Արայիկ Խանդոյանի առողջության վատթարացմանը նպաստել են դատարանում խոշտանգումները

0
1216

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող «Սասնա Ծռեր 2» քրեական գործն այսօր հետաձգվեց։ Խմբի անդամ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը, չնայած ներկայացել էր դատական նիստին, սակայն իրեն վատ էր զգում։
Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին հայտնեց, որ նիստը հետաձգման կարիք ունի. «Իմ պաշտպանյալն այս պահին իրեն շատ վատ է զգում, ունի ստացիոնար բուժման կարիք։ Բացի դրանից, հիվանդանոցը ևս գրություն է ուղարկել, որտեղ ներկայացված են Արայիկ Խանդոյանի առողջական խնդիրները»,- հայտարարեց պաշտպանը:

Պաշտպանական կողմը միացավ Ղարագյոզյանի միջնորդությանը, մեղադրող դատախազները նույնպես չառարկեցին, շեշտելով՝ եթե առկա է գրություն բժշկական կենտրոնից, դա իր հերթին ևս ենթադրում է, որ նիստը պետք է հետաձգվի. «Միայն իմանանք, թե որքան ժամանակ է հարկավոր ամբաստանյալին պատշաճ բուժօգնություն ստանալու համար: Հնարավոր է երկար տևի»,- իր խոսքում նշեց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց 2 շաբաթով, հույս հայտնելով, որ այդքան ժամանակը բավարար կլինի կազդուրվելու համար: Բացի դրանից, դատավոր Մակյանը նշեց, որ մինչև այդ ավարտված կլինի նաև Պավլիկ Մանուկյանի համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունը և արդյունքներն իր մոտ կլինեն:
Քրեական գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 3-ին:

Պաշտպան Արա Ղարագյոզյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացմանը նպաստել են դեռ անցյալ տարի կատարված խոշտանգումները.

«Արցախյան պատերազմի տարիներին Խանդոյանը գլխի շրջանում մի քանի վնասվածներ է ստացել, որոնք իրենց ավելի զգացնել տվեցին մեկ տարի առաջ ծեծի ենթարկվելու պատճառով: Հիմա նա պետք է ստացիոնար բուժում ստանա պետպատվերի շրջանակներում: Հստակ չեմ կարող ասել՝ արդյո՞ք կա կյանքին սպառնացող վտանգ, թե ոչ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այս գործով անցնող 10 ամբաստանյալներից այս պահին ազատության մեջ են գտնվում 7-ը: Նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, ստորագրությամբ և անձնական երաշխավորությամբ: Պավլիկ Մանուկյանը և ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը շարունակում են մնալ կալանավորված:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here