Կուրսանտի սպանության 4-րդ տարին շուտով կլրանա, այնինչ դատական նիստերը շարունակվում են հետաձգվել

0
1193

2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում` առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատաքննության 3-րդ տարին ընդամենը մեկ ամսից կլրանա, այնինչ դատական նիստերը շարունակվում են հետաձգվել: Այսօր ևս նիստ չկայացավ. դատարան չէին ներկայացելու 3 ամբաստանյալների այն հագուստները, որոնք պետք է հետազոտվեին դատարանում:

Տուժող կողմի իրավահաջորդը՝ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց անընդմեջ հետաձգվող նիստերին վերաբերյալ: Ըստ նրա, 2 շաբաթը բավական երկար ժամանակ էր, որ հագուստները բերվեին դատարան, այնինչ նիստն այսօր դրանց բացակայության պատճառով կրկին հետաձգվում է: Բացի վերանշյալից, տուժողի ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ այդ հագուստներն ամենևին էլ ամբաստանյալներին չեն պատկանում.

«Ես հենց առաջին օրվանից էլ ասել եմ, որ դատարան ներկայացվող հագուստները չեն եղել էդ լակոտների հագին: Տղուս սպանելուց հետո, ինստիտուտի հետևի մուտքով Գնելի հայրը՝ Զարմիկ Մարկոսյանը մտել ա շենք ու գաղտնի դուրս հանել էս 4 մարդասպանների արյունոտ շորերը: Թե չէ ո՞նց ա ստացվում՝ դատարան բերված Մովսես Ազարյանի հագուստների վրա բացակայում ա զինվորական հագուստների վրայի նշագրերը, որոնք պարտադիր են, քանի որ հենց դրանք են վկայում, թե տվյալ հագուստներն ում ա պատկանում: Էդ ո՞նց ա ստացվում՝ դատարանում Մովսեսը չի՞ ճանաչում իր սեփական հագուստը, որ Նորիկ Սահակյանին ա կանչում, որ ասի՝ հագուստն իրե՞նն ա, թե չէ»,- իր խոսքում նշեց Արկադի Բարսեղյանը:

Դեռ նախորդ նիստին, պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան էին ներկայացվել Մովսես Ազարյանի հագուստները: Պաշտպանները միջնորդության հիմքում նշել էին այն փաստը, որ իրենց պաշտպանյալները Ռազմական ոստիկանությունում և Քննչական կոմիտեում մի շարք բռնությունների և խոշտանգումների են ենթարկվել: Այնինչ դատարանում ուսումնասիրված հագուստները ոչ միայն անանուն էին, այլև զերծ որևիցե հետքներից:

Քրեական գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 8-ին, որի ընթացքում պետք է ուսումնասիրվի գործով անցնող մյուս 3 ամբաստանյալների՝ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի և Վաչե Սահակյանի հագուստները:

Հավելենք, որ 4 ամբաստանյալներից և ոչ ոք չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, շեշտելով, որ «գործը սարքում են իրենց գլխին» և իրենք լիովին անմեղ են: Ամբաստանյալներից Նորիկ Սահակյանն ընդհանրապես հրաժարվեց հարցաքննությունից:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here