«Միքայել Հարությունյանին ՌԴ-ից չարտահանձնելը չի ազդի Քոչարյանի մեղադրանքի վրա»

0
221

ՀՔԾ-ին ուղարկած պաշտոնական գրությամբ ՌԴ-ն հրաժարվել է արտահանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանին, որն այժմ մարտի 1-ի գործով մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, տեղեկացնելով, որ նա ՌԴ քաղաքացի է: Հիշեցնենք, որ Հարությունյանը Մարտի մեկի գործով հիմնական մեղադրյալներից է, քանի որ այդ օրերին լինելով ՀՀ պաշտպանության նախարար՝ հենց նա է ստորագրել 0038 հրամանը, որով էլ բանակը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ ու որոշ ստորաբաժանումներ բերվել են Երևան:

Մարտի մեկի գործով նախիկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ Հարությունյանի բացակայությունը որքան էլ բացասական է, գործի քննության լուրջ խոչընդոտ չի կարող հանդիսանալ ու չի ազդի որևէ մեկի մեղադրանքի որոշման վրա:

«Ռոբերտ Քոչարյան- Միքայել Հարությունյան կապը Սահմանադրության դրույթներով ամրագրված է և չի կարող միայն բանավոր փաստարկմամբ հիմնավորվել կամ հերքվել: Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ Միքայլ Հարությունյանի չգալը քրգործի վրա շատ որոշիչ դեր չի ունենա, սակայն պատասխանատվության խնդիրների, Քոչարյանի շահարկումների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները շատ ավելի սպառիչ լինելու առումով շատ կարևորում եմ նրան բերման ենթարկելը Հայաստան»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կանգնել է օրենսդրական դժվարության առաջ, քանի որ Հարությունյանը մասնակցել է Մարտի մեկի գործընթացներին, բանակցություններին, ձևավորված շտաբի քննարկումներին: «Այդ տեսանկյունից գուցե ցանկալի է, որ գա, բայց էնպես չի, որ միայն իր ցուցմունքներն են դրա մասին վկայում»,-նշեց Սաֆարյանը:

Ռուսատանում Հարությունյանին դատելը Սաֆարյանը հավանական չի համարում: «Հիմա էլ կարող են քննչական հանձնարարություն տալ և այդ հանձնարարությամբ որոշակի հարցերի պատասխան ստանալ, բայց արդյո՞ք դա մեղադրյալի համար բավարար է, իհարկե ոչ: Մեղադրյալը պետք է գա և անմիջական գործողությունների մասնակցի, կատարվեն առերեսումներ իր դեմ ցուցմունք տվողների հետ: Այս անձանց պետք է իրար հանդիպելու հնարավորություն ընձեռնել»,-շեշտեց Սաֆարյանը:

Սաֆարյանը հիշեցրեց, որ, ըստ էության, փաստահավաք խմբի հարցերին ի պատասխան Միքայել Հարությունյանը ժամանակին հայտարարել է, որ հանրապետության նախագահը տեղյակ է եղել իրենց «միջոցառումների» կատարմանը: Ու այդ տեսագրությունը պահպանված է: «Նաև չի կարող երկրում նման բան կատարվել և գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինի դրանից: Քոչարյանի պարագայում կշահարկեն, որ իր դեմ ցուցմունք տվող անձ չկա կամ եթե կա, ապա էստեղ չի, բայց Միքայել Հարությունյանը ժամանակին արդեն խոսել է»:

Պատասխանելով հարցին, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե տեղյակ չէ 0038 հրամանից, փաստահավաք խմբի անդամն ասաց. «Հո Քոչարյանի մեղադրանքը բացառապես չի կառուցվել այդ հրամանի հիմքով: Մենք ունենք փաստացի վիճակ, զորքի փաստացի մասնակցություն: Հո միայն փաստաթուղթը չի առանցքային նշանակություն ունենում անձի մեղադրանքի հիմքում, բուն գործողություննը, բուն կատարման փաստը»:  

