Բանակի թեման՝ շահարկումների առարկա է, իսկ զինվորների կյանքում ոչինչ չի փոխվում

0
690

Բանակն ու բանակային ծառայությունը այս ընտրարշավի ընթացքում հաճախ արծարծվող թեմա է: Ոչ մի օր չի անցնում առանց բանակի մասին խոսակցության: Երեկ էլ, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ բացատրում էր, որ չի կարելի իր որդուն, որն ինքնակամ գնացել է Արցախ՝ ծառայության, համեմատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների հետ, որոնք, ծառայել են Երևանում:

«Ես ասել եմ, որ ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂՀ-ում: Ասում են` էժան շահարկումներ են, Ռոբերտ Քոչարյանի որդիներն էլ են ծառայել: Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռ. Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ: Եվ հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռ. Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում: Ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզել, գնացել է պետության բենզինի, ավտոյի հաշվին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի որդու բարի ծառայությանը ոչ ոք չի կասկածում: Սպասվում էր, որ նրա, որպես վարչապետի, առաջին գործերից կլինի զորամասերում կարգ ու կանոն մտցնելը, բանակային ստորաբաժանուների ներքին կյանքը, ծառայությունը գոնե կանխատեսելի դարձնելը: Այս իմաստով եթե փոփոխություն եղել է, ապա նախընտրական շրջանում, գոնե քարոզարշավի ժամանակ պետք է ներկայացվեր հանրությանը, ինչը չի արվում:

Քննադատում են բոլորը բոլորին, բանակի թեման լիուլի շահարկվում է, և ոչ մի քննադատություն առանց հակազդման չի անցնում:

Ապրիլի 19-ին, երբ Սերժ Սարգսյանը դեռ հրաժարական չէր տվել, Փաշինյանը անդրադառնում էր զինվորների հագուստի, կենցաղի հարցերին: Երբ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե հանրահավաքները կարող են ազդել բանակի մարտունակության վրա, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նրան. «Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա-տրուսիկ առնի: ՀՀ բանակի զինվորները անմայկա և անտրուսիկ են, ահա թե ինչն է սպառնում բանակի մարտունակությանը»:

Իշխանափոխությունից հետո նոր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց հանրությանը, որ մայկա-տրուսիկի հարցը լուծված է, նոր ներքնաշորեր են գնել բանակի համար: Այն ժամանակ, հեղափոխության առաջին ամսում թվում էր, թե իրավիճակը բանակում շատ արագ կարգի են բերելու, զինվորների մայկա-տրուսիկի հարցից հետո այլ թեմաների կանցնեն, օրական մեկ քայլ առաջ կգնանք, կվերանան քրեածին բարքերը հայկական երկու բանակներում, բայց փոփոխությունները, եթե անգամ եղել են, տեսանելի չեն:

«Բանակը քսան տարի թալանած սերմնացու գողացող մկներ, — դիմում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն իր հանրապետական հակառակորդներին, — Դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսել: Դուք, որ մեր զինվորին նույնիսկ մայկա-տրուսիկով չեք կարողացել ապահովել: Էս հանրապետականներին պետք է բոլորին բռնել և ստիպել, որ նրանք մի շաբաթ ուտեն էն, ինչ որ դրվում է մեր զինվորների սեղանին, մեր դիրքերում ծառայող զինվորներին պետք է մի շաբաթ կերցնել դա ու ասել, ձեններդ կտրեք, ծպտուն չհանեք բանակի մասին»։

Հանրապետականները հակադարձեցին։ «Երբ առաջին գծից գեներալներին կանչում են ՀՔԾ ու ինչ-որ սպասեցնում են ժամերով, դա ուղղված է բանակի դեմ, դրա նպատակն է բանակը բերել այն վիաճակին, ինչ վիճակում այսօր ոստիկանությունն է գտնվում։ Իսկ այս դասալիքների կառավարությունը դա չի կարող հասկանալ, բանակի թուլացումը կատարվում է ուղղակի վարչապետի հրահանգով», — պատասխանեց «հանրապետականի» երրորդ համարը՝ նախկին ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ նա չի վաստակել բանակի մասին խոսելու իրավունքը, քանի որ չի ծառայել, և նույնիսկ Մարգարիտ Եսայանն իր պարտքը համարեց մտնել վեճի մեջ, նկատելով․ «Զինվորի ճաշի մեջ ի՞նչն է ավելացրել Նիկոլ Փաշինյանը`իր վարչապետության վեց ամիսների ընթացքում, բացի դատարկ խոսելուց եւ ամպագորգոռ ելույթներից»։

Զինվորների ծնողների համար, որոնց հետ Forrights.am-ը զրուցել է, «Փի Ար» բանավեճից ավելի արդիական է բանակի այսօրվա վիճակը։ Նրանք նշում են, որ հիմա էլ բանակի մատակարարման և հատկապես «մայկա-տրուսիկի» հարցը լուծված չի, տանից գուլպա և ներքնաշորեր ուղարկում բանակ:

Պատմում է բանակայիններից մեկը, ով կարճատև արձակուրդ էր եկել տուն, Երևան. «Տաքսու վարորդը ինձ ոգևորված ասեց՝ ապեր, լավ ա, չ՞է, «վլաստը» փոխվել ա, «սալդատին» լավ են նայում, չ՞է, էլ տանից բան չես տանի: Ասեցի՝ չէ, էլի ամեն ինչ տնեցիներն են ուղարկում: Զարմացավ»:

Մեր մյուս զրուցակիցը երկու որդի է տվել հայկական բանակին՝ մեծ որդուն 2011 թվականին Վարդենիս է ուղարկել, փոքրին՝ 2018 թվականին ճանապարհել է Արցախի Ասկերանի շրջան: «Իմ ծախսերը չեն փոխվել: Ես նույն գումարն եմ ծախսել թե առաջինի, թե երկրորդի վրա: Դեռ կասեի՝ երկրորդի վրա ավելի շատ, քանի որ Ղարաբաղի բանակում զինվոր պահելը ավելի թանկ է: Այստեղից Ղարաբաղ ուղարկելը 3000 դրամ արժե: Պետք է այդքան վճարես երթուղայինների վարորդներին, որ տանեն, տեղ հասցնեն:

Բայց ոչ բոլոր զորամասերի երեխաները կարող են օգտվել դրանից: Օրինակ, Ջեբրայիլ ծառայողները չեն կարող հասնել, դա վերցնել: Իսկ շորեր-մորերը նույնն է: Նույն քանակությամբ ուղարկում ես, ընդ որում, նույն քանակության էլ ուղարկում էինք «ուչեբկա», որը անցնում էր Հայաստանում, Երևանին մոտ զորամասերից մեկում: Ահռելի գումար է տանում հեռախոսների լիցքավորումը:

«Ղ- տելեկոմը» ուղղակի թալանում է բանակայինների ծնողներին, այնպիսի տարիֆներ են սահմանված: Եթե «Վիվա»-ն, կամ «Բի-լայնը» մենք Հայաստանում լիցքավորում ենք 1000-1500 դրամով ու կարողանում ենք մի ամիս խոսել, ապա այնտեղ այդ 1000 դրամը սպառվում է 1 շաբաթում»:

Որքան էլ զարմանալի է, Նիկոլ Փաշինյանի համար սա նորություն չէ․ «Ես ինքս գոհ չեմ, ուտելիքից, քանի անգամ գնացել եմ դիրքեր, խնդրել եմ բերեն ուտելիքը, ես փորձել եմ, սարսափելի է, մենք այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվուն ենք և պետք է զբացվենք»։

Ինչպե՞ս է զբաղվում, և հատկապես, զբաղվել իր պաշտոնավարման 7 ամիսներին։ Ընտրողներն այդ մասին պատկերացում չունեն։ Մինչդեռ տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը վերադառնար նախընտրական քարոզչության դասական սխեմային՝ ցուցադրեր կատարած կարևոր աշխատանքներն ու իր նվաճումները, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց քարոզչությունը կառուցէին իշխանությանը հակադրելու, քննադատելու, նրա թերությունները բացահայտելու հիմքով:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here