Արտակ Զեյնալյանը չի ընդունել ցմահ դատապարտյալին. նա վերսկսել է հացադուլը

0
169

Օգոստոսի 1-ից հացադուլ անցկացնող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը մեկօրյա դադարից հետո վերսկսել է հացադուլը: Վաղարշակը տեղափոխվել է առանձին խուց: Արդեն 14 տարի բանտում գտնվող ցմահականը հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

Վաղարշակ Ավետիսյանի հարազատները Forrights.am-ին տեղեկացնում են, որ նա պահանջում է վերանայել իր գործը: Իրեն մեղավոր չի ճանաչում, հանցավորությունն ապացուցող փաստեր չկան և դատապարտվել է 1 անձի ցուցմունքի հիման վրա:Տեղեկանալով, որ Արմավիր ՔԿՀ է այցելելու Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նրան հանդիպելու հույսով Վաղարշակը օգոստոսի 7-ին դադարեցրել էր հացադուլը: Սակայն երեկ ՔԿՀ այցելած Արտակ Զեյնալյանը չի ընդունել Ավետիսյանին ու չի լսել նրա հարցադրումները:

Արդարադատության նախարարի այսպիսի վերաբերմունքը աառնվազն տարակուսելի է:Համաձայն Արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ. «լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց»: Forrights.am-ի տեղեկություններով՝ Արտակ Զեյնալյանը զրուցել է ցմահականներից Ստեփան Գրիգորյանի ու Արսեն Արծրունու հետ:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008 թվականի մարտի 16-ին՝ Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Իրեն վերագրվող արարքը չի ընդունում: Դատապարտված լինելով 1 անձի ցուցմունքի հիման վրա՝ 10 տարուց ավելի Ավետիսյանը պահանջում է վերանայել իր գործը: Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանն ավելի վաղ Forrights.am-ին պատմել է, թե ինչու որդին չի ընդունում իրեն վերագրվող արարքը.

«2008 թվականի հունվարին տղաս, որ այդ ժամանակ 20 տարեկան էր, իր ընկերոջ հետ գնում է ԼՂՀ: Հետ վերադառնալիս մի տաքսի են նստում, որը ճանապարհին փչանում է, իսկ երբ վարորդը գնում է քարշակ բերելու, տղաս ու ընկերը մեքենայից մի քանի իր են վերցնում և փախչում: Դրանից հետո տաքսու վարորդի տղան գալիս է մեր տուն, պահանջում են այն գումարը, որը պետք է վճարվեր ճանապարհի համար ու ես այդ ժամանակ եմ իմանում այդ միջադեպի մասին: Որդուս ասում եմ, որ այդ գումարը պարտադիր պետք է վճարի, ես ինքս էլ այդ գումարի մի մասը տալիս եմ: Հենց այդ միջադեպն է պատճառը, որը նույն տարվա մարտին մեկ այլ տաքսու վարորդի հետ տեղի ունեցած դժբախտությունը սկսեցին կապել որդուս հետ»,- պատմում է տիկին Բադալյանը:

Վաղարշակի իրավունքները խախտվել են ձերբակալման հենց առաջին րոպեից: Ձերբակալման արձանագրության մեջ կեղծիք են կատարել. չեն նշել, որ նա ինքնակամ է ներկայացել, նշել են, թե Վաղարշակը բերման է ենթարկվել.

«Որդուս մեկուսարանից տեղափոխեցին Գորիսի ձերբակալվածների վայր ու այնտեղ պահեցին 4 ամիս: Այդ չորս ամիսների ընթացքում նրան ամեն օր, ամեն ժամ դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել են.՝ ստիպել իր վրա վերցնել տաքսու վարորդի սպանությունը: Երբ ես պահանջեցի, որ որդուս հագուստը ինձ տան, հրաժարվեցին, քանի որ այն ամբողջությամբ արյան մեջ էր: Էդքան ծեծելուց հետո հանցագործությունն իր վրա չի վերցրել։ Ծեծն ու ջարդը ավարտվեցին միայն այն ժամանակ, երբ տղաս սպառնաց, որ ինքնասպան կլինի: Այդ ժամանակ նրան տեղափոխեցին Գորիսի բանտ, իսկ արդեն դատավճռից հետո հետ բերեցին «Նուբարաշեն»»,- պատմում է ցմահ դատապարտյալի մայրը:

Մարինե Բադալյանի խոսքով՝ ողջ նախաքննության ու դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել որդու այն ընկերներն ու ծանոթները, ովքեր պատրաստ էին հաստատել, որ սպանության օրը և ժամին Վաղարշակը ավտոլվացման կետում է եղել.

«Նրանք ուղղակի աչք փակեցին այս բոլոր փաստերի վրա և հենց ամենասկզբից էլ՝ դատը դեռ չեղած, համոզված էին, որ ամեն ինչ տղայիս վրա են գցելու ու գործը փակեն: Այդպես էլ արեցին, ու որդիս արդեն 10 տարի է նստած է»,- ասում է Մարինե Բադալյանը:31-ամյա Վաղարշակը 7 տարի առաջ ամուսնացել է:

Ռոբերտ Անանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here