը իր բացասական վերաբերմունքը հայտնեց, որ այլևս ճանապարհներ փակելը և այդ ակցիանները՝ օրինազանցությունները ըստ էության դեմ են ոչ թե կոնկրետ անձի, այլ արդեն լեգիտիմ, օրինական ընտրված իշխանոությանը»,-իր տեսակետը հայտնեց Արսեն Մկրտչյանը, հավելելով, որ ընդհանուր առմամբ գոհ է վարչապետի արձագանքով:
Փաստաբանի կարծիքով՝ իր «թքել են ոչ թե իմ մեքենայի վրա, այլ՝ Հայաստանի արդարադատության վրա» արտահայտության գաղափարին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը նշելով՝ անթույլատրելի է նման դրսևորումները, փաստաբանին հետապնդելը և նույնականացնելը վստահորդդի հետ.
«Արդարադատության վրա ճնշում գործադրելու նպատակով ճանապարհ փակելը, փաստաբաններ գործունեությանը խոչնդոտելը, խուլիգանույթան դրսևորումներ իրականացնելը այն հոդվածներն են, որ անկալում եմ՝ քրեաիրավական գնահատական կտրվի այն վարույթով, որը որ ներկա պահին արդեն իսկ հարուցված է»,-ասաց Արսեն Մկրտչյանը:
«Երբ որ վերցնում ես դու լարված գործ, դու պետք կանխատեսես նման վերաբերմունք»,-Forrights-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը, մանրամասնելով, որ այլ հարց է, որ իշխանությունների կողմից պետք է հստակ բացատրվի մարդկանց, որ հարգելիս կալանքը կալանք է և դա չի նշանակում, որ անձը մեղավոր է:
Գևորգ Գյոզալյանի կարծիքով՝ եթե մարդկանց համար դատական համակարգը ավելի հեղինակավոր լինի՝ շատ ավելի հեշտ կլինի, և եթե դատարանը չի կիրառում կալանք, բնականաբար հիմքեր չկան կիրառման և չի կարելի գնալ ինչ որ ակցիաներ իրականացնել.
«Այստեղ իշխանությունները շատ մեծ գործ ունեն անելու՝ մարդկանց կրթելու, մշակույթ փոխելու խնդիր ունենք»,-ասաց նա:
Նշենք նաև, որ նախօերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոխոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչպես նաև սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:
«Սա աբսուրդ է»,-նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց Գևորգ Գյոզալյանը, հավելելով, թե ո՞վ է ասում, որ փաստաբանին պետք է առանձնացնել բժիշկներից մանկավարժներից և մնացած մասնագիտական խմբերից:
«Քրեական հետապնդում իրականացնելու արդյունքում ունենում ենք անհանդուրժողների ու բռի չոբանների հասարակություն, որտեղ ամեն ինչ ուժով է: Երբ որ դու անձին տանում ես քրեակատարողական հիմարկ այնտեղ նա չի փոխվում, արդյունքում՝ ունենում ես ոչ թե ավելի լավ մարդ, այլ՝ ավելի ձևախեղված մարդ, այսինքն՝ տանել մարդուն քրեակատարողական հիմնարկ որտեղ մարդը խայտառակ հոգեբանությամբ է դուրս գալիս և ակնկալել, որ հասարակությունը լավն է լինելու՝ չի կարելի»,- ասաց նա, մանրամասնելով, որ եթե նախատեսում են մարդուն տանել քրեակատարողական հիմարկ, ապա այդ հիմնարկը պետք է այնքան բարեփոխված լինի, որ գոնե այդ քրեակատարողական հիմնարկից նորմալ մարդ ստանաս, այլ ոչ թե ևս մեկ «խեղաթյուրված:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: