«ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի խոսակցության գաղտնալսման պատվիրատուն հանրության շրջանում լայն ճանաչում ունի»

0
1105

«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել և ովքեր պատվիրել: Պատվիրատուն լայն ճանաչում ունի, Հայաստանից է, սակայն ԱԱԾ-ի կազմից չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցին: ԱԱԾ պետը, սակայն, հրաժարվեց անուններ բարձրաձայնելուց:

Ըստ Վանեցյանի, գաղտնի ձայնագրումը, ապա դա հանրայնացումը միտում է ունեցել, որ ինքը հրաժարականի դիմում ներկայացնի.

«Շարժառիթը եղել է`  Արթուր Վանեցյանին թուլացնելը, հանրության աչքից գցելը, իսկ հիմնական նպատակն իմ հրաժարականն է եղել: Մամուլում և որոշ լրատվամիջոցներում հարձակումներ սկսվեցին իմ դեմ, իմ անունն օգտագործելով սկսեցին փող աշխատել: Այդ հրապարակումների 90% սուտ է, և դա հենց խոսում է այն մասին, որ փորձել են իմ ու ԱԱԾ-ի վարկանիշը նվազեցնել»,- նշեց նա:

Ըստ Վանեցյանի, քննության արդյունքում պարզվել է, որ ինքը և Սասուն Խաչատրյանը գաղտնալսման օրն ունեցել են 10 հեռախոսազանգ, որոնք, սակայն, մոնտաժվել ու հանրությանն են ներկայացվել որպես մեկ ընդհանուր խոսակցության:

«Գաղտնալսման օրերին ես գտնվել եմ ռոումինգի տակ և այն գաղտնի «պռոտոկոլները», որոնցով մենք խոսում ենք ներքին ցանցում, չի գործել ռոոմունգի ժամանակ»,- պարզաբանեց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով խոսակցության ժամանակ հնչեցված «Հրաչ» անվանը, որը հանրությունն ասոցացրել է որպես Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը կայացնող դատավոր «Վաչե Մարգարյան», Վանեցյանը շեշտեց` ինքը նկատի է ունեցել ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչին. «Ես դատարանների հետ առհասարակ չեմ շփվում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տեսանյութ  տարածվեց, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Նրանք զրուցում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին:

Դեպքի առթիվ Հայաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Ռոզա Վարդանյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here