Վանաձորի բնակիչ Կարինե Մանուկյանն իր բանակային որդու՝ Վարդան Մելքոնյանի հետ վերջին անգամ խոսել է մեկ տարի առաջ՝ հուլիսի 22-ին՝ կեսգիշերին, և երբեք չի  մոռանա այդ վերջին հեռախոսային խոսակցությունը: Նա հարյուր անգամ պատմել ու վերապատմել է այդ օրվա իրադարձություններն իր մտերիմներին, քննիչներին, որդու ընկերներին:

Վարդանն այդ օրն ընկերների հետ դուրս էր եկել Նուբարաշենի զորամասից, որտեղ ծառայում էր արդեն մեկ տարի և երկու ամիս, գնացել Երևան՝ զբոսնելու: Վերադառնալուն պես ուշ ժամի զանգել էր մորը, ինչպես զանգում էր ամեն օր: Ասել էր, որ շոգ է, չի կարողանում քնել, իսկ առավոտյան էլ գնալու է եկեղեցի՝ մոմ վառելու: Հաջորդ օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ N զորամասի մոտակայքում հայտնաբերվել է կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի դին՝ կախված վիճակում:

Վարդանն ընդամենը տասնինը տարեկան էր:

Հոդվածը արագ փոխվեց, նոր մեղադրանքն ավելի մեղմ պատիժ էր նախատեսում

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հատուկ նշել էր, որ երիտասարդն ինքնակամ լքել է զորամասը: Հարուցվում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնել:

Սկսված քննությունը մինչ օրս չի ավարտվել:

Դեպքից մի քանի օր անց Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ ունի առ այն, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ  ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն:

Ծառայակիցը գյումրեցի Հովհաննես Մարգարյանն էր, ով ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով` զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, որի համար Քրեական օրենսգրքով մեղմ պատիժ է սահմանված, այն է՝ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով:

Ինքնասպանության դրդելու մեղադրանքը հանվեց: Ի սկզբանե, նախաքննության մարմինը հակված չէր խիստ մեղադրանք առաջադրելուն:

Վարդանը հարգված տղա էր, «ուգլավոյ» տեղում էր քնում

Վարդանի մայրը՝ Կարինե Մանուկյանը, այս մեկ ու կես տարին ապրում է հույսով, որ որդու մահվան գաղտնիքը կբացահայտվի, բայց նրան անհավանական վարկած են հրամցնում՝ ինքնասպանություն՝ քնելու «ուգլավոյ» տեղի համար:

Ըստ այդ վարկածի, որը նաև պաշտոնականն է, մահից առաջ զորամասում Վարդանը վեճ է ունեցել Հովհաննես Մարգարյանի հետ: Մարգարյանը ասել է Վարդան Մելքոնյանին, որ ինքն է քնելու նրա տեղում: Վերջինս էլ պատասխանել է՝ նա կարող է զբաղեցնել իր տեղը, ինքը պատրաստվում է դուրս գալ, բայց երբ վերադառնա, իր տեղը պետք է ազատ լինի: Հովհաննես Մարգարյանը, որը գյումրեցի է, պնդել է, ասելով, որ ինքն ուզում է «մշտական» այդտեղ քնել: Հովհաննեսի կողմից է եղել մարտունեցի Անդրանիկ Գասպարյանը: Վերջում տղաները կռվել են, ծեծել ու հայհոյել են Վարդան Մելքոնյանին, նա էլ, իբր, դուրս է եկել զորամասից ծխելու ու չի վերադարձել, գնացել է կախվել է:

«Որպես հարգված, լավ տղա, իմ տղան «ուգլավոյում» էր քնում, տենց էլ ասում են՝ «ուգլավոյ»», — ասում է Կարինե Մանուկյանը:

Զորամասում, ինչպես բերդում՝ հարգված տղաները «ուգլավոյ» տեղերում են քնում, բայց արդյո՞ք տեղի կռիվը բավարար պատճառ էր ինքնասպանություն գործելու համար:

«Երբ զորամասից հայտնեցին, որ Վարդանը չկա, ամուսնուս հետ որոշեցինք՝ հենց լույսը բացվի, մի տաքսի բռնենք, գնանք զորամաս, բայց կամանդիրը ասել էր՝ թող չգան, էդ մարդիկ թող չհասնեն, մենք կգտնենք: Ու մթոմ վեց անց կես են գտել, եկեղեցու մոտ: Այնտեղ ծառ  կա, ծառի ճյուղից կախած է եղել տղաս, ճյուղն էլ իրանից ցածր է, ոտքերը գետնին կախված վիճակում են գտել Վարդանիս: Քննիչն ինձ ասեց՝ ծնկները ծալված ա եղել: Նրանք ինձ ասում են, մթոմ երեխես ինքնասպան ա եղել, էնքան ա էդ վեճը վրեն ազդել: Բայց նա ոչ հոգեկան պրոբլեմ ա ունեցել, ոչ հավատքի շեղված ա եղել, նորմալ մարդ էր, ինչու պետք է քնելու տեղի համար վեճի պատճառով իրեն կախեր: Ես չեմ հավատում, որ դեպքը զորամասից դուրս ա եղել, ուղղակի, նրանք ուզել են իրենցից հեռացնեն պատասխանատվությունը»,- պատմում է Կարինե Մանուկյանը:

Մայրը անհամբեր սպասում է հոգեբանահոգեբուժական փորձաքննության արդյունքներին, որոնք պետք է ցույց տան, թե ինչ հոգեբանական վիճակում է որդին եղել: Նա նամակներ է գրել Նիկոլ Փաշինյանին, բողոքել է անհավանական ու անվերջ ձգվող քննությունից: Դրանից հետո սառույցը, կարծես, շարժվել է: Գործը ուղարկվել է  զինդատախազություն:

Մեղադրյալին ազատել են  կալանքից

Forrights.am-ը դիմեց Քննչական կոմիտե, տեղեկանալու, թե ինչ փուլում է նախաքննությունը և պարզեցինք, որ մեղադրյալն ազատության մեջ է: ՔԿ մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը հաղորդեց.

«Նախաքննությունը դեռ շարունակվում է: Նշանակված է հետմահու դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն: Գործով մեկ մեղադրյալ կա, որը զինծառայող Վարդան Մելքոնյանի ծառայակիցն է, որն այժմ զորացրվել է: Խափանման միջոցը նախ ընտրվել է կալանքը, հետագայում փոխվել է, սահմանվել է հրամանատարության հսկողություն, իսկ  զորացրվելուց առաջ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության»:

Կարինեն վստահեցնում է՝ իր որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է: Որտե՞ղ, ո՞ւմ կողմից և ինչի՞ համար՝ այս հարցերին քննությունը մինչ օրս չի պատասխանել և առաջ է քաշվել աբսուրդ, անտրամաբանական վարկած:

Հրամանձնակազմը չի սիրում խոսել կասկածելի հանգամանքներում մահացած զինվորների մասին

Կարինեի բարեկամներից մեկը ներկա է եղել որդու մարմնի դիահերձմանը և պատմել է, որ Վարդանի բազուկներին խորը քերծվածքներ են եղել, իսկ հագուստի թևքը՝ պատռված, ասես, տղան պայքարի բռնված լիներ մահից առաջ:

«Նա կյանքում ճղած շոր չէր հագնի, ման գա: Շատ կոկիկ, «ակուրատնի» տղա ա եղել, դիահերձման ժամանակ ներկա է եղել տեքորս տղան, ասում ա՝ ամորձիների վրա կապտուկ ա եղել, բայց դատական բժիշկը ասել ա, որ ինչպես շուրթերն են կապտում կախվելուց, այդպես էլ դա է կապտել: Բայց այդ վնասվածքը նա չի արձանագրել: Ինչո՞ւ» — ասում է Կարինեն:

Ձմռանը նա զանգել է որդու հրամանատար Դանիելյանին, խնդրել, որ մի քիչ պատմի Վարդանի մասին, ինչպիսի զինվոր է եղել, ոնց է առօրյան անցկացրել: Հրամանատարն այլայլվել է մոր զանգից:

«Նենց խառնվեց, ասում ա՝ ինչո՞ւ ես ինձ զանգում, ես ձեր երեխուն նորմալ չեմ էլ ճանաչել»:

Forrights-ն էլ զանգահարեց Դանիելյանին, փորձեցինք նրա կարծիքն իմանալ կատարվածի մասին: Նա հարցրեց, թե որտեղից ենք գտել իր հեռախոսահամարը, հետո հայտնեց՝ ինքը զորամասի հրամանատարը չի, այլ ընդամենը տեխնիկայի գծով հրամանատարի տեղակալը:

«Ես այս պահին ծառայության մեջ եմ, ձեր հարցերին չեմ կարող պատասխանել, դրանք ինձ չպետք է ուղղեք: Ես անձնակազմի հետ կապ չունեմ, ես կապ ունեմ տեխնիկայի հետ»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու է ինքը դեպքի օրը զանգել զինվորի մորը, նա պատասխանեց.

«Ես դեպքի օրը զորամասում չեմ եղել: Եղել եմ արձակուրդում, տանը, Տավուշի մարզում: Ինձ խնդրել էին, որ ես ճշտեմ հասցեն և պարզեմ, թե արդյոք տղան տուն է գնացել «սամավոլկա»: Ես չեմ իմացել, թե ինչ է կատարվել: Ասել եմ, որ եթե ունեք ձեր տղայից որևէ տեղեկություն, ասեք, որ գա տուն, որ «սամովոլկա» չլինի: Իմ դիվիզիոնի զինվոր է եղել, ճանաչել եմ նրան, բայց ոչ խորը: Ձեր հարցերը ինձ չպետք է ուղղեք»,- հայտարարեց Դանիելյանը:

Սովորաբար հրամանձնակազմը չի սիրում խոսել կասկածելի հանգամանքներում մահացած զինվորների մասին:

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest