Տավուշի մարզի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 20-ամյա Արսեն Մխիթարյանի մահվանից անցել է շուրջ 4 տարի։ 2016 թվականի հուլիսի 3-ին «Մեհրաբ»-ի «Լույս» մարտական հենակետում, հայտնաբերվել էր Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անմիջապես հետո զինվորի մահը պաշտոնապես որակվեց որպես ինքնասպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Զինծառայողի հայրը՝ Արթուր Մխիթարյանը, սակայն համոզված է՝ որդուն սպանել են, իսկ նախաքննական մարմինը շահագրգռված չէ բացահայտել սպանությունը, ավելին՝իրեն են «ահաբեկում»։ Որդու մահվան օրերին իրենց այցելած լրագրողներին զինծառայողի մայրը՝ Լուսինե Մխիթարյանը, հուզված վիճակում ասել է, որ 700 դոլլար գումար էին տվել գումարտակի հրամանատար Վահան Յայլոյանին, որպեսզի Արսենին այլ գումարտակ տեղափոխեն։
Տեսանյութը տարածվելուց կարճ ժամանակ անց, Արթուր Մխիթարյանին են այցելում Դատախազությունից և հայտնում, որ տեսանյութում առկա խոսքերը հանցագործության մասին հաղոդում են՝ կաշառք տալու և ստանալու հոդվածով․
«Վիդեոյում կինս նեղված, լացակումած ասում էր՝ սրիկանե՛ր, կաշառակերնե՛ր, փողը վերցրիք՝ երեխուս գումարտակից գումարտակ տեղափոխելու համար ու կերաք, տարաք երեխուս սպանեցիք։ Մարդիկ էլ, առանց կնոջս հոգեվիճակը հաշվի առնելու, գործ են հարուցում մեր վրա»,- Forrights-ին ներկայացրեց սպանված զինվորի հայրը:
Քրեական գործի հարուցումից հետո սկսվում են հեռախոսազանգերը։ Նրանց տուն է այցելում ոստիկանության տեսուչը, նրա տեղակալը, անգամ պետի ժամանակավոր պաշտոնակատարը․
«Ուզում էին ինձ տանեին, որ ես էլ շարունակեի էդ սուտը։ Երեխուս սպանությունը թողել, իմ հետևից էին եկել։ Ինչի՞ երեխուս սպանության գործով մի օր դուռս չեք թակում»,- հարց է տալիս Արթուրը։
Զինծառայողի հոր հետ հանդիպում է ունեցել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հայրը կարծել է, որ դատախազն իր որդու մահվան դեպքի դանդաղ քննության մասին է խոսելու, սակայն հանդիպման հենց սկզբում կրկին հիշատակվել է կաշառք տալու գործը․
«Հունից դուրս եկա, ասում եմ՝ էդ սպանությունը հեչ, կաշա՞ռք եք բերում դեմ տալիս։ Դատախազն էլ թե բա՝ մենք քո հետ չենք կարող կոմպրոմիսի գալ, դու բոլորի վրա դանակ ես քաշում։ Ավելի բորբոքվեցի, ասում եմ՝ ո՞ւր ա իմ սպանածները, բերեք աչքս տենա, իսկ ձեր սպանածները նայեք, քանի հոգու կարող եմ