Ոստիկանները պատմել են, թե ինչպես են իրենց պառկեցրել գետնին․ Գյումրիում՝ ինչպես Գյումրիում

0
435

Գյումրու ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները դեռ ապրում են նախահեղափոխական ժամանակներում։ Մարդ են ծեծում փողոցում ավտո «ճռռացնելու» համար, «բաժնում» կալանավոր են պատժում, իսկ երբ լրագրողների մոտ հարցեր են առաջանում՝ անվերապահորեն հերքում են։ Սեպտեմբերի 28-ին Կումայրու բաժին բերման էին ենթարկել ոստիկանության նախկին աշխատակից Հարություն Պետրոսյանին և, ինչպես նրա հարազատներն էին պնդում, բաժնում ոստիկանները նրան ծեծել էին։ Forrights.am-ին Պետրոսյանի դուստրը՝ Սվետլանան, ծեծող ոստիկանների անուններն էր տվել՝ Կարեն Գևորգյան և Արթուր Հակոբյան, ինչպես նաև ներկայացրել «Գյումրի» բժշկական կենտրոնի տրամադրած փաստաթղթերը, տեսանյութերը, որոնցից հետևում էր՝ Հարություն Պետրոսյանի առողջական վիճակը ոստիկանական բաժանմունքում կտրուկ վատթարացել է, նրա մարմնին քերծվածքներ են առաջացել, բարձրացել է ճնշումը։

Ոստիկանությունից հակասական տեղեկություններ հայտնեցին: Նախ, ասացին, որ ծեծի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, որ նման բան մանավանդ մեր օրերում չի կարող լինել: Այնուհետև, երբ արդեն հրապարակել էինք բժշկական զննության եզրակացությունը, որում որպես բուժզննությամբ հայտնաբերված քերծվածքների և գլխուղեղի տրամվայի պատճառ ուղղակի նշվում է ծեծը, ոստիկանությունից հայտնեցին, որ տեղի ունեցածի վերաբերյալ ներքին ծառայողական քննություն է իրականացվում: Ավելի ուշ էլ տեղեկացրեցին, որ Հարություն Պետրոսյանի հետ կապված միջադեպով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Գնացել հայրիկիցս բացատրություն էին վերցրել, նա էլ դեպքի մանրամասներն էր պատմել: Այսօր իմացա՝ դատաբժիշկը թուղթ է տվել պապայիս, որտեղ գրել են, որ թեթևից էլ ցածր մարմնական վնասվածք է ստացել»,- ասում է Սվետլանա Պետրոսյանը:

Այսպիսով, միտում կա ծեծի դեպքը կոծկելու։

Քրեական հետապնդումը Հարություն Պետրոսյանի դեմ սկսվել էր, կարելի է ասել, կենցաղային պատճառից. նրա հարևանը ինչ-որ մեկի համար ապրանք էր բերել արտասահմանից և տիրոջը չէր տվել, ապրանքի տերն էլ Պետրոսյանից էր փորձել իմանալ իրեն «քցողների» տեղը, գտել էր նրանց ու ծեծի էր ենթարկել: Վերջիններս էլ Հարությունին պատժեցին իրենց տեղն ասելու համար՝ հարձակվեցին նրա և կնոջ վրա, մի խոսքով՝ մեծ ծեծկռտուք էր տեղի ունեցել հարևանների մասնակցությամբ: Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հարևանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրա ընտանիքի անդամները ժխտում են, որ հայրը մեղավոր է. նա ընդամենը պաշտպանել է իր կնոջը: Ծեծը՝ որպես հարցի լուծման եղանակ, լայն տարածում ունի Գյումրիում, թե՛ հասարակ, թե՛ «պագոնավոր» քաղաքացիների շրջանում:

Օրերս Կումայրու բաժնի աշխատակիցների մասնակցությամբ նոր ծեծկռտուքի դեպք տեղի ունեցավ: Հոկտեմբերի 17-ին նրանք Ռիժկովի փողոցում, մարդկանց աչքի առաջ ծեծի են ենթարկել երկու եղբայրների: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժ/պ Կարեն Պետրոսյանը տարածել էր տեսանյութը համացանցում: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդ հայհոյում ու ծեծում ինչ-որ մարդկանց, լսվում են գոռոցներ, բացականչություններ, «մի՛ զարկիր» բառը:

Այս անգամ ծեծողները Կումայրու բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցներն էին՝ Սլավիկ Հովհաննիսյանը, Դավիթ Դավթյանը, Գոռ Գասպարյանը։ Այս մասին հայտնեց Առաքելյանների փաստաբանը՝ Հայկ Հարությունյանը։

Ծեծվողները երկու եղբայրներ են՝ Գառնիկ և Կարլեն Առաքելյանները, որոնք մեքենան վարել են «ճռռացնելով», իսկ ոստիկանները նրանց կանգնեցրել և, փաստորեն, պատժել են:

«Դեպքը տեղի է ունեցել գրենական պիտույքների խանութի մոտ։ Ոստիկանները ուզել են բերման ենթարկել քաղաքացիներին, չեն կարողացել ու ծեծել են», — ասում է Կարեն Պետրոսյանը։

Ոստիկանները ավտո «ճռռացնելու» համար հատուկ տերմին են օգտագործում՝ «աղմուկով երթևեկել»։ Դեպքի ոստիկանության տարածած նկարագրությունից հետևում է, որ Առաքելյաններն են առաջինը հարվածել ոստիկաններին։ Նկատենք, որ նրանք երկու ոստիկանի անուն են նշում, մինչդեռ Առաքելյանների շահերի պաշտպանը երեք անուն է նշել։

«Պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս՝ նկատել են բարձր արագությամբ երթևեկող «BMW» մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու Վարդանանց հրապարակում։

«Երբ նշված մեքենան կանգնել է Ռիժկովի փողոցում, վարորդին են մոտեցել երկու երիտասարդ։ Պարեկային ոստիկանները ևս մոտեցել են վարորդին, ներկայացել ու պահանջել մեքենայի փաստաթղթերը և վարորդի վարորդական իրավունքի վկայականը։ Այս ընթացքում նրանց է մոտեցել «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իջել է մեքենայից և վեճի է բռնվել ոստիկանության ծառայողների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին ու բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին։ Երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, մյուս երիտասարդները ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրանց։ Երիտասարդներին բերման ենթարկած ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին առկա են եղել վնասվածքներ», — ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանները քննիչի մոտ ցուցմունք են տվել այն մասին, որ Առաքելյան եղբայրներն են իրենց փորձել ծեծի ենթարկել, դիմադրություն են ցույց տվել: Ըստ փաստաբան Հայկ Հարությունյանի, ոստիկանները բացահայտ ստում են։

«Նրանք ստում են, ասելով, որ տղաները փորձել են փախչել: Նախ, սկզբից ասում էին, որ իրենց այնպես էին ծեծել Առաքելյանները, որ իրենք չէին կարող գետնից վեր կենալ, օգնություն կանչել։ Ես էլ հարց եմ տալիս՝ եթե այդպես ծեծել էին, դուք էլ գետնին էիք բոլորդ, ի՞նչն էր խանգարում, որ Առաքելյանները փախչեն: Ոստիկաններն էլ ասում են՝ որովհետև  գիտեին, որ մենք կհասնենք իրենց հետևից, դրա համար էլ չփախան։ Անտրամաբանական է։ Տեսանյութում էլ երևում է, որ իմ վստահորդներից մեկն անընդհատ ասում է՝ մի՛ հրեք, մի՛ քաշեք, մի՛ զարկեք։ Եթե մարդն ասում է՝ մի՛ հայհոյի, մի՛ խփի, եղավ, որ ուզում է փախչե՞լ»։

Հարությունյանը պատմեց, որ բացի իր պաշտպանյալներից դեպքի վայրում նաև այլ անձինք են եղել՝ ականատես վկաներ։ Նրանցից երկուսն Առաքելյանների ընկերներն են եղել, որոնք դեռ ցուցմունք չեն տվել, բայց հետագայում, գուցե, տան։

«Այժմ ես մասնավոր հարցման եմ քաղաքացիներին ենթարկում, որ կարողանամ հիմնավորել տղաների ասածը։ Տեսեք՝ տղաները չեն ասում, վիճաբանություն չի եղել, կամ ամբողջությամբ իրենց մեղքը չկա։ Ասում են՝ որոշ բաներ կան, որ իրենք պետք է չանեին», — նշում է Հայկ Հարությունյանը։ Ճի՞շտ է, որ նրանք չեն ենթարկվել «բերման ենթարկվելու» պահանջին։ Հարցին փաստաբանը պատասխանեց․ «Ոչ, նրանք ասում են՝ թեևերիցս ոլորել են, դրել են մեքենան։ Մենք ուղղակի ասել ենք՝ ինչո՞ւ եք քաշում, մենք կնստենք։ Եթե իրենք ուզենային փախչել, հանգիստ կփախչեին»։

Ըստ փաստաբանի, ոստիկանները զեկուցագրով մի բան են ասել, տուժողի ցուցմունքով՝ այլ բան, իսկ տուժողի լրացուցիչ ցուցմունքով՝ մեկ ուրիշ բան։ «Այսինքն, քանի գնացել է, իրենց ցուցմունքները հարմարեցրել են մեղադրանքին»։

Առաքելյան եղբայրները կալանավորված են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար /ՔՕ 316 հոդված/:

Սյուզան Սիմոնյան

17.10.2018թ.Ո՞վ է սրա պատասխանատուն։Տեսանյութում հայհոյանքներ կան, այն ինձ ուղղարկվել է այսօր, ուստի ակնկալում ենք պատկան մարմինների պարզաբանումները…Հ.Գ. աչքիս Շիրակում բան չի փոխվել…

Posted by Karen Petrosyan on Sunday, October 21, 2018

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here