Պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության պատկերը քննչական կոմիտեի համար պարզ է: Նախաքննությունն ավարտվել է, առանց Ադիբեկյանների բողոքին անդրադառնալու, առանց համոզիչ պատասխաններ տալու նրանց փաստաբանի հարցերին, առանց դատախազության պատշաճ հսկողության: Իրական մարդասպանը պարտակվել է: Քննիչները տգեղ խաղ են խաղացել սպանված զինվորի պատվի հետ:
Ըստ քննիչների, սպանված զինվորը ինքն է մեղավոր, որ իրեն սպանել են: Քննիչները փորձել են հիմնավորել, որ նա 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ը մարտական դիրքերում «պարբերաբար ստորացրել է համածառայող Կ. Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկել ֆիզիկական և հոգեկան բռնությունների, ծաղրուծանակի, կատարել է այլ հակաբարոյական գործողություններ»: Կ. Խաչատրյանին նախ, մեղադրեցին իր ծառայակից ընկերոջը՝ Նարեկ Ադիբեկյանին սպանելու համար /Քր. Օր-ի 104-րդ հոդված, մաս առաջին/:
Հետագայում 104 հոդվածը փոխվեց՝ 105-րդի 1-ին մասի՝ «տուժողի գործադրած բռնության վիճակում կատարած սպանություն»: Նկատենք, որ քննչական կոմիտեն բացահայտ հրապարակում է «հակաբարոյական գործողությունների» զոհի անձնական տվյալները, առանց մտահոգվելու, որ սրանով վնասելու է գյուղական վայրում բնակվող երիտասարդի հետագա ճակատագրին: չի բացառվում, որ այնտեղ էլ, բանակայինների օրինակով ոգևորված համագյուղացիները նրա համար «քաղցր կյանք» ապահովեն: Սպանված զինվորի վրա, ինչպես ասում են, կախել են բոլոր 7 մահացու մեղքերը: Հանգուցյալին մեղադրանք են առաջադրել 4 հոդվածներով՝ 359-րդ՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը…», 139-րդ՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները», 182-րդ՝ «Շորթում», 360-րդ՝ «Զինծառայողին վիրավորանք հասցնելը»:
Զինդատախազության քննիչները գրում են Կ.Խաչատրյանի մասին. «Վերջինիս մոտ առաջացել է նշված իրադրություններից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության զգայություն, անբարենպաստ հոգեֆիզիոլոգիական վիճակ, որոնք կրել են հուզական հակազդումների պայթյունակ բնույթ», — ասված է տարածված հաղորդման մեջ:
Վերջին «հակաբարոյական գործողությունները» սպանվածը կատարել է դեկտեմբերի 11-ին 12-ի կողմերը: «Իսկ ժամը 19:30-ի սահմաններում դիտակետ սուրճ չբերելու պատճառով վերջինիս ծնողի հասցեին հնչեցրած հայհոյանքից՝ ծանր վիրավորանքից, Կ. Խաչատրյանը հայտնվել է սթրեսի, ֆրուստրացիայի, հոգեկան խիստ լարված, ֆիզիկական և հոգեբանական գերլարված և հյուծված վիճակում, որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, այսինքն՝ հայտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի, վիճակում, և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խրամաբջջում, լիցքավորել է իրեն հատկացված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և արձակել մենահատ կրակոցներ, որի հետևանքով Ն.Ադիբեկյանը գլխի ու մարմնի տարբեր մասերում ստացել է հրազենային գնդակային վնասվածքներ և տեղում մահացել»:
Ահա քննիչների նկարագրած պատկերը, որի միակ վկան հակաբարոյական գործողությունների զոհ Կ. Խաչատրյանն է: Ողջ գործը կառուցված է նրա ցուցմունքների վրա, որի մոտ, նույն քննիչների բնորոշմամբ, «հայտնաբերվել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն»:
Ռազմաբժշկական հանձնաժողովը ենթադրյալ մարդասպանին բանակ ճամփելիս, փաստաթղթերում գրել էր, «անմեղսունակ»: Իսկ համագյուղացիներից մեկը, նրան բնորոշելիս, ասաց. «Եթե կողքով անցնելուց սիլլեին, գլուխն էլ չէր թեքի, որ պատասխաներ»:
Պատկերացնել կարելի է, թե ինչ հեշտությամբ են ցուցմունքներ ստացել այս միակ վկայից, որի մարմնին փորձագետները իրոք, բռնությունների բազմաթիվ հետքեր են հայտնաբերել: Կ․Խաչատրյանի ափերի մեջ, իրոք, այրվածքների հետքեր են եղել, վնասվածքներ բերանի, այտերի, քթի, ամորձիների և հետույքի շրջանում, ուղիղ աղու արյունազեղումներ և պատռվածքներ, աղիքի ներթափանցումների հետքեր: Սակայն չկա ոչ մի ապացույց, որ բռնությունները տղայի մարմնի վրա կատարել է Նարեկ Ադիբեկյանը: Նույն հակաբարոյական գործողությունները կարող էին մյուսներն էլ կատարել:
Կ. Խաչատրյանի համագյուղացիները ամռանը, երբ այցելել էինք գյուղ, մեզ պատմել էին, որ նրա երկու ափերի մեջ այրվածքներ են եղել: «էդ տղային ամբողջ զորամասով ճնշելիս են եղել: Նրան նստեցրել են մեջտեղները, ձեռքերը պարզած, երկու կողմից զինվորները ծխել են, մոխիրը թափ են տվել ափերի մեջ», — հայտնեց մեզ երիտասարդի հարևաններից մեկը:
