«Հայաստանի հանրապետությունում խախտվեց միավորումների եւ հավաքների ազատության իրավունքը։ Իշխանությունը չկատարեց իր պարտավորությունը ապահովելու խաղաղ, առանց զենքի, ատելության, թշնամանքի որևէ կոչ չանող մարդկանց՝ քրիստոնյա ԼԳԲՏ հավաքի անվտանգ եւ ապահով անցկացումը»։
Արթուր Սաքունցի այս հայտարարությունը ԼԳԲՏ ֆորումի չեղարկվելու վերաբերյալ առաջացրել էր հասարակության մի մասի դժգոհությունը։ Քննարկումների ժամանակ եւ սոցիալական ցանցերում լայնորեն կիրառվում է ատելության քարոզ եւ խտրականության դրսեւորում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցին ավելի շատ անհանգստացնում է իշխանության լռությունը, քան աղմուկ բարձրացնելը։
«Մենք ունեցել ենք նման դրսեւորումներ հատկապես նախորդ իշխանությունների օրոք: Մենք համոզված էինք, որ դրանք ոչ միայն ուղղորդվում էին, այլ նաեւ աջակցություն էին ստանում: Իշխանությունը փոխվել է, մենք գիտենք, որ չի հովանավորում, բայց միեւնույն ժամանակ ձեռնպահ է մնում սպառնալիքի, ատելության հոսքի, թշնամանքի, ընդհանրապես նման վերաբերմունք արտահայտողների նկատմամբ»,- ասում է իրավապաշտպանը:
Նրա խոսքերով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոչ պոպուլյար խմբեր կան։ Եւ եղել են մարդիկ, որոնք ունեցել են այդ խմբերի հանդեպ ծայրաաստիճան վատ վերաբերմունք, թշնամանք:
«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները պետք է սկզբունքայնություն ցույց տան եւ այդ խմբերին։ Այդ վատ վերաբերմունքը հասարակության մեջ պայմանավորված է տարրական կրթության բացակայությամբ եւ իշխանության կողմից պատշաճ իրազեկում չապահովվելով, պետք հասկացնել, որ մարդիկ կարող են ունենալ ամենատարբեր հատտկանիշներ, սակայն դա չի կարող բերել նրան, որ ատելություն ձեւավորվի։ Պետք է հասկացնել, որ մարդու իրավունքները համընդհանուր է, անքակտելի է եւ անօտարելի է ցանկացած մարդուց։ Ես կարծում եմ՝ իշխանությունը հասկացավ, որ այս բնագավառում անելիք ունի», — ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրան նաեւ մտահոգել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը, թե անվտանգությունից ելնելով նպատակահարմար չեն համարում նման ֆորումի անցկացումը։ Հատկապես հաշվի առնելով հարեւան Վրաստանում օրեր առաջ միջադեպի գրանցումը՝ չբացառելով, որ նման միջադեպ կարող է նաեւ Հայաստանում լինել։
«Նա հրապարակային հրաժարվեց իր պարտականությունների կատարումից, որով փաստեց՝ ոստիկանությունը չի կարող ապահովել մարդկանց անվտանգությունը ՀՀ-ում: Դա ճիշտն ասած խոստովանություն էր սեփական պաշտոնից հրաժարումի։ Իր կարողությունները չի համապատասխանում իր պաշտոնին»,- ավելացնում է Արթուր Սաքունցը։
Խտրականության դրսեւորման եւ ատելության քարոզի դատապարտման կոչով հայտարարություն է տարածել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն։ «Անթույլատրելի է իրավապաշտպանի նկատմամբ որևէ ճնշման կամ դրա փորձի կիրառումը, առավել ևս, եթե այն պայմանավորված է նրա գործունեությամբ»,- գրված է հայտարարության մեջ։
Իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը նշում է՝ իրավապաշտպանները դրսեւորել են բացառիկ, միակ ճիշտ դիրքորոշումը․
«Իրավապաշտպանը չի կարող առաջնորդվել մի խումբ անձանց պաշտպանելով՝ անտեսելով այլ անձանց իրավունքները․ եթե կա օրենք, իրավունք, ապա դա վերաբերում է բոլորին։ Իրավապաշտպանները միանշանակ միակ ճիշտ ճանապարհն են ընտրել՝ իրենց դիրքորոշումը հայտնելու։ Փաստ արձանագրեցինք, որ իրավապաշտպաննրի նկատմամբ սկսեց շատ լուրջ ատելության, հոսք, տարափ, որը բացի զգացմունքային տարրերից՝ ոչինչ չուներ»։
Նա նշում է, որ մեր հասարակությունը կարիք ունի հանդուրժողականության։ Ուստի պետք է հանդուժող լինել ցանկացած խմբի նկատմամբ՝ դրանք կլինեն կրոնական, ռասսայական, թե քաղաքական։
