Դատախազությունը չի բացառում՝ հնարավոր է Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի

0
624

«Ես չեմ բացառում, որ Մանվել Գրիգորյանի  մեղադրանքը կարող է լրացվել, քանի որ քրեական գործը բազմադրվագ է և մեծ քանակությամբ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում, նշանակվում են բազմաթիվ փորձաքննություններ: Որ դրվագի հետ կապված ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը կլրացվի հենց այդ ուղղությամբ»,- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման համար բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դատախազը նշեց, որ ստացել են դատական ակտը և համաձայն չեն դատարանի որոշման հետ, ուստի պատրաստվում են բողոքարկել այն հենց այսօր։ Բողոքի քննությունն ավելի արագ կազմակերպելու համար, նախատեսված հնգօրյա ժամկետից ավելի վաղ՝ մեկօրյա ժամկետում են ներկայացնում Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը։

«Օրեսդրության համաձայն՝ վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից հետո 3 օրվա ընթացքում։ Ստացվում է, որ օրը ստանա նյութերը, դրանից 3 օրվա ընթացքում կնշանակի նիստ, ինչի ընթացքում կստուգվի Առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը»,- ասաց նա և հավելեց՝ բողոքը ներկայացնող դատախազներն այս անգամ կմասնակցեն նիստին։

Դատախազությունը կարծում է, որ առկա են այն հիմքերը, որ ԵԿՄ նախկին ղեկավարը, ազատության մեջ մնալով, հնարավոր է պատշաճ վարքագիծը չցուցաբերի և խոչընդոտի նախաքննական ընթացքին։ Ապա անդրադառնալով պաշտպանական կողմի այն դիտարկմանը, որ Գրիգորյանն ունի շաքարային դիաբետ և քաղցկեղ, որոնք համատեղելի չեն խափանման միջոց կալանքի հետ, Դավթյանը նշեց․

«Դատախազությունը գտնում է, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որոնք անհամատեղելի լինեն կալանքի հետ: Այդ առիթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննության, որի եզրակացությունը դեռևս չենք ստացել»։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, պատասխանելով Դատախազության նմանօրինակ պնդումներին, շեշտեց՝ դատախազությունը ծանոթ չէ դատական ակտին և նման հայտարարություններ է անում, քանի որ Փաշինյանն անակնկալի է եկել դատարանի որոշումից․

«Այս խոսքերի տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական, և վերացական դատողություններով խաղում են մարդկաց ճակատագրերի հետ։ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատարանը կայացրել է համարձակ, իրավաչաչ և հեղնակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին՝ Եվրոպական  դատարանում «կարմրելուց»»,- նշեց փաստաբան Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգմավոր, ԵԿՄ նախագահ, գեներալՄանվել Գրիգորյանին։ Հենց այդ օրվանից էլ մեկնարկել են բողոքի ակցիաներ ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։ Ցուցարարները պահանջում են անհապաղ կալանավորել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016թ․ Քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here