«Կարենն ամենաշատը հիմք ուներ` Հայկազին սպանելու». կուրսանտի սպանության գործով նոր վարկած է առաջ բերվում

0
2506

2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում` առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը մեկամսյա հետաձգումներից հետո սկսվեց կես ժամ ուշացումով: Դատարանը պատճառաբանեց, որ ամբաստանյալներից Վաչե Սահակյանի համար Շտապ օգնություն էր հրավիրվել: Մեղադրյալը դատարանին հայտնեց, որ ունի առողջական խնդիրներ, սակայն այս պահին ցանկություն ունի նիստին ներկա գտնվելու և քննությունը շարունակելու:

Շուրջ մեկ ամիս դատարանը «չէր կարողանում» նիստերի դահլիճ բերել գործով անցնող 3 ամբաստանյալների հագուստները, որոնք առժամանակ փորձաքննության էին ենթարկվել: Այսօր, չնայած կրկին նիստերի դահլիճ չէին բերվել հագուստները, այնուամենայնիվ դատական նիստը շարունակվեց: Դատարան էր ներկայացել փորձագետ  Կիրակոսյանը, ով անձամբ էր փորձաքննության ենթարկել մեղադրյալների մեզի և այրան անալիզները:

Մովսես Ազարյանի հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը փորձեց ճշտել` ինչպե՞ս է ստացվում, որ իր պաշտպանյալի արյան մեջ ալկոհոլի չափաբաժին չի հայտնաբերվում, այնինչ մեզի անալիզը թեթև հարբածություն է ցույց տալիս:

«Արյան մեջ ալկոհոլը ցնդում է 1-3 ժամվա ընթացքում` կախված մարդու ֆիզիկական վիճակից, իսկ մեզի մեջ կարող է մնալ մինչև տվյալ անձի միզարձակումը: Ուստի նորմալ է, որ տղաների մոտ ալկոհոլի չափաբաժինը ցույց է տալիս մեզի մեջ»,- իր խոսքում հայտարարեց փորձագետը:

Պաշտպանական կողմի մյուս հարցադրումներն ուղղված էին պարզելու` հնարավո՞ր է փորձաքննության միջոցով որոշել, թե ալկոհոլի ինչ չափաբաժին է օգտագործել անձը: Փորձագետ Կիրակոսյանը դժվարացավ պատասխանել, նշելով` այդ պարագայում մեղադրյալները պետք է օգնեն իրեն: Գործով անցնող 4 ամբաստանյալներից և ոչ ոք չարձագանքեց, ուստի դատավարական կողմերը որևէ հարց չունեցան: Դատարանն ավարտված համարեց փորձագետի հարցաքննությունը:

Դատարանին մի շարք միջնորդություններ ներկայացրեց և՛ պաշտպանական, և՛ մեղադրանքի կողմը: Մասնավորապես, դատախազ Հարությունյանը միջնորդեց հրապարակել գործով վկա հանդիսացող Սամվել Սերոբյանի նախաքննական ցուցմունքը: Սերոբյանն արդեն երկար ժամանակ է հետախուզման մեջ է. նա լքել է հանրապետությունը և դատարանին չի հաջողվում նրան գտնել ու ներկայացնել դատարան:

Պաշտպանական կողմն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ պետք է սպասել Սերոբյանին, քանի որ նրա ցուցմունք առավել քան կարևոր է գործի համար: Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև Սերոբյանի գտնելը, իսկ չգտնելու դեպքում` մինչև դատաքննության ավարտը:

Արմեն Նադիրները միջնորդեց դատարան ներկայացնել նաև վկա Կարեն Բաղրամյանի հագուստները: Նա կասկած ունի, որ Հայկազի ենթադրյալ սպանության մեջ կարող է խառը լինել հենց Բաղրամյանը.

«Կարենն ամենաշատը հիմք ուներ` Հայկազին սպանելու: Նրա հագուստների ուսումնասիրումը կարող է էական հանգամանքներ առաջ բերել»,- նկատեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ սպանության «հիմք» կարող էր հանդիսանալ այն հանգամանքը, որ դեպքի օրը` 2015թ. հունվարի 28-ին, ճաշարանում հենց Կարեն Բաղրամյանի և Հայկազ Բարսեղյանի մեջ է եղել վիճաբանությունը: Հայկազը ուտելուց «չփչփացնելու» համար նկատողություն էր արել Կարենին, ինչի պատճառով լեզվակռիվ է տեղի ունեցել նրանց միջև:

Մեղադրանքի կողմը չառարկեց, ավելին` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանն էլ իր հերթին հավելեց` եթե գործի բացահայտման համար կարող է օժանդակել, ապա մեղադրանքի կողմը միանում է նմանօրինակ միջնորդություններին:

Դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդությունը բավարարեց մասնակի. «Պետք է դիմում ուղարկել և պարզել, թե արդյոք առկա են Բաղրամյանի հագուստները: Դրական պատասխանի դեպքում` դատարանը կանցնի հավելյալ գործողությունների»,- նշեց դատավոր Հարությունյանը:

Վերջին միջնորդությունը ներկայացրեց Արմեն Նադիրները: Նա դատարանին առաջարկեց Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտից վերցնել 2015թ. հունվարի 28-29 վերակարգում եղած կուրսանտների տվյալները, բացի դրանից`իմանալ, թե ովքեր են հերթապահել այդ օրերին պահակակետում.

«2-3 ժամը մեկ պետք ա հերթապահ կուրսանտը զննի ինստիտուտի տարածքը, լինի ֆիզհրապարակում: Օրենքով, հերթապահներից մեկը պետք ա մի քանի անգամ անցած լինի էն տարածքով, որտեղ կախված ա եղել Հայկազը»,- պաշտպանյալի խոսքը շարունակեց մեղադրյալ Գնել Թևոսյանը:

Դատարանն այս միջնորդությունը ևս բավարարեց մասնակի: Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ կդիմի ռազմական ինստիտուտ` տվյալները տրամադրելու դիմումով:

Դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց: Քրեական գործի քննուևթյունը կշարունակվի հոկտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Ռոզա Վարդանյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here