ՊՊԾ գունդը գրավելուց հետո ազատության մեջ հայտնված Կարեն Հակոբյանի և Վահե Պետրոսյանի գտնվելու վայրն անհայտ է

0
453

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս տարի առաջին անգամ կայացավ «Սասնա Ծռեր 2» քրեական գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում դատարանը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին ներգրավվեց գործի վարույթում որպես Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ այսօր դատարանում պետք է շարունակվեր ՊՊԾ գունդը գրավելուց հետո ազատության մեջ հայտնված մեղադրյալներից երկուսի` Կարեն Հակոբյանի և Վահե Պետրոսյանի հարցաքննությունը, սակայն նրանց գտնվելու վայրն այս պահին անհայտ է․ վերջիններս չէին ներկայացել դատական նիստին: Կարեն Հակոբյանի մասին տեզղեկություն չուներ նաև նրա մասով գործին ներգրավված հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը։

Դատարանը նշեց, որ ապացույցների հաջորդականությամբ պայմանավորված, քրեական գործն այս պահին չի կարող շարունակվել։ Նիստը մեկ շաբաթով հետաձգվեց։ Մեսրոոպ Մակյանը հավելեց, որ դատարանը կփորձի հաջորդ նիստին ապահովել մեղադրյալներ Հակոբյանի և Պետրոսյանի ներկայությունը։

«Բացի դրանից, «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ համաներման ակտի կիրառման վերաբերյալ դեռևս կան տուժողներ, որոնք դիրքորոշում չեն արտահայտել, ուստի հայտնում եմ, որ դատարանը գրություն կուղարկի տուժողներին` պարզելու նրանց կարծիքը»,- իր խոսքում նշեց դատավոր Մակյանը։

Հավելենք, որ այս պահին «Սասնա Ծռեր 2» գործով 10 ամբաստանյալներից ազատության մեջ են գտնվում 8-ը։ Նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, ստորագրությամբ և անձնական երաշավորությամբ։ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը շարունակում են գտնվել անազատության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here