Հրամանատարն անմեղ է ճանաչվել, զինվորը զրկվել է հաշմանդամության կարգից

0
2045

Սյունիքի մարզի Խոտ գյուղի բնակիչ, 20-ամյա Ալեն Մկրտչյանը մինչ բանակ գնալը լիովին առողջ էր, իսկ այսօր դժվարությամբ է կանգնում կամ նստում, տևական ցավեր ունի, չի կարողանում աշխատել գյուղում, որ օգնի ծնողներին: Ալենը նաև այլ խնդիր ունի. բանակում ստացած ծանր վնասվածքի պատճառով կտրված միզածորանը պարբերաբար փակվում է, ու նա ստիպված է բուժօգնության դիմել:

Ալենը բանակում մեխանիկ- վարորոդ է եղել: Անցյալ տարի՝ 2017-ի մայիսին մարտական տանկից ուսումնական հրաձգության ընթացքում ծանր վնասվածք է ստացել տանկի անսարքության պատճառով: Տանկի աշտարակը շրջվել է նրա վրա ու նա, ըստ բժիշկների, «ձախից ցայլոսկրի վերին և ստորին ճյուղերի փակ, բեկորային վնասվածք է ստացել՝ տեղաշարժով: Նաև՝ ձախից արտահայտված գծային կոտրվածք: Միզածորանը պոկվել է»:

Ալենին հոպիտալում 7 ժամ վիրահատել են: 3 ամիս նա անշարժ գամված է եղել անկողնուն: Ըստ բժշկական եզրակացության, Ալենը ձախ ցալոսկրի սերտաճած կոտրվածք է ունեցել, կոնքի շրջանի ցավեր՝ շարժումների սահմանափակում, բնական ճանապարհով միզելու անկարողություն:

Հուլսի 27-ի բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, սակայն, Ալենը հաշմանդամ չի ճանաչվել: Բժիշկները գտել են, որ նա լիովին առողջ է: Նախկին զինվորի մայրը բողոքարկել է բժշկասոցիալական հանձնաժողովի որոշումը, սակայն ապարդյուն. այն նույնն է մնացել:

«Ես մենակ մի հարց ունեմ. եթե իրանք Ալենին թոշակ չեն տալիս, չեն օգնում բուժօգնության պահով, ինչի՞ են զինգրքույկում գրել, որ Ալենը պիտանի չէ զինծառայության համար: Համ տենց են գրում, համ չեն ուզում օգնեն»,-Forrights.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց նախկին զինվորի մայրը՝ Արփինե Հարությունյանը, որը սպառելով պետական ատյանները՝ ստիպված է դիմել լրատվամիջոցին, քանի որ տղայի բուժումը կազմակերպելու գումար չունի, թեև տեսնում է, որ տղան բուժօգնության կարիք ունի։

«Չեմ հասկանում՝ ի՞նչն է առողջ, եթե չի կարողանում նորմալ քայլել, նստել, շարժվել։ Միզելու խնդիր ունի: Պարբերաբար դրենաժ ենք անում, միզածորանը բացելու կարիք է ունենում, չի կարողանում նորմալ միզել։ Մինչև հիմա ցավերը կան, պետք է հենվի, նոր վեր կենա, գյուղատնտեսական աշխատանք չի կարում կատարի։ Նստելուց, վեր կենալուց անպայման պետք է հենվի, մեջքը միշտ ցավում է։ Եթե երեխան նորմալ է, կկարողանար գնար, մի տեղ աշխատեր, բայց նա չի կարողանում»,-պատմեց հուսահատ մայրը։

Խոտ գյուղում ապրող Ալենի ծնողները աշխատանք չունեն, գյուղատնտեսական աշխատանքով են ապրում ու չեն կարողանում Ալենին անհրաժեշտ բուժման համար հոգալ։ «Գյուղի աշխատանքով- չարչարանքով ապրում ենք, ոչ նպաստ ենք ստանում, ոչ թոշակ։ Հնարավորություն չունեմ տղայիս բուժման համար: Գոնե կարգ տային մինչև լիարժեք կազդուրվի»,-իր խնդրանքը փոխանցեց նախկին զինվորի մայրը։

Ալենի մայրն իր բողոք-խնդրանքն ուղարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետի աշխատակազմից դիմումը վերահասցեագրել են սոցապ նախարարությանը, որտեղից էլ օգոստոս ամսին ծնողին պատասխանել են, որ «միզուկի առաջնային ռեկոնստրուկցիայից հետո առկա պաթոլոգիան արտազատման ֆունկցիայի աննշան խանգարումով չի հանգեցրել կենսագործունեության որևէ խանգարման, ուստի հաշմանդամություն սահմանելու հիմքեր չկան»:

Ուշագրավ մի փաստ ևս. Ըստ հարուցված քրգործով վճռի՝ Ալենը ծանր մարմնական վնասվածք է ստացել հրամանատարի հրամանը կատարելու արդյունքում. Ուսումնական վարժության ժամանակ, տեղեկանալով, որ տանկի աշտարակը անսարք է, ուսումնական վաշտի հրամանատար Ղևոնդ Մելիքյանը այն նայել է, փորձել կարգի բերել, ապա հրամայել է տանկում գտնվող Ալենին մնալ իր տեղում, իսկ հետո մեկ ալ զինվորի հրամայել է աշտարակը ավտոմատ կառավարման փոխել, ինչից հետո էլ տանկի աշտարակը շրջվել է ու ճզմել Ալենին՝ մարմնական ծանր վնասվածք հասցնելով:

Ակնհայտ է, որ հրամանատարը չի կարողացել հասկանալ խնդիրը և հենց նրա ոչ պրոֆեսիոնալիզմի ու հրամանների արդյունքում է զինվորը կորցրել առողջությունը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրի 377 հոդվածի 1-ին մասով, սակայն, ինչպես բանակին վերաբերող գործերով հաճախ է պատահում, քրգործը կարճվել է ու ուսումնական վաշտի հրամանատար Ղևոնդ Մելիքյանն անմեղ է ճանաչվել:

Իսկ նախկին զինծառայող Ալեն Մկրտչյանի մայրն այսօր չգիտի էլ ում դիմի՝ սահմանափակ շարժումներով որդուն լիրաժեք ոտքի կանգնեցնելու համար:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here