Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը որոշել է պատժել իրեն փաստաբանական գրասենյակի միջոցով ձեռնարկատիրության և շահերի բախում առաջացնելու մեջ մեղադրած փաստաբան Երվանդ Վարոսյանին:
«Ես դիմելու եմ դատարան: Տեսնենք՝ ով առաջինը կդիմի: Ես սա անում եմ մի նպատակով. դատարանը չի կարող անկախ ու պրոֆեսիոնալ լինել, եթե դատարանի հետ շփվող և դատարանի հետ աշխատող մյուս դերակատարները՝ փաստաբանները, դատախազները, փորձագետները չապահովեն իրենց մասնագիտական և բարոյական որակների ամենաբարձր մակարդակը»,-Forrights.am-ի հարցին ի պատասխան փաստաբանի դեմ հայցը մեկնաբանեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննսիյանը՝ հավելելով, որ սրտացավ է փաստաբանական գործունեության համար, քանի որ ինքն էլ նախկին փաստաբան է:
Փաստաբան Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԲԴԽ-ում ներկայացված կենսագրականից, վրիպել է հանգամանքը, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականին հիմնադրել է «Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը, որը 2018 թվականի ապրիլից վերանվանվել է «ՀԱՊ» ՍՊ ընկերություն:
«Ստացվում է մի իրավիճակ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամին պատկանող, փաստաբանական գործունեությամբ զբաղվող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում ներկայացուցչություն է իրականացնում: Այդ ընկերության մասնակցությամբ վեճեր են լուծում դատավորներ, ում նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների դադարեցման գործառույթ ունի այդ ընկերության սեփականատերը որպես
Բարձրագույն դատական խորհրդի անդամ»,-գրել է փաստաբանը՝ հարց ուղղելով. «Արդյո՞ք նկարագրված իրավիճակը չի համապատասխանում կոռուպցիոն այն դրսևորումներին, որոնց դեմ պայքարի մասին մշտապես ճառեր ենք ունկնդրում տարբեր բարձր ամբիոններից»:
«Տվյալ դեպքում փաստաբանը ակնհայտ սուտ է խոսել և զրպարտել է»,-հայտարարեց ԲԴԽ անդամը՝ շարունակելով. «Հա, ունեցել եմ էդ փաստաբանական ընկերությունը, դա ոչ մեկից չեմ թաքցրել, 2018թ. մարտի 28-ից տվել եմ հավատարմագրային կառավարման, այնուհետև՝ ս.թ. սեպտեմբերի 20-ին վաճառել եմ, դրա մեջ որևէ հակաօրինական բան չեմ տեսել: Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը ստանձնելու պահից՝ ս.թ. ապրիլի 9-ից, ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվել»:
ԲԴԽ անդամը նաև հայտարարեց, որ ինքը դատարանների վրա ազդելու լծակ չունի և այս հայցի դեպքում էլ չի ազդի. «Դատարանների վրա ազդելու ոչ մի լծակ չունեմ, չեմ ազդել: Ի՞նչ պիտի ես անեմ, ես իմ լիազորություններն եմ անում, որտեղ ես դատարանների վրա ազդելու լծակ չունեմ: Ես որևէ անօրինական բան չեմ արել և ձևական առումով ձևեր չեմ թափել»:
Ուստի նա դատարանում պահանջելու է «հերքել զրպարտությունն» ու վճարել փոխհատուցում: Նաև դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով:
«Ինքը ոչ մի կոպեկ չի կարող ստանալ ինձանից, որովհետև ինձ զրպարտության մեջ չի կարող մեղադրել էն պարզ պատճառով, որ ինքն իր հրապարակածով իսկ իմ հրապարակած փաստերը հաստատել է»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Վարոսյանը՝ մասնավորեցնելով. «Որ էդ ընկերությունը եղել է իրենը, որ այն հանձնել է հավատարմագրային կառավարման: Ես նշել եմ, որ եթե դա լիներ ձկնաբուծարան, կարելի էր ներկայացնել, որ հանձնել է կառավարման, բայց միևնույն է՝ եկամուտը սեփականատերն է ստանում: Իսկ եթե խոսքը գնում է փաստաբանական գրասենյակի մասին, որն առավոտից երեկո գործ ունի դատարանների հետ, որոնց հարցերը լուծում է ԲԴԽ-ն, ես ասում եմ՝ էստեղ ակնհայտ շահերի բախում կա: Իսկ ինքը դա չի նկատում»:
Ըստ փաստաբանի՝ պետռեգիստրում փաստաբանական ընկերությունը ԲԴԽ անդամի անունով է, չնայած ասում է՝ ամիսներ առաջ վաճառել է: «Եթե նորմալ էր, սեպտեբերին ինչի՞ է վաճառել, կամ եթե նորմալ չէր, ինչու է չորս ամիս ստացել դրա եկամուտը»,-հարց ուղղեց փաստաբանը՝ կրկնելով, որ արդադատությունը խիստ վտանգաված է եղել, եթե ԲԴԽ անդամը փաստաբանական գրասենյակի ղեկավար է կամ եկամուտ ունի դրանից:
Երվանդ Վարոսյանն իր հերթին է պատրաստվում դատի տալ ԲԴԽ անդամին՝ իրեն վիրավորելու համար. «Որոշում եմ կայացրել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ` «փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության համար» արտահայտության հետ կապված քաղաքացիական հայց ներկայացնել դատարան»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով.
«Անհամբեր կակնկալեմ Հայկ Հովհաննիսյանին դատարանում տեսնել խոշորացույցը ձեռքին իմ որեւէ գրառման, որեւէ խոսքի մեջ գեթ մեկ սուտ կամ զրպարտություն պարունակող արտահայտություն դատարանին ներկայացնելիս ու հիմնավորելիս: Կարծում եմ առավել քան որեւէ մեկը, ԲԴԽ անդամը պետք է պատասխանատվություն զգա իր արտահայտած խոսքի, իր կատարած գործողության համար»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը այս առթիվ գրել է. «Արդյոք Հայատանում կա մի ողջամիտ մարդ, ով սրտանց կհավատա, որ օրինակ մեր դեպուտատ օլիգարխները իրականում իրենց գույքը և բիզնեսները հանձնել են ինչ-որ մեկին կառավարման և իրենք դրա ընթացքից տեղյակ չեն կամ չեն վերահսկում: Բնականաբար՝ ոչ: Նույնը նաև ԲԴԽ անդամ Հովհաննիսյանի դեպքում է՝ ոչ ոք չի հավատա, որ ինքն իր բիզնեսը՝ փաստաբանական գրասենյակը, թողել է և ապրում է ապավինելով հավատարմագրային կառավարչի հմտություններին և ԲԴԽ անդամի աշխատավարձին»:
Ըստ Աթանեսյանի՝ քանի որ Երվանդ Վարոսյանը «միանշանակ ճիշտ է իր եզրահանգումներում», ԲԴԽ անդամը «ջղագրգիռ շարժումների է դիմում՝ մի դեպքում իր մտերիմ ընկերոջը խնդրելով հերթական կարգապահական տույժը տալ ԵրվանդՎարոսյանին, մյուս կողմից՝ իր անդամակցած հիմնարկի կողմից փաստացի վերահսկվող մի դատավորից խնդրելու է, որ Երվանդից փող «պոկի» ու տա իրեն՝ որպես զրպարտության փոխհատուցում»:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: