Քիչ առաջ դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ:
Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն «անհիմն» որակեց դատարանի որոշումը, համոզմունք հայտնելով՝ դատարանի վրա ճնշում է գործադրվել.
«Ակնհայտ է, որ բարձրագույն իշխանության և հասարակության կողմից որոշակիորեն ճնշում է եղել այս գործի շուրջ: Դեռ օրեր առաջ հայտարարվեց, որ պետք է պատրաստ լինել նոր բացահայտումների, իսկ այսպիսի հնչեղություն ունեցող դատական գործերը ստուգվելու են անձամբ «իրենց» կողմից: Նման ձևով նրանք փորձել են հասկացնել՝ որևէ դատարանի մտքով թող չանցնի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված որոշակի հնչեղություն պարունակող գործերով վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում կայացնել»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց Պողոսյանը:
Փաստաբանը հավելեց, որ դատարանի որոշման օրինակը մինչ այս պահն իրեն չի տրամադրվել, այնինչ հրապարակումից անմիջապես հետո օրինակը պետք է փաստաբանին տրամադրվեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի Մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները նախկին քննչական խմբի ղեկավարի ու դատաձգաբան-փորձագետի կողմից կեղծվել են:
«Ես չեմ կարող հիմա ասել, որ բոլոր այդ 1000 փամփուշներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ, բայց մեր ապացույցները խոսում են այն մասին, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճ փոխվել է Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող զենքերից կրակված պարկուճներով: Ներքին զորքերի այդ զենքերը հիմա էլ կան»,- նշում է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Վահագն Հարությունյանը չի ընդունում մեղադրանքը՝ «անհիմն և շինծու» որակավորելով այն:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: