Ցմահ դատապարտյալն ահազանգում է.դատարանը փոխել է պատժի կրման ռեժիմը, սակայն ՔԿՎ-ն չի կատարում այն

0
1760

Դատարանն ապօրինի է ճանաչում Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը և փոխում ցմահականի պատժի կրման ռեժիմը

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը շուրջ 23 տարի է ինչ ճաղերից այն կողմ է։ Դեռ օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նրա գործով աննախադեպ որոշում էր կայացվել։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի էր ճանաչել Տեղաբաշխման հանձնաժողովի այն որոշումը, որով մերժվել էր փոխել Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը՝ փակից դարձնելով կիսափակ:

Դատարանը պարտավորեցրել էր Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները և պատժի կրման ռեժիմը փակից դարձնել կիսափակ։

Կիսափակ ռեժիմն իրենից ենթադրում է 2 «առավելություն»։ Մասնավորապես, կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված մեկուսացված խցում, բացի դրանից, նա կարող է ցերեկը 3 ժամ տեղաշարժվել քրեակատարողական հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։

Նշենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա մայիսին մերժել էր Մկրտչյանին տեղափոխել պատժի կրման կիսափակ ռեժիմ՝ հիմնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացրած բնութագրի վրա: Մերժման համար հիմք են ծառայել հիմնականում 3 գործոններ:

Քրեակատարողական հիմնարկը նշել է, թե Արթուր Մկրտչյանի հետ ուղղման աշխատանքները դեռ շարունակվում են: Բացասական երկրորդ հատկանիշը ազատազրկման 23 տարիների ընթացքում 9 անգամ տույժի ենթարկված լինելն է: Ընդ որում, բոլոր տույժերը մարվել են: Նկատենք, որ Մկրտչյանը 9 տույժերի գերակշիռ մասն ստացել է ոչ թե վարքագծով պայմանավորված, այլ՝ հեռախոս պահելով;

«Ստացվում է, որ ինձ պատժում են հարազատներիս հետ կապ պաշտպանելու համար»,-դատարանում հայտարարել էր Արթուրը: Երրորդ գործոնը Մկրտչյանի՝ չմարված 10 000 դոլար քաղհայց ունենալն է:

3 ամիս անց էլ դատապարտյալը չի կարոանում օգտվել կիսափակ ռեժիմի «արտոնություններից»

Այսօր, դատարանի որոշումից 3 ամիս անց, Արթուր Մկրտչյանը շարունակում է իր պատիժը կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Ըստ Արթուրի հարազատների ահազանգի, վերջինս նախատեսված չէ կիսափակ ռեժիմի համար։ Դատապարտյալին դեռ շաբաթներ առաջ պետք է տեղափոխեին կիսափակ ռեժիմի համար նախատեսված «Արմավիր» ՔԿՀ:

«Տեղաբաշխման հանձնաժողովի փոխնախագահը որոշման հրապարակման օրը դատարանում էր գտնվում։ Իր դիրքորոշման մեջ նա նշում էր, որ կիսափակ ռեժիմն ավելի լայն հնարավորություններ կբացի իմ առաջ։ Սակայն, դատարանի որոշման հրապարակումից հետո, հանձնաժողովը, առանց որևէ պատճառաբանության, որոշեց, որ պետք է շարունակեմ պատիժս կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ ՔԿՀ-ն ապահոված չէ կիսաբաց ռեժիմի «առանձնահատկություններով»։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե հանձնաժողովը չպետք է թույլ տար իմ տեղափոխումը, ապա էլ ինչու դատարանում չբողոքարկեց»,- Forrights-ին Արթուրի դիրքորոշումը փոխանցեց նրա մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը։

Շուրջ 3 օր Forrights-ն Արդարադատության նախարարությունից և Քրեակատարողական վարչությունից փորձում էր խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալ։ Այսօր նախարարությունից հայտնեցին, որ գրեթե 2 ամիս է դատապարտյալի պատժի կրման ռեմինը փոխվել է կիսափակի, իսկ վարչությունն էլ հավելեց՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն համապատասխանում է կիսափակ ռեժիմի կրման պայմաններին։

«Կիսափակ ռեժիմի անցումն իրենից էական փոփոխություններ չի ենթադրում։ Հնարավոր է, որ անգամ դատապարտյալը չզգա տարբերությունը։ Նույն խցային պայմաններ է, գրեթե նույն կարգավիճակը։ Ուղղակի, հիմա մոտ մի 2 ժամ հնարավոր է անցկացնել խցից դուրս՝ նախատեսված տարածքում։ Դե հիմա մի օր 10 րոպե ավել, մի օր 10 րոպե պակաս մնալն իրենից չի ենթադրում, որ Արթուր Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը չի փոխվել»,- Forrights-ի հետ զրույցում ասացին Քրեակատարողական վարչությունից։

Ցմահ դատապարտյալ Մկրտչյանն էլ կտրուկ հերքում է նախարարության և վարչության հայտարարությունները։ Նա շեշտում է, որ իր պատժի կրման ռեժիմի փոփոխությունն արձանագրվել է միայն թղթի կտորի վրա, քանի որ իր բանտային կենցաղում ոչինչ չի փոխվել:

«Ստում են, ակնհայտ ստում են իրենք։ Ոչ մի փոփոխություն չի եղել, ամիսներ առաջվա և այժմյան իմ պայմաններն անփոփոխ են, քանի որ «Նուբարաշեն»-ը նախատեսված չի կիսափակ ռեժիմի համար։ Ֆորմալ առումով ռեժիմս փոխել են ու անցել մի կողմ»,- հավելեց Մկրտչյանը։

Հավելենք նաև, որ դեռ 2 տարի առաջ դատարանը մերժել էր նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Արթուրին։

19 տարի անց ի հայտ եկած նոր հանգամանքները «բավարար հիմք» չհանդիսացան դատարանի համար

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտյանին 1996թ-ին մեղադրել էին հինգ ծառայակիցների սպանության մեջ՝ մեկ վկաի իրարամերժ ցուցմունքների և Արթուրի ինքնախոստովանական ցուցմունքը հիման վրա, որը նա տվել էր խոշտանգումների և բռնությունների արդյունքում։ Բռնությունների էր ենթարկվել ոչ միայն Արթուրը, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբայրը, բացի դրանից քրեական գործ էր հարուցվել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ:

Դատարանում Արթուրը պատմել էր, որ դեպքի օրը՝ Կոթիի զորամասի դիրքերում, ինքը եկել էր ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենայով։ Եղել է զենքի առևտուր, ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չէր համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա փորձում է պատասխանատվությունից խուսափել: Միայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հաստատել էր Արթուրի ցուցմունքը՝ պնդելով և հայտնելով օպերատիվ տվյալներ․

«Այո՛, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը»,- նշել էր Ջահանգիրյանը։

Արթուրի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը նոր երևան եկած հանգամանքների հիմքով դեռ 3 տարի առաջ վիճարկեց այս գործը, սակայն թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ դատարաններն այն բավարար հիմք չհամարեցին 19 տարվա վաղեմության գործը վերաբացելու համար:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here