Հարուցվել է քրեական գործ՝ խոշտանգման հոդվածով. «Սասնա Ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանը ճանաչվել է տուժող

0
2911

Forrights-ն արդեն տեղեկացրել էր, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվեն Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: Վերջիններիս գործողության կամ անգործության արդյունքում, վտանգի տակ էր դրվել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի կյանքը և առողջությունը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ վերջերս կայացրած որոշման հիման վրա, Հատուկ քննչական ծառայությունը պարտավորվել է նախապատրաստել նյութեր, որոնց հիման վրա արդեն այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով.

«Դեպքից 2 տարի անց Հովհաննես Հարությունյանը վերջապես ճանաչվեց տուժող. նա արդեն հարցաքննվել է: Որպես տուժողի ներկայացուցիչ պատրաստվում եմ քննություն իրականացնող մարմնին ներկայացնել մի շարք ապացույցներ, որոնցով հստակ պարզ է դառնում, որ նշված հանցագործությունները ենթադրյալ չեն: Ի վերջո, անհրաժեշտ է մի շարք պաշտոնատար անձանց ենթարկել քրեական պատասխանատվության և վերականգնել Հովհաննեսի խախտված իրավունքները»,- Forrights_ի հետ զրույցում հայտարարեց Հայարփի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը, ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից՝ անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի և ծնկի մի քանի հատվածներում: Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնում էր, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական վարչությունը խնդրի լուծման համար որևէ քայլ չի ձեռնարկում՝ թողնելով անմարդկային պայմաններում.

«Առանց կալանավորման որոշման՝ Հովհաննեսին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց՝ առանց բուժելու նրա վիրավոր ոտքը: Ես բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն որևէ ընթացք չի տրվել իմ բարձրաձայնած խնդրին. փաստացի, նրանք անգործություն են դրսևորել: Այս մասին ես հանցագործության մասին 2 հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազին, սակայն Դատախազությունը, շրջանցելով Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը, ոչ մի որոշում չէր կայացրել, այլ ընդամենը ինչ-որ մի գրությամբ պատասխանել էր»,- իր խոսքում մանրամասնեց փաստաբան Սարգսյանը:

Հավելենք, որ ամիսներ առաջ՝ հունիսի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանը փոխեց շուրջ 2 տարի անազատության մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը 1000000 դրամ գրավի դիմաց: Ազատ արձակվելուց օրեր անց, Հարությունյանը լուրջ վիրահատության ենթարկվեց: Այսօր նա ժամանակ առ ժամանակ ստացիոնար բուժում է ստանում և պատրաստվում երկրորդ անգամ վիրահատվել:

Ռոզա Վարդանյան

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here