Դատախազությունը հետ է վերցրել իրավապաշտպանի դեմ ներկայացված բողոքը

0
3028

Գլխավոր դատախազությունը հետ է վերցրել «Վելես» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Այս տարվա մայիսի 30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մնացական Մարտիրոսյանն արդարացրել էր ուրիշի գույքն անհատույց շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ մեղադրվող Մարինա Պողոսյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հափշտակել էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը և վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ճանաչել  եւ հռչակել էր  Մարինա Պողոսյանի անմեղությունը  եւ վերացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը։  Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց քննության էր թողել Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։

Վերաքննիչ բողոք էր ներկայացրել ոչ միայն գործով մեղադրող Բագրատ Ղազինյանն, այլ նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը:  Հրանտ Անանյանը պահանջում է Մարինա Պողոսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման  եւ հօգուտ հայցվոր Սարո Մերասի բռնագանձել   57.820.000 ՀՀ դրամ գումար  որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Գործով դատախազ Բագրատ Ղազինյանն էլ  պահանջել  էր Մարինա Պողոսյանին  մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ եւ դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Իսկ ներկայացված պահանջի չբավարարման դեպքում՝ բեկանել դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ մեկ այլ կազմով քննության։ Սակայն ներկայացված բողոքից որոշ ժամանակ անց վերադաս դատախազը հետ էր վերցրել բողոքը:

Գլխավոր դատախազության  հանրային կապերի հետ բաժնից <Forrights.am>-ին հայտնեցին, որ այս գործով  վերադաս դատախազը, հանգել է եզրակացության, որ դատավճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու բավարար հիմքեր չկան և ետ է վերցվել ներկայացված բողոքը:  Դատախազը հիմք է ընդունել դատարանի դատավճռով Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքին տրված գնահատականները, ինչպես Սևակ Լսկավյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝  Սևակ Լսկավյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. ապրիլից մինչև 2013թ. ժամանակահատվածում, յուրացման եղանակով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումար:

Վճռաբեկ դատարանը Սեւակ Լսկավյանի գործով արձանագրել է, որ վերջինիս մեղսագրվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը հիմնավորող փաստական տվյալներ քրեական գործում բացակայում են, ավելին` արարքի փաստական կազմը ներառում է քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի  եւ  Սևակ Լսկավյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են և ծագել են փոխադարձ համաձայնության հիման վրա կնքված` «Ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին» թիվ Գ12-013 պայմանագրից:

Ըստ Վճռաբեկ դատարանի հիմնավորումների՝ Սեւակ Լսկավյանը ապահովագրական ընկերության անունից իրավունք է ունեցել կնքելու ապահովագրական վկայագրեր, որոնց արդյունքում ձևավորվող գումարից իրեն հասանելիք միջնորդավճարի մասով անձամբ կամ ընկերության կողմից հաշվանցում կատարելու արդյունքում պետք է մնացած գումարը փոխանցվեր ապահովագրական ընկերության հաշվեհամարին:

Այսինքն` Սևակ Լսկավյանի կնքված 88 ԱՊՊԱ պայմանագրերից ձևավորված 2.413.033 ՀՀ դրամ գումարից իր միջնորդավճարի մասով պետք է կատարվեր հաշվանցում: Նման պայմաններում ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Սևակ Լսկավյանին մեղսագրվող յուրացման հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ ձեռբերված փաստական տվյալներից չի հետևում, որ ամբաստանյալը շահադիտական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ յուրացրել է ապահովագրական վկայագրերի կնքումից ապահովագրական ընկերությանը հասանելիք գումարը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտել  է, որ ամբաստանյալ Սեւակ Լսկավյանի նկատմամբ պետք է հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական գործի վարույթը կարճել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը, սակայն,  գտնում է, որ իրենց բողոքը հիմնավոր է եւ վերաքննիչ դատարանից արդարացի որոշում է ակնկալում: Որպես իրավահաջորդ հանդես է գալիս հանգուցյալ  Արփի Մերասի որդին՝ Սարո Մերասը:

Տուժող կողմը նշում է, որ բնակարանն առանց Արփի Մերասի իմացությամբ եւ հանձնարարությամբ է վաճառվել: Կանադահայ բարերարի որդին  լրատվամիջոցներից մեկին վստահեցրել է, որ իրենց նպատակը արդարության հաղթանակն է եւ իրենք ընդամենը իրենց  սեփականությունը հանդիսացող բնակարանն են հետ ուզում:  Բայց քանի որ Մարինա Պողոսյանն արդեն իսկ վաճառել է այն, ապա այժմ իրենք այդ բնակարանի վաճառքից գոյացած գումարներն են պահանջում:

Փոխարենը Մարինա Պողոսյանը վկայակոչում է Արփի Մերասի կողմից  2008, 2010 եւ 2013 թթ. տրված լիազորագրերը, որոնցով  հիմնավորվում  է, որ ինքը որեւէ մեկին գումար փոխանցելու պարտավորություն չունի: «Լիազորագրի տեքստում գրված է, որ ես կարող եմ իմ հայեցողությամբ, իմ նախընտրած գնով վաճառել, գրավ դնել, անհատույց օգտագործման հանձնել բնակարանը եւ այլն, քանի որ այդ բնակարանի համար բավականին մեծ գումարներ էի ներդրել»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here