Սեդա Սաֆարյանը համոզված է, որ եթե անգամ այդ հրամանը գործից հանվի, դրանից Քոչարյանի պատասխանատվությունը չի պակասի: «Մենք ունենք իրավիճակ, որ ազատ զորքերի տեղաշարժ է եղել, ռազմամթերքի տեղաշարժ է եղել: Գործընթացներ են եղել ու անտեղյակությումբ հնարավոր չէ արդարանալ: Բա ինչո՞ւ հենց հաջորդ օրը այդ նույն անձանց պատասխանատվության հարց չի դրել ինքը»,-հարց ուղղեց փաստաբանը՝ շարունակելով. «Այսօր կարող են շատ բան շահարկել: Կան այդ օրերի բազմաթիվ բողոք- դիմումներ հենց Քոչարյանին ուղղված, որոնք որևէ ընթացք չեն ունեցել: Արտակարգ դրությունը իրականում ռազմական դրության պես մի բան է եղել, որը ռեպրեսիոն բովանդակություն է ունեցել»:

«Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին չհանձնելը կասկածները մեծացնում է ռուսական հետքի առկայության մասին». իրավապաշտպան

ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը ե՞րբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խիստ կարևոր համարեց Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղքացիությունը հիմնավորող փաստաթղթերը:

«Որովհետև Հարությունյանը վաղուց է եղել Հայաստանում, ՀՀ ԶՈՒ կազմավորման սկզբից: Եվ շատ կարևոր հարց է, թե ինքը ՀՀ քաղաքացիություն ստացել է Խորհրդայի՞ն միության փլուզումից հետո, թե՞ ոչ»,-ասաց Սաքունցը՝ շարունակելով. «Շատ կարևոր է ՀՀ ոստիկանության պարզաբանումը: Եթե այո, ապա դա կհանդիսանա Հարությունյանի բազային քաղաքացիությունը: Եթե նա ՀՀ քաղաքացի է, և հետո է ստացել ՌԴ քաղաքացիություն, հարց է, թե ինչպես է ստացել, որովհետև ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից հրաժարվելու համար դիմում են ՀՀ նախագահին»:

Այսինքն, ըստ Սաքունցի, պետք ՀՀ նախագահի հրաման լինի Միքայել Հարությունյանի՝ ՀՀ քաղաքացի չլինելու մասին: Այդ դեպքում միայն նրա ՌԴ քաղաքացիության ձեռքբերումը կլինի օրինական:   

Նշենք, որ Հարությունյանը 1994-2007թթ. եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, 2007 ապրիլից 2008թ. ապրիլը՝ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետեւ մինչեւ 2018թ.` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել դեռ 2002 թվականից: Եթե այդպես է, ապա նա ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել օրենքի խախտմամբ:  

Սաքունցի խոսքով՝ եթե շնորհ են արել Միքայել Հարությունյանին ու տվել են ՌԴ քաղաքացու անձնագիր, դա դեռ չի նշանակում, որ նա ստացել է ՌԴ քաղաքացիություն, որովհետև նրա բազային քաղաքացիությունը ՀՀ քաղաքացիությունն է, եթե չի դադարեցվել նրա ՀՀ քաղաքացիությունը:

«Սա շատ կարևոր հանգամանք է: Եթե Միքայել Հարությունյանը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի, ապա ՌԴ-ի պատասխանը օրինական որևէ հիմք չունի և ՌԴ-ն խախտում է ՀՀ օրենսդրությունը»,-նշեց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Ավելին՝ ընտրողական մոտեցում է ցուցաբերում, ըստ հանցագործությունների տեսակների, որովհետև զինծառայությունից խուսափելու հիմքով ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող 18 տարեկան տղաներին վերադարձնում է, իսկ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին չի վերադարձնում՝ հղում կատարելով ՌԴ քաղաքացիությանը»:

Եթե տեղեկությունը հաստատվի, ըստ իրավապաշտպանի, ակնհայտ կլինի, որ «կա քաղաքական նպատակահարմարություն՝ Միքայել Հարությունյանին չվերադարձնելու»:

«Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին չհանձնելը կասկածները մեծացնում է ռուսական հետքի առկայության մասին»,-եզրափակեց իրավապաշտպանը: 

Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, անդրադառնալով ՌԴ իշխանության որոշմանը, շեշտեց, թե պատահական չէ, որ Մարտի մեկին առնչվողներն այսօր փախել ու նստել են Մոսկվայում:

«Կարծում եմ՝ Մարտի մեկն այնքան էլ պատահական բան չէ: Եթե այստեղի իշխանությունը վստահ չլիներ, որ կմարսեր Մարտի մեկը Ռուսաստանի նման հզոր երկրի կողմից, Մարտի մեկը նման ծավալ չէր ընդունի: Հավանաբար նաև նրանց դաբրոն ունեցել են, որ «Մարտի մեկ» են կազմակերպել», -նշեց Սաֆարյանը:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here