«Բոլոր ժամանակներում մարդիկ պետք է հասկանան, անգամ եթե ողջ հասարակությունը իրենց մերժելու է իրենց իրավունքների համար պայքարող մարդիկ պետք է լինեն։ Իրավապաշտպանի անկաշկանդ լինելը, բոլորի կարծիքից կախված չլինելը իրականում շատ կարեւոր է եւ երաշխիքն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետագայում հետապնդումից, խոշտանգումներից, իրավունքի խախտումներից ապահովագրված լինելուն»,- ավելացնում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։
Նրա համար հասկանալի չէ նաեւ իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանի տղայի՝ Հայկ Բարսեղյանի հայտարարության հետ կապված քննարկումները։ Հիշեցնենք, որ «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանն ուղիղ եթերում անդրադարձել է Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարներին և նրանց քննադատողներին։
«Եթե թշնամին սահմանին կրակում է ձեզ վրա, խնդրեմ՝ դուք էլ կրակեք ու սպանեք, բայց մի ատեք»,-ասել է Հայկ Բարսեղյանը։ Նա միաժամանակ նշել է, որ ցանկացած մարդ իրավունք ունի ընկերություն անել նրա հետ, ում հետ ցանկանում է։ «Ես ուզում եմ ադրբեջանցիների հետ նորմալ ընկերություն անել, գնալ իրենց տուն, հաց ուտել ու նորմալ շփվել նրանց հետ և կուզեմ, որ ադրբեջանցին էլ իմ տուն գա։ Ուզում եմ ազգերն իրար լինեն ընկեր, ոչ թե թշնամի»,- ասել էր Հայկ Բարսեղյանը ։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ Հայաստանում տարիներ շարունակ եղել է ատելության քարոզ, քանի որ գտնվում ենք լարված, պատերազմական իրավիճակում։
«Բայց ես ավելի քան վստահ եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը, մայրերը չեն ցանկանում ուղարկել բանակ իրենց զավակներին եւ հետ ստանալ դիակներ, ինչպես հայ մայրերը։ Վստահ եմ, որ ժողովուրդներից որեւէ մեկը չի շահում պատերազմի արդյունքում։ Պատերազմը եւ ատելությունը անհրաժեշտ են բռնապետերին իրենց ժողովուրդներին մանիպուլյացիայի ենթարկելու եւ իշխանությունը պահելու համար»,- ասաց Նինա Կարապետյանցը։ Նա միանում է այն մարդկանց, ովքեր հակաատելության քարոզ են անում։
«SOS» հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը նկատում է՝ մեր հասարակությունը տալիս ադեկվատ ռեակցիա թշնամու գործողություներին, ուղղակի մարդ այնքան պետք է կարողանա բարձր լինի, որ չկորցնի այդ ամենը, որ չտրվի այդ հետեւանքներին․ «Մենք պետք է տարբերվենք իրենցից, որ լինենք շատ ավելի ուժեղ։ Հարիֆ չլինենք, մեջքով չդառնանք թշնամուն, այլ լինենք ուժեղ դեմքով կանգնած։ Բայց հաղթենք մեր թշնամուն ռոբոտի նման, առանց ատելության, առանց զզվելու։ Զինվորական կարգ է, պետք չէ խառնել ատելության ֆունկցիան ուժեղ լինելու հետ»,- ասում է նա։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ հասարակությունում կա խավ, որոնք հանդուժող չեն։ Նա հիշեցնում է՝ ադրբեջանցիներին ուղերձով հանդես եկավ նաեւ առաջին տիկին Աննա Հակոբյանը, սակայն այդպիսի արձագանք չեղավ:
Հայկ Բարսեղյանի հայտարարությունից հետո էլ բազմաթիվ հրապարակումներ եղան, վարկաբեկող արտահայտություններ հնչեցին նաեւ նրա հոր՝ Գյումրու «Ժուռնալիստների ակումբ»-ի նախագահ Լեւոն Բարսեղյանի հասցեին։ Հիշել էին, որ Գյումրիում նախատեսված ադրբեջանական ֆիլմերի փառատոնի համար տարածքն է տրամադրել «Ասպարեզ» ակումբը:
«Հայրս շատ ազատ մարդ է, եւ խոսքի ազատության կողմնակից է։ Երբ գրասենյակում ադրբեջանական ֆիլմեր ցուցադրեցին, նրան վերագրեցին, որպես ազգի դավաճան։ Խնդիրն այն էր, որ նա ազատված է ուղեղի կապանքներից։ Երկրորդ բանն այն է, որ մարդկանց սովորեցրել են մի բառ, որ կոչվում է գրանտակեր։ Նրանց առիթ էր պետք, որ օգտագործեն մարդկանց թույլ եւ բաց վերքերը՝ փորձելով ինչ-որ ձեւ արժեզրկել»,- ասաց Հայկ Բարսեղյանը։
Թե՛ Հայկ Բարսեղյանը, եւ թե՛ Արթուր Սաքունցը պատրաստվում են իրավական ճանապարհով պայքարել իրենց բարի համբավը վերականգնելու համար։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: