Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին

0
25

Արցախյան կոնֆլիկտի լուծումից խոսելիս Հայաստանը կհնչեցնի փոխզիջումների մասին իր պատկերացումները, երբ կլսի, թե Ադրբեջանն ինչ է պատրաստ փոխզիջել. «Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է հարցն այդպես լուծել, եթե նույնիսկ շատ ուզենա»,- Կառավարությունում հրավիրած ասուլիսում հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջազգային փաստաթղթերում է արձանագրված, որ կարգավորման վերջնական փուլում պետք է Արցախը ներգրավված լինի պրոցեսում և հարցի լուծումը չի կարող լինել առանց Արցախի ժողովրդի կամքը հաշվի առնելու:

Փաշինյանն արձանագրում է՝ կարգավորման գործընթացը չի կարող արդյունավետ լինել Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների ֆոնին. «Վերջին շրջանում սահմանում Ադրբեջանի ակտիվացումը կապում եմ այդ երկրի ղեկավարության մտահոգության հետ, թե Հայաստանում տեղի ունեցածից Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորվել, թե այս պրոցեսը կարող է տարածվել դեպի Ադրբեջան և փորձում են իրենց հանրության ուշադրությունը Ադրբեջանում կոռուպցիայի և ժողովրդավարության խնդիրներից շեղել դեպի սահման»:

Վարչապետը մանրամասներ բացահայտեց իր ու Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից: Ներքաղաքական թեմաներին անդրադարձ չի եղել, հիմնականում զրույցը Արցախին է վերաբերել. «Նա փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ կարող են ինձ հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ես ասեմ, որ ինքը չի հայտնել ինձ ոչ հայտնի տեղեկություններ»:

Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ հարաբերություններում բարձր նշաձող է սահմանել: ԵՄ-ն մեզ հետ հարաբերվում է «ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով»: Վարչապետի խոսքով՝ Եվրամիության առաջարկած բանաձևը չի հաշխատում հենց իր համար. «Ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ նրանք Հայաստանում ակնկալում են փոփոխություններ: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները»:

Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներին ուղիղ ասել է՝ այսօրվա կառավարությունն առանց հավելյալ 1 լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում և անկախ դատական համակարգ ունենալու համար արել է ավելին, քան ԵՄ-ի ու Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցությամբ տեղի է ունեցել՝ ծախսելով տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով. «Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չեն արել և չենք անելու: Մենք ինչ-որ անում ենք, անում ենք մեր ժողովրդի՝ մեզ տված մանդատը իրացնելու համար»,- հստակեցնում է վարչապետը:

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստովանում է՝ նախկինում ինքը չի էլ պատկերացրել, թե հայաստանյան կոռուպցիայի արմատները որքան խորն են. «Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին»,- ասում է վարչապետը:

Կոռուպցիոն բացահայտումները հասել են նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնք ծափահարել են հեղափոխությանը: Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն պատժվի. «Երբ ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի անդամի դեպքում, ես կատակ չեմ արել: Ես ասել եմ ամենայն լրջությամբ: Առավել ևս մյուսները պետք է հասկանան, որ այդ պայքարը ոչ մեկի դեպքում՝ կանգ չի առնելու»,- արձանագրում է վարչապետը:

Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում հսկայական գումարներ են գեներացվում: Փաշինյանի խոսքով՝ առաջին հերթին կառավարության խնդիրն է նոր վարկեր վերցնել ու մեծացնել պետական պարտքը: Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուները երկուսն են՝ կոռուպցիայի դեմ պայքար և անկախ դատական համակարգի ստեղծում: Օրենսդրական փոփոխություններով, առաջնային՝ հարկային օրենսգրքում, կառավարությունն այս քաղաքականությունը պետք է ամրապնդի: Նոր շունչ կտրվի փոքր ու միջին բիզնեսին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here