Եֆրեյտոր Մելքոնյանը մահացավ 3 լիտր օղու պատճառով. վաշտի հրամանատարի տեղակալը կալանավորված է

0
1369

Եֆերյտոր Հովհաննես Մելքոնյանը 15 տարի ծառայեց հայկական բանակում և սպանվեց հուլիսի 22-ին երեք լիտր օղու պատճառով: Վարդենիսի զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Սարգիս Կարապետյանի մոր ծնունդն էր, և այս կապակցությամբ վերջինս 3 լիտր օղի էր բերել զորամաս, հարբել էր, ապա նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից կրակոցներ էր արձակել եֆրեյտորի ուղղությամբ: Այսպիսի եզրահանգման են եկել զինվորական գործերի վարչության հինգերորդ կայազորային բաժնի քննիչները:
Եֆրեյտորը 45 տարեկան էր, ավելի ճիշտ, յոթ օր էր մնացել, որ 45 լրանա: Ըստ մահվան վկայականի, մահվան պատճառն է եղել կրծքավանդակի գնդակային միջանցիկ վիրավորումը, աջից կողերի և աջ թիակոսկրի կոտրվածքները, զույգ թոքերի և շնչափողի վնասվածքները, արյունահոսությունը:

Քննիչը միջնորդել էր կալանավորել կապիտանին, բայց դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը: Կապիտանը, որը, ըստ քրեական գործի նյութերի, մեկ անգամ չէ հարբել և կռիվներ սարքել զորամասում, ազատության մեջ էր, և իր ոտքով եկել է Լեյլայի տնակ, նրա առաջ չոքել ու ներողություն է խնդրել: Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ռազմական գույքը վատնելու համար /371, մաս 2/, որը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով, ինչպես նաև զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ պատճառել է մահ /373, մաս3/:

Վերջին հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով: Մենք տեղեկացանք, որ այս գործով քննչական կոմիտեն նոր ապացույցներ է ձեռք բերել, որոնց հիման վրա կապիտան Սարգիս Կարապետյանի մեղադրանքի ծավալը փոխվել է։
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` կապիտանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ և 373-րդ հոդվածի 3-րդ մասերով: 2018 թվականի հուլիսի 3–ին մեղադրանքը փոփոխվել և լրացվել է , — հայտնում է ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը, — 371-րդ հոդվածի 2-րդ մասը մնացել է անփոփոխ, իսկ 373-րդ հոդվածի 3-րդ մասը փոփոխվել է 365 –րդ հոդվածի 3-րդ մասով:

Զենքի օգտագործման կանոնների խախտումը փոխվել է մարտական հերթապահության կանոնների խախտումով»: Փաստորեն, քննչական կոմիտեն խստացրել է հոդվածը: մարտական հերթապահության կանոնների խախտումը, որը առաջացրել է ծանր հետևանքներ, քրեական օրենսգրքով, ենթադրում է որպես պատիժ 6-ից 12 տարի ազատազրկում: ՔԿ-իղ նաև հայտնեցից Forrights.am-ին, որ դատախազը միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարան Ս Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է: «Սարգիս Կարապետյանը հուլիսի 25-ից գտնվում է կալանքի տակ: Նախաքննությունը շարունակվում է», — հաղորդում է Նաիրա Հարությունյանը:

Եֆրեյտոր Մելքոնյանը կյանքից հեռացել է, թողնելով ահռելի պարտքեր: Ամենամեծը՝ սառնարանի համար պարտքն է՝ 300 հազար, որը տոկոսներով դեռ զինծառայողի կյանքի օրոք անցել էր մեկ միլիոնը: Եֆրեյտորի հիվանդ կնոջ՝ Լեյլայի համար սա անհաղթահարելի բեռ էր: Նրան տարիներ էին պետք այս վարկը տոկոսներով հանդերձ մարելու համար։ Տղան՝ Գրիգորը, հիվանդ է: ժամանակին Ամուսնու մահից հետո մահվան վկայականը տարավ բանկ, և հանգիստ շունչ քաշեց՝ այնտեղից այլևս նամակներ չի ստանում։ Բայց սրանով զինվորականի ընտանքիը աղքատությունից չփրկվեց: Միակ եկամուտը Լեյլայի մոր՝ Ռոզա Սեդրակյանի թոշակն է: Ամռանը հարևանները, համագյուղացիները Լեյլային տանում էին իրենց դաշտեր և հողամասեր, աշխատացնում էին օրը երեք հազար դրամ վճարով:

Բայց վերջերս Լեյլան այլևս չի կարողանում վարձու աշխատուժ հանդիսանալ, քանի որ սրվել է երիկամների հիվանդությունը: Նա անտանելի ցավեր է ունենում: Երկու անգամ «շտապօգնություն» է կանչել: Ռոզա Սեդրակյանը պատմում է, որ «շտապօգնության մեքենան» Լեյլային տարավ Էջմիածնի հիվանդանոց: «Ասեցին, որ պետք է պարկացբել հիվանդահոցում, բայց մի օրվա համար 15 հազար դրամ էին ուզում: Ստիպված, հետ եկավ տուն», — պատմում է ծեր կինը:

Նրա մյուս վիշտը թոռնիկն է՝ Գրիգորը: «Ոսկրային փտախտ են ախտորոշել նրան, 14 տարեկանում: Գրիգորիս գլուխը վիրահատեցին, հիմա սարսափելի ցավեր է ունենում: Առավոտ պտի ձեն չտաս, ինքը իրա հոժար կամքով պետք է զարթնի, թե չէ, սաղ օրը ցավեր է ունենում: Աշխատել չի կարող: Նրան դեղեր, բուժումներ են պետք», — ասում է Ռոզա Սեդրակյանը:

Պաշտպանության նախարարությունից սև, կիսաքանդ տնակում բնակվող ընտանիքը ոչ մի լումա օգնություն չի ստացել: Միայն գյուղապետարանն է մի գառ ուղարկել Սրբխեչին: «Մենք ոչ մի կապ չունենք: Սոցապ նախարարությունն է այդ հարցերով զբաղվում», — պատասխանեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչու այս ընտանիքին հուղարկավորության ծախսերը, միանվագ օգնությունը, որը բոլորին է տրամադրվում, չի հասել, խոսնակը պատասխանեց. «Դա հնարավոր չէ: Հավանաբար, ինչ որ խնդիր կա, կամ ընտանիքի անդամներից մեկը ստացել է, կամ փաստաթղթային հարց է»: Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ պարզել հարցը և հայտնել մեզ ավելի ուշ:

Հովհաննես Մելքոնյանը թեև 20 տարուց ավելի ապրել է իր ընտանիքի հետ, երեխաների հայրությունը չէր ճանաչել: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, սա չի կարող ՊՆ-ի կողմից հուղարկավորության ծախսը չվճարելու պատճառ դառնա, բայց ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունից օգնություն ստանալու համար հայրության ճանաչումն անհրաժեշտ է: Ընտանիքը դիմել էր դատարան և օրերս ստացել է դատարանի որոշումը այն մասին, որ Հովհաննես Մելքոնյանը իր երեք երեխաների հայրն է:

Որոշումը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 18-ից հետո: «Շատ թղթեր պետք է հավաքենք: Երեխեքի ծննդականները, պասպորտները պետք է փոխվեն, նոր «վաենկամատ» ուղարկեն, որ մի օգնություն ստանանք, թոռնիկիս էլ թոշակավորենք», — ասում է Ռոզա Սեդրակյանը: Նա զարմանալիորեն հանդարտ է: Բացատրում է. «Կյանքը կոփել է»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here