Հայտնի է, որ հայկական բանակում, ինչպես բերդում, եթե մեկը թուլություն է ցույց տվել, ապա թիրախ է դառնում բոլորի համար: Իսկ համոզիչ ապացույց առ այն, որ բռնություններն իրականացրել է հենց Նարեկ Ադիբեկյանը, գործի նյութերում, բացի Կ.Խ-ի ցուցմուքններից, չկա: Ադիբեկյանի իրավահաջորդի փաստաբան Հայարփի Սարգսյանը վստահ է, որ քննիչներն ամբողջությամբ խեղաթյուրել են հանցագործության իրական պատկերը, որ երու զինծառայողներն էլ պետք է արդարացվեն: “Կ․Խաչատրյանը մասնակցություն չունի Նարեկ Ադիբեկյանի սպանության հարցում, իսկ Նարեկը՝ Խաչատրյանի խոշտանգման հարցում», — ասում է նա:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը մանրամասն հետաքննություն է իրականացրել այս գործով: Չկրկնվելով, ի մի բերենք մեր բացահայտած փաստերը, որոնք հակասում են քննիչների վարկածին: Ըստ Կ. Խաչատրյանի ցուցմունքի, նա 16 մենահատ կրակոց է արձակել Նարեկի ուղղությամբ: Դեպքի վայրից գտել են ընդամենը 6 պարկուճ: Մնացածը քննիչները պարտակել են: Դեպքի վայրում կրակել է ոչ միայն Կ. Խաչատրյանը, այլ նաև այլոք, որոնք կրակել են առնվազն 4 և ավելի զենքերից, այսինքն, փոխհրաձգություն է տեղի ունեցել առնվազն 4 անձանց մասնակցությամբ: Գտնվել են պարկուճներ, որոնք չեն համապատասխանում Խաչատրյանի զենքին:
Քննիչները մշուշոտ բացատրություն են տվել Ադիբեկյանի պաշտպաններին, թե այդտեղ մի երկու օր առաջ ավագ լեյտենանտ Սասուն Վարդանյանը կրակել է իր շան վրա: Ի դեպ, խոսքը մարտական հերթապահության վայրի մասին է, որտեղ կրակ բացելը խիստ կանոնակարգված է: Խծուծներ զինվորիերից և մատնահետքեր չեն վերցվել, հայտնաբերելու համար, թե ովքեր են եղել դեպքի վայրում: Սպանված Նարեկ Ադիբեկյանի կողային մասերում ու ճակատին կան մահից առաջ հասցված վնասվածքներ, պատառոտված է նրա հագուստը: Այս մասով քննություն չի կատարվել:
Քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանն է վեր հանել այս թերությունները: Նա նաև նկատել է, որ կեղծված է դեպքի վայրը: Նարեկ Ադիբեկյանի հագուստին ու գետնին արյան քսված հետքեր են հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նրա մարմինը քարշ են տվել գետնով: Այլ կերպ ասած՝ սպանել են տղային այլ վայրում: Նրա արյան մեջ հայտնաբերվել էթիլային սպիրտ, ում հետ, ինչ առիթով է խմել, չեն պարզել: Դիտակետ գնալուց առաջ Կ. Խաչատրյանին 120 փամփուշտ են տվել, որոնցից 32 անհետացել է: 8 փամփուշտ պակասել է Նարեկի փամփուշտատուփից: Որտեղ են դրանք, չեն պարզել: Նրաց զենքերը փորձաքննության չեն ենթարկվել:
Այս ամենի վերաբերյալ փաստաբան Հայարփի Սարգսյանը դեռ
նոյեմբերին բողոք էր ուղարկել զինդատախազություն, հայտնելով թերի կատարված քննության մասին: Սակայն առանց բողոքին պատասխանելու, ազդարարվեց նախաքննության ավարտը: «Խայտառակ քննություն էր իրականացվել, թերի: Իմ բողոքի հետ կապված ինձ պետք է պատասխան գար: Զինդատախազը իմ բողոքն ուղարկել էր քննչական խմբին, և մինչև այն չքննեն, չեն կարող մեղադրանք հաստատել», — ասում է փաստաբանը:
Նա և սպանված զինվորի հարազատները հույս ունեն, որ զինդատախազությունը կսթափվի, չի հաստատի այս փնթի ու ուղորդված քննության արդյունքում առաջադրված կեղծ մեղադրանքները: Փաստաբանը նաև քննչական կոմիտեի այլ սխալ է նշում. «ՔԿ-ն օգտագործում է «հակաբարոյական» արարքներ արտահայտությունը: Այն պետք է հոդվածներով խոսի, ոչ թե դատավարությունից դուրս տերմիններ օգտագործի: Կարծում եմ, իրենք շտապեցին: Հանրության մոտ ուզում էին կարծիք ձևավորել, որ բազմակողմանի քննություն են կատարել», — համոզված է փաստաբանը:
Նարեկ Ադիբեկյանի օրինակը հայրենասիրության բացառիկ դրսևորում է։ Նարեկի ընտանիքը երկար տարիներ Ռուսաստանում է ապրել։ Ռուսական բանակում մեկ տարի ծառայելուց հետո նա չի թաքնվել հայ իրավապահներից։ Հայկական բանակից և զորակոչի հրաման ստանալով, անմիջապես հայրենիք է վերադարձել, ծնողներին ասել, որ չի ուզում իրեն բանակից ազատեն։ Նրան ծառայության են ուղարկել Արցախի Եղնիկներ անունով հայտնի զորամաս․
Նարեկ Ադիբեկյանը մարտական պատրաստականության և պատրաստվածության, բարձր ցուցանիշների բարեխիղճ և օրինակելի ծառայության համար պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: