Շուրջ երկու ամիս ծնկի վիրահատության համար պայքարող զինվոր Վիրաբ Ավագյանին երեկ դուրս են գրել Մուրացանի հոսպիտալից: Մենիսկի վնասվածքով զինվորին դուրս են գրել առանց վիրահատություն անելու: Հոսպիտալի բժիշկներն այդպես էլ վիրահատության կարիք չեն տեսել: Մինչդեռ զինվորի ոտքի ցավերը, ինչպես պնդում է հայրը, ով կրկին եկել էր Forrights.am-ի խմբագրություն, չեն անցել. Երկու ամսվա դեղորայքային բուժումը արդյունք չի տվել: Այժմ Վիրաբն այդ վիճակով պետք է վերադառնա զինծառայության Մեղրու Ագարակի զորամաս:

Անցյալ տարվա զորակոչի ժամանակ Վիրաբին տարկետում էր տրվել հիվանդ ոտքի պատճառով, սակայն հետո առանց զորակոչիկին բուժելու ՊՆ-ն վերցրել, նրան բանակ էր տարել:

Զորամասում Վիրաբի ոտքն այտուցվել էր ու նրան ամռանը ուղարկել էին հոսպիտալ, սակայն կրկին չէին վիրահատել: Վիրաբի ծնկում հավաքված ջուրը դեղերով չորացնելուց հետո կրկին ուղարկել էին ծառայության՝ նույն կարգավիճակով:

«Ես պնդում եմ, որ տղաս ի վիճակի չի ծառայել: Ցավերը նույն ձևով կա, ոչ մի բան էլ չի փոխվել: Տղաս չի կարող էս ոտքով ծառայել անգամ սահմանափակ ծառայությամբ, էնտեղ ամբողջ օրը ոտքի վրա է»,-ասաց հայրը՝ հավելով, որ ի տարբերություն հոսպիտալի բժիշկների՝ քաղաքացիական հիվանդանոցների բժիշկները վիրահատության կարիք տեսնում են:

«Որ բժիշկի մոտ որ տարել եմ, իրանք էլ են պնդում, որ տղաս վիրահատության կարիք ունի: Վերջերս տարել եմ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բժիշկ Ալիխանյանի մոտ, ով եզրակացություն է տվել, որ Վիրաբը վիրահատության կարիք ունի, բայց հոսպիտալում հակառակն են պնդում: Ես չեմ թողնի իմ երեխեն գնա զորամաս, մինչև նորմալ բուժում չստանա: Ես ուզում եմ, որ վիրահատությունն անեն, առողջ գնա ծառայության»,-ասաց հայրը: Ի դեպ՝ հոսպիտալում զինվորի ծնողին ասել են, թե եթե այդ հիվանդանոցից թուղթ բերի, իրենք կուղարկեն Վիրաբին էնտեղ վիրահատության:

«Չեմ կարող ասել՝ ինչու են էդպես անում»,-ասաց զինվորի հայրը՝ պնդելով, որ պատրաստվում է շարունակել իր բողոքը. «Չեմ թողնի տանեն, մինչև բուժումը չստանա»:

Մեղրու Ագարակի զորամասում ծնկահոդի խնդրով ու կաղալով ծառայող 19-ամյա երևանցի Վիրաբ Ավագյանի մասին մեր հոդվածը, որին կցված էր տեսանյութը, բավական աղմուկ էր հանել: Անգամ ՀՀ քննչական կոմիտեն քրգործի նյութեր էր նախապատրաստել մեր հոդվածի առթիվ: Գործով ցուցմունք էին տվել Վիրաբն ու նրա հայրը: Սակայն որոշվել էր քրեական գործ չհարուցել ու բժիշկներն էլ որոշել էին մինչև վերջ պնդել իրենց դիրքորշումը:

Նշենք, որ զինվորի հայրը՝ Հայկ Ավագյանը Forrights.am-ի խմբագրություն էր եկել տղայի բժշկական փաստաթղթերը ու զինվորական երդման արարողության տեսանյութը ձեռքին: Տեսանյութում, որը կցված էր մեր հոդվածին, պարզ երևում էր, թե ինչպես է զինվորը հրամանատարության ներկայությամբ կաղալով մոտենում հարթակին ու զինվորական երդում ընդունում:

Մեզ հետ զրույցում զինվորը դժգոհել էր, որ մենիսկի վնասվածք ունի, կիստաներ ծնկում, սակայն զորամասում դա հաշվի չեն առնում, շարք են կանգնեցում՝ վազելու, բայց ինքը չի վազում: Ասել էր նաև, որ վիրահատության կարիք ունի, ինչի մասին են վկայում որոշ քաղաքացիական հիվանդանոցների բժիշկների եզրակացությունները, սակայն հոսպիտալում պնդել էին, որ ինքը վիրահատության կարիք չունի: Թե ինչու է ծունկը ցավում ու ծնկի մեջ ջուր հավաքվում, հոսպիտալի բժիշկները պատասխան չէին տվել:

Մեր հոդվածից հետո Վիրաբին ուղարկել են նոր հետազոտությունների: Ինչպես և զինվորի հայրը պահանջել էր՝ Վիրաբին ուղեգիր են տվել քաղաքացիական հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» կենտրոնում վիրահատվելու համար, սակայն Մուրացանի հոսպիտալը ուղեգրի հետ հետազոտությունների արդյունքները չի ուղարկել, որ այդ կենտրոնում հասկանան՝ ինչ խնդիր ունի հիվանդը: Իսկ կրկնակի հետազոտություն պետպատվերով, թերևս, անհնար է եղել: Արդյունքում, վիրահատություն չի եղել:

ՊՆ աշխատակազմի ղեկավարը մեր հարցմանն ի պատասխան գրել է, որ Վիրաբ Ավագյանի մոտ ախտորոշել է «ձախ ծնկահոդի առաջնային եղջյուրի մենիսցալ կիստա», պրոֆեսոր Չարչյանը նշանակել է կոնսերվատիվ հակաբորբոքային բուժում, որի ոչ բավարար արդյունքի դեպքում ցուցվել է կատարել ձախ ծնկահոդի արթրոսկոպիա:  

«Բուժումներից հետո երեխային ոչ ստուգել են, ոչ էլ: Եթե էդ պրոֆեսորը ասել է, որ բուժումներից հետո կորոշվի, էդ պրոֆեսորը իմ երեխային բուժումներից հետո իմ երեխային չի ստուգել»,-դժգոհեց ծնողը՝ հավելելով, որ արդեն չգիտի՝ ում դիմի, բայց շարունակելու է իր պայքարը, որ տղան առողջ վերառանա ծառայության:

Հ.Գ. Երբ մեր հոդվածն արդեն պատրաստ էր, տեղեկացանք, որ զինվորին հոսպիտալից դուրս գրելուց հետո հոսպիտալի տնօրենն առաջարկել է նրան ստուգման տանել Նորք Մարաշում գտնվող օրթոպեդիկ հիվանադանոց: Ընդ որում, հոստպիտալում Վիրաբին բուժող բժիշկը ուղեկցել է զինվորին ու ստուգումից հետո անձամբ առանձնազրույց ունեցել տնօրենի հետ: Արդյունքում Նորք Մարաշում հաստատել են Մուրացանի հոսպիտալի ցուցումը, որ վիրահատության կարիք չունի Վիրաբը:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest