ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը նախ պետք է բացատրություն տա, թե ինչպես է եղել, որ Մարտի մեկին իր կողքին գտնվող 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգրայանը մահացու վիրավորվել է: Նաև պատասխան տա, թե ինչո՞ւ էր բերել զորքը Մարտի մեկին, ի՞նչ գործ ուներ ժամկետային զինծառայող Տիգրոն Աբգարյանը Երևանի կենտրոնում:
Forrights.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ հակադարձելով Գրիգոր Գրիգորյանի հայտարարությանը, թե 2008թ մարտի 1-ին մահացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Աբգարյանը չէր կարող սպանվել հատուկ ջոկատայինների կողմից:
Նշնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` «Շերիֆը», ասել է, թե Տիգրան Աբգարյանը չէր կարող զոհվել հատուկ ջոկատայինի գնդակից, քանի որ հատուկ ջոկատայիններ այդ ժամանակահատվածում դեպքի վայրում չեն եղել:
«Դե, եթե Գրիգոր Գրիգորյանն այդքանն ասել է, պետք է նաև ասի, թե ով է այդքան մոտիկ եղել, որ կարողացել է իրենց մոտենալ և զինվորականին կրակել, որովհետև 19-ամյա Տիգրան Աբգարյանի վնասվածքների ձևն ու ամեն ինչը խոսում են էն մասին, որ նրա վրա մոտիկից են կրակել: Եթե Գրիգոր Գրիգորյանը նման հայտարարություն է անում, պետք է ասի նաև, թե ինչպես եղավ, որ իրենից քիչ հեռավորության վրա զինվոր սպանվեց»,-նշեց փաստահավաք խմբի անդամը:
Փաստահավաք խմբի նախկին անդամը հիշեցնում է, որ Մարտի մեկին զինվորականները ցրված չեն եղել Լեո փողոցի վրա, եղել են մի տարածքում, որտեղ եղել է նաև ինքը՝ Գրիգոր Գրիգորյանը: «Այնպես որ, այդքան հեշտ Տիգրան Աբգարյանը չէր վիրավորվի, ինչպես որ փորձում են ներկայացնել՝ խփեցին, փախան, իրենցից ոչ մեկն էլ չկարողացավ բռնել ու իմանալ, թե ով խփեց, փախավ»,-շեշտեց Սաֆարյանը՝ շարունակելով. «Թող Գրիգոր Գրիգորյանն ասի, թե ինչո՞ւ էր բերել զորքը Մարտի մեկին: Եթե էսօր Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում, որ ինքն առնչվում է զորքը Երևան բերելու ու Մարտի մեկի օպերացիային մասնակցելու գործողություններին, ինքն ինչո՞ւ էր «ինքնագլուխ» էդպիսի գործողություններ ձեռնարկել: Ի՞նչ գործ ուներ ժամկետային զինծառայող Տիգրոն Աբգարյանը Երևանի կենտրոնում, որ այդպիսի իրավիճակում հայտնվեր: Էդ 18-19 տարեկան երեխաներին ինչո՞ւ էին բերել, իրենց ծնողների դեմ օգտագործում»:
19-ամյա զինծառայողի վիրավորման ու մահվան հանգամանքների առթիվ նախկին պաշտոնական վարկածում հակասություն կա: Ըստ նախկին իշխանության օրոք հրապարակված վարկածի՝ Տիգրան Աբգարյանը 2008թ. մարտի 1-ին, ժամը 22.20-ին «պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց, ուր 40 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո՝ նա ապրիլի 11-ին մահացել էր Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում:
Դատաբժշկական փորձաքննության և Տիգրանի հիվանդության պատմության մեջ, սակայն, նշված է, որ զինվորը Միքայելյան հիվնադանոց է տեղափոխվել մարտի 2-ի կեսօրից հետո: «Ո՞ւր են տարել Տիգրան Աբգարյանին, ինչո՞ւ է Միքայելյան հիվանդանոցը ընդունել նրան միայն մարտի 2-ին, ժամը 16-ին: Ինչո՞ւ է նրա հիվանդության պատմության մեջ դա արձանագրված: Կուզեի դրա հետ կապված Գրիգոր Գրիգորյանն իր ասելիքն ասի: Իրենց 19 տարեկան զինվորականն է, և թող ասի՝ ինչ է մտածել՝ այսքան ժամանակ լռելով: Կամ ուր է եղել Տիգրան Աբգարյանը մինչև հիվանդանոց ընդունվելը: Գրված էր, որ Տիգրան Աբգարյանը վիրավորվել է ամսի 1-ի երեկոյան, բայց բոլոր փաստաթղթերում գրված է, որ Տիգրանը հիվանդանոց է ընդունվել մարտի 2-ին ժամը 16-ին»:
Սաֆարյանի խոսքով՝ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներում շատ առեղծվածներ կան: «Եվ դրանց պատասխանը օբյեկտիվորեն պետք է տան այդ օրը նրա կողքը կանգնած մարդիկ, այդ թվում՝ ինքը՝ Գրիգոր Գրիգորյանը, բայց ոչ նման կերպ և ոչ իրեն ցանկալի մեկնաբանություններով»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ մինչ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած վարկածը, որով նոր քննությունը պարզել է, որ զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ Քոչարյանի հրամանագիրը հիմնավորելու համար, նախկին վարկածով՝ Աբգարյանը մահացել էր ցուցարարների արձակած գնդակից:
Սեդա Սաֆարյանը արժանահավատ է համարում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հնչեցրած վարկածը: «Որովհետև, եթե դա ճիշտ չէ, վտանգավոր է: Չի կարող էդպիսի բան լինել: Երևի թե քննչական մարմինները ավելի առաջ կգնան, իմ կարծիքով շատ հեշտ է պարզել, թե կոնկրետ ով է խփել Տիգրան Աբգարյանին»,-հույս հայտնեց փաստաբանը:
Նրա տպավորությամբ՝ Գրիգոր Գրիգորյանի հայտարարությունը պաշտպանողական է: «Ինչ տարօրինակ բան ասես էսօր հնչեցնում են նախկին զինվորականներն ու իշխանավորները՝ առանց ամաչելու: Գուցե Հակուկ ջոկատայիններից տեղյակ է, կամ անտեղյակությունից էդպիսի արտահայտություն է անում: Ամեն դեպքում, լավ նախապատրաստված է եղել Մարտի մեկը, ու բոլորն էլ գիտեն, թե ինչ ուժեր են գործել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով. «Իմ համար Գրիգոր Գրիգորյանի հայտարարությունները քիչ արժանահավատ են, նրանք ունեն իրեն պաշտպանելու խնդիր: Իրենց պաշտպանելու համար կարող են այդ սպանությունը վերագրել ցուցարարներին: Իրենց որ մնա՝ զորքը չի մասնակցել, օլիգարխների թիկնապահներն էլ չեն եղել, Քոչարյանին էլ չեն ճանաչում»:
Սեդա Սաֆարյանը նաև հիշում է, որ Գրիգոր Գրիգորյանը ժամանակին հրաժարվել է հարցաքննվել փաստահավաք խմբում. «Իսկ ո՞ւր էր ինքը, երբ Փաստահավաքը խումբը փնտրում էր նույն Գրիգոր Գրիգորյանին՝ հարցաքննելու համար: Զանգել, փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի հետ առանձին զրուցում էր, ու թե ինչ էր զրուցում, չգիտեմ: Թող դրա մասին խոսի»:
Նշենք, որ փաստահավաք խումբը դեռ 2010 թվականին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին էր ներկայացրել իրենց հերթական զեկույցը մարտի 1-ի զոհերից մեկի՝ ոստիկանության 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Փորձագետները շարադրել էին Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության եւ այլ պատասխանատու անձանց «կատարած ապօրինությունները, գործի քննության ընթացքում միտումնավոր կատարված բացթողումները, թերությունները»:
«Եթե հայտարարել են, թող բարի լինեն կարճ ժամանակում ցույց տան հատուկ ջոկատայինի անուն-ազգանունը»
Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի օրերս արած հայտարարությանը, թե «2008 թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ են, և այսօր իրենք կարող են հայտարարել, որ վերջինս սպանվել է հատուկջոկատայինների կողմից, ինչը փաստող հստակ ապացույցներ գոյություն ունեն», փաստահավք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության «Խաղի կանոններ» հաղորդման ժամանակ անընդունելի է համարել նախաքննության գաղտնիք բացահայտելը:
«Չեմ ընդունում, որ մամուլի ասուլիսների ժամանակ կարելի է նախաքննական գաղտնիքները դարձնել օգտագործման գործիք, որպեսզի գաղտնալսման թեմայի հնարավոր մեղադրանքները լռեցնել՝ նախաքննության նոր ձեռք բերված ապացույցներն ի հայտ բերելով: Չի կարելի այդպիսի բան անել: Բայց որ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների մեջ կային հիմնավոր կասկածներ, գուցե նախաքննական մարմինը հիմա ձեռք է բերել շատ լուրջ ապացույցներ, որին ես տեղյակ չեմ: Բայց իմ մոտ հարց է առաջանում. Եթե մենք շեշտում ենք՝ «հատուկջոկատային», իմ մոտ հարց է առաջանում՝ կոնկրետ ո՞ր կառույցի հատուկջոկատայիններն են, որովհետև հատուկջոկատայիններ ունեցել են ՊՆ-ն, Ներքին գործերը, ԱԱԾ-ն, այլ հատուկջոկատայիններ, որի մասին հիմա այստեղ չեմ ցանկանում խոսել»,-ասել է Քոչարյանը:
Ըստ ՀՔԾ պետի՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, թե արդեն զոհեր կան, հիմնավորվեն, ու արտակարգ դրություն մտցնելու համար հիմք հանդիսանան։
«Եթե ասում ենք՝ հատուկջոկատային, և դա իրականություն է, նաև կրակողը, որը հատուկջոկատայինի մեջ է եղել, արդեն տեղեկացված է, որ ինքը բացահայտված է, և անթույլատրելի է այդպիսի տեղեկատվությունն ասուլիսում հնչեցնել»,-նշել է Քոչարյանը՝ հավելելով. «Այնպես որ՝ եթե հայտարարել են, թող բարի լինեն կարճ ժամանակում ցույց տան հատուկջոկատայինի անուն-ազգանունը, տեղը: Եթե ոչ, ուրեմն՝ մենք կասկածի տակ ենք դնում նախաքննության ձեռք բերած նոր հանգամանքները ևս»:
ՀԳ. ՀՔԾ-ից հրաժարվեցին մեկնաբանել Գրիգոր Գրիգորյանի հայտարարությունը, ինչպես նաև արձագանքել փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի դիտարկումներին:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: