«Եթե չլինի իրավական գործընթաց նախկին բոլոր առանցքային պաշտոնյաների հանդեպ՝ այս երկիրն առաջ գնալ չի կարող»

0
2663

Չի կարելի քանդել բարիկադները մի ուժ ներկայացրած մարդկանց հետ, որոնք տասնամյակներ շարունակ ծառայել են երկիրը ոչնչացրած միևնույն խմբակի՝ սպիտակ ձեռնոցներով աշխատանք պահանջող առաքելություններում:

Այս համոզման է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Forrights.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է կադրային վերջին քաղաքականության մասին, արդյո՞ք այն համահունչ է հեղափոխության տեսլականին, քաղաքագետն ասաց. «Կադրային հարցում կարծում եմ, որոշ բացատրություններ տվեց իր ընտրության օրը վարչապետի պաշտոնակատարը: Դրանք ոմանց կարող են համոզիչ թվալ, ոմանց՝ ոչ: Ես համամիտ չեմ կադրային մոտեցման գաղափարախոսության մի մասի հետ, բայց հուսով եմ, որ վերանայումներ կլինեն»:

Նրա խոսքով՝ հասարակության արձագանքներն այնպիսին են, որ զուտ քաղաքական նկատառումներից ելնելով՝ Փաշինյանն արդեն իսկ որոշ մոտեցումներ կվերանայի. «Ամեն դեպքում նրա երկար, մանրամասն և անկեղծ պատասխաններն ու բացատրություններն այդ թեմայով դրա մասին են վկայում»:

Հայկ Մարտիրոսյանի պատկերացմամբ՝ նախկին բարձրաստիճան ուժայիններից թերևս որևէ մեկը չպետք է ընդհանրապես որևէ պաշտոն ունենա: «Բացառությունը բանակն է, որտեղ, անշուշտ բարձրաստիճան հսկայական կոռումպացված խավ կա, բայց կան և սկզբունքային ու չաղտոտված մարդիկ: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ծայրաստիճան անհանդուրժող լինել այն մարդկանց հանդեպ, ովքեր առանցքային դերակատարումներ են ունեցել նախկին ռեժիմի կենսագործունեության ընթացքում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Լինի դա սպիտակ օձիքներով, թե արյունոտ ձեռքերով պաշտոնյաների պարագան: Եվ գտնում եմ, որ այդ անհանդուրժողականությունն ու ատելությունը պետք է դրսևորել նրանց միայն իրավական և օրինական պատասխանատվության կանչելով: Սիրել, քանդել բարիակադներն ու հանդուրժել՝ չի կարելի»:

Քաղաքագետի խոսքով՝ եթե չլինի օրինական և իրավական պատժի գործընթաց բոլորի, անխտիր բոլոր նախկին առանցքային բարձրաստիճանների հանդեպ՝ այս երկիրն առաջ գնալ չի կարողանա: «Ինչպես Գերմանիայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղավ՝ անհրաժեշտ է արգելել ՀՀԿ-ն, իսկ նրա բոլոր առանցքային և ռեժիմին ջանադրաբար ծառայած մարդկանց՝ դատապարտել»,- շեշտեց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանը հիշեցրեց Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո օրենքով գողերի դեմ դեմ պայքարը. «Եթե մարդը քրեական որևէ փաստված հանցանք չէր գործել, որևէ բանի համար նրան հնարավոր չէր դատապարտել՝ դատապարտում էին արդեն միայն օրենքով գող լինելու հանգամանքի համար: Օրենքի անունից խոսող գողերն օրենքով գողերին անգամ մեծապես զիջում են և նրանց գողացածը վերադարձնելով չպետք է համարել հարցը փակված: Առաջ շարժվելու և նոր մշակույթ ձևավորելու համար անհրաժեշտ է ոչ միայն գումարները ետ վերադարձնել, այլև՝ ուղղակի բանտեր ուղարկել»:

Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա, ըստ Մարտիրոսյանի, ոչ բոլոր ոստիկաններն են «մերը»: «Ի՞նչ եղան այն մարդիկ, որ միտումնավոր ցուցարարի ոտք էին կոտրում, որ ծեծում էին, ջարդում և խոշտանգում: Նրանք դեռ աշխատում են և եթե հիմա հրեշտակ են ձևանում, որովհետև իրավիճակ է փոխվել, դա դեռ չի նշանակում, որ հրեշտակ են դարձել»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Փոխեք գործադիրին և հետ բերեք նախկինների տեսակը ու կտեսնեք, որ նրանք առավել վատը կդառնան մի գիշերում, քան նախկինում էին»:

Ուստի՝ Մարտիրոսյանը կարծում է, որ նրանց հեռացնելով և բանտ ուղարկելով է միայն, որ տեղ կբացվի արդեն իրոք «մեր»՝ մաքուր և բարոյական ոստիկանների համար: «Այդպիսիք այսօր էլ կան, բայց երկու խմբերին զատել է պետք: Եվ հատկապես նախկին առանցքային ոստիկաններին, ինչպիսին էլ որ լինեն, այլևս չի կարելի վերադարձնել բարձր պաշտոնների՝ ինչպիսին էլ որ լինեն մեր մոտիվները»,-ընդգծեց Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ խորհրդարանի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ նոր խորհրդարանի ձևավորվելուց և հատկապես անցումային արդարադատություն իրականացնելուց հետո ձերբակալությունների նոր ալիք է լինելու. «Հուսանք և սպասենք»:

Քաղաքագետի կարծիքով՝ մտահոգիչ է նաև Արթուր Մեսչյանի նշանակումը քաղաքի ճարտարապետի պաշտոնում: «Մարդ, որի ճարտարապետի որակները մեծապես քննարկելի են և որն այս վերջին տարիներին գրեթե որևէ քաղաքացիական դիրքորոշմամբ հանդես չի եկել, չի կատարել մտավորականի իր պարտքը և լռել է, մեկը, որ ավելի շուտ բառդ-կիթառահար է, քան ակտիվ ճարտարապետ՝ չպետք է Երևանի գլխավոր ճարտարապետ աշխատի»,-կարծում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ կան փայլուն ճարտարապետներ, որոնք ակտիվ են, գործում են: Այդպիսիք քիչ չեն նաև եվրոպական մայրաքաղաքներում, որոնք ելքեր են փնտրում Հայաստանում աշխատելու:

«Պետք է դուրս գալ ընդունված կաղապարներից և օգտագործել մեր ողջ՝ ներառյալ սփյուռքի ռեսուրսը, որտեղ նախկին հայաստանցիների մի զգալի բանակ բարձր պրոֆեսիոնալիզմի է հասել իրենց ոլորտներում: Հուսանք, որ այդ մարդկանց ժամանակը նույնպես կգա»,-եզրափակեց Մարտիրոսյանը:

Մարինե Խառատյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here