6 երեխաների մայր Նունե Հակոբյանը միակ տղային՝ Հրանտ Մանգասարյանին մեկ տարի առաջ կորցրել է բանակում. 2017-ի նոյեմբերի 4-ին Հրանտը մահացել է ականի պայթյունից Մարտակերտի զորամասի պահեստում՝ իր մարմնով փակելով հակատանկային ականը:
Հրամանատարության հանցավոր անփութության պատճառով ականը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքերի մեջ՝ դառնալով նրա մահվան պատճառը և վիրավորելով երկու զինծառայողի:
Ժամկետային զինծառայող Հրանտը դիպուկահար է եղել Արցախի Մարտակերտի զորամասում: Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է առաջնագծում ու պատվոգիր է ստացել: Պատերազմի սարսափներն անցնելով՝ Հրանտը մահացել է իր զորամասում՝ հրամանատարության անփութության արդյունքում:
Հրանտը տան միակ տղամարդն էր. հայրը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան՝ աշխատելու ու այլևս չի վերադարձել՝ փաստացի թողնելով ընտանիքը: Մայրը՝ Նունե Հակոբյանը ամիսներ շարունակ չի կարողանում հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ իր խնդիրը նրան ներկայացնելու համար:
«Ինձ չեն ընդունում, ոչ մի պատասխան չեն տալիս, ղեկավարները ինձ պետք է ընդունեն, որ էս հարցի պատասխանը տան, բայց ոչ պարոն Փաշինյանն ա ինձ ընդունում, ոչ պաշտպանության նախարարը»,-ստրնեղեց ծնողը:
Հրանտին հետմահու պարգևատրել են «հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրության և խիզախության համար», սակայն «Զինծառայողների աջակցության հիմնադրամից» ընտանիքին փոխհատուցում չեն տալիս՝ առանց հստակ պատճառաբանություն տալու: Նշենք, որ այդ հիմնադրամից սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին 58 մլն դրամ փոխհատուցում է տրվում. 10 մլն-ն միանվագ, մնացածը՝ տարիների ընթացքում:
«Ես գիտեմ, որ տղայիս հետմահու պարգևատրման փաստաթղթի հիմքով «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամը» ինձ պետք է հատկացնեն փոխհատուցում, սակայն արդեն յոթ ամիս է՝ փորձում եմ հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, չեմ կարողանում: Ինքը ոչ մեկին չի ընդունում»,-դժգոհեց զինվորի ծնողը:
Տիկին Նունեն նաև ասաց, որ տղան տան միակ կերակրողն է եղել, անգամ մատուցող է աշխատել՝ իրեն օգնելու համար: Ընտանիքը տուն չունի, վարձով են ապրում: «Իմ տղան միակ տղաս էր: Ինքը ամբողջ ընտանիքը պահող տղա է եղել: Տան միակ ծուխն էր: Ինքն իր կյանքով կարողացել է ամբողջ պահեստը փրկի պայթյունից, բայց նրա սխրանքը չի գնահատվում»,-ասաց դառնացած ծնողը՝ հավելելով. «Էն փաստը, որ իմ տղան իր մարմնով փակել է զենքը, չի թողել, որ պահեստը տրաքի ու մարդիկ զոհվեն, իր անձն ա նվիրել էս ամեն ինչին, բայց պետությունը հաշվի չի առնում: Չէ որ դա ոչ թե տղայիս, այլն ղեկավարության անփութության պատճառով է եղել: Հենց դրա համար պետք է փոխհատուցեին այդ հիմնադրամից»:
Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տիկին Նունեն առձեռն նամակ է տվել Նիկոլ Փաշինյանին: Դրանից մեկ շաբաթ անց կառավարությունից զանգել են, ներկայացել են որպես փոխվարչապետ Արարատ Միրզոյան ու խոստացել, որ 15 աշխատանքաիյն օրվա ընթացքում Փաշինյանի միջնորդությամբ պաշտպանության նախարարը կընդունի իրեն, սակայն հետո կառավարությունից ասել են, որ այդ համարով Միրզոյանը չէր կարող զանգել ու հարցը դրանով փակվել է:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ. Հրանտի քառասունքից հետո ծնողը դիմել է այն ժամանակվա պաշտտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, և միայն իր դիմումից հետո Վիգեն Սարգսյանն իրեն ընդունել է, ու արդյունքում իրենք ստացել են 2 մլն դրամ միանվագ օգնությունը, որը տրվում է զոհված զինծառայողների ընտանիքներին և որդու գերեզմանի գումարը, սակայն «Զինծառայողների աջակցության հիմնադրամից» փոխհատուցման հարցը չի լուծվել:
Տիկին Նունեի պաշտպան Հայարփի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ականի պայթյունի քրգործը դեռ նախաքննության փուլում է և որոշ հանգամանքներ դեռ պարզված չեն: «Փորձագետը հստակ եզրակցություն չի տալիս, որ Հրանտը մարմնով փակել է ականը, բայց փաստն այն է, որ միայն Հրանտն է պայթել այդ հակատանկային ականի պայթունից: Ճիշտ է՝ նրա կողքը գտնվող երկու անձ վիրավորվել են, բայց մահացու վիրավորում հենց ինքն է ստացել գլխի շրջանում: Դա խոսում է այն մասին, որ կարող էր Հրանտ Մանգասարյանը իր մարմնով փակել այդ ականը, որ էլ ավելի մեծ վնասներ չլինեին»,-ասաց փաստաբանը:
Պաշտպանը կարծում է, որ Հրանտին փոխհատուցում պետք է տրվի «Զինծառայողների աջակցության հիմնադրամից», քանի որ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար պատվոգիրը Հրանտին տրվել է նրա մահից հետո և համապատասխան օրենսդրական կարգավորում կա նման դեպքերի համար:
«Եվ դա ևս խոսում է այն մասին, որ նրա մահը անմիջական կապ ունի հայրենիքի սահմանները պաշտպանելու հետ: Չնայած դեպքը պահեստում է եղել, բայց էլ ավելի մեծ վնասներ կարող էին լինել, եթե Հրանտ Մանգասարյանն այդ ականը չփակեր: Դա ևս կարելի է համերել հայրենիքի սահմանների պաշտպանություն»,-շեշեց պաշտպանը՝ հավելելով, որ եթե պայթյունը պահեստում էր, չի նշանակում, որ նրա կատարած արարքը սխրանք չէ:
«ՊՆ-ում շատ լավ գիտակցում են, որ էլ ավելի մեծ, էական վնասներ կարող էին լինել, եթե նա այդ արարքը չկատարեր: Ես կարծում եմ, որ Հրանտ Մանգասարյանին պետք է տրվի փոխհատուցում հիմնադրամից, որովհետև եթե նա իր մարմնով չփակեր ականը, ավելի էական վնասներ կլինեին»,-եզրափակեց պաշտպանը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո դրանք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։
Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը՝ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում։
Վերջինս, պարտավոր լինելով ՌԿԳ-3 հակատանկային կումուլյատիվ նռնակները պահել փակ արկղերում և բացառել զորամասի ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքների իրականացումը, 2017 թվականի նոյեմբերի 4-ին նշված նռնակները ՀՀՍ ծառայության պահեստում բերել է ոչ մարտական վիճակի, դասավորել արկղերում։
Գ.Հյուսնունցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով: Քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:
Forrights.am-ը ՀՀ ՊՆ-ին և «Զինծառայողների աջակցության հիմնադրամին» գրավոր հարցում է ուղարկել՝ հետարքրքվելով, թե ինչու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շուրջ յոթ ամիս հրաժարվում է ընդունել ականի պայթյունից մահացած զինվոր Հրանտ Մանգասարյանի մորը՝ Նունե Հակոբյանին: Նաև ինչու ծնողին փոխհատուցում չի տրվում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից»:
Դիտեք մեր զրույցը Հրանտ Մանգասարյանի մոր հետ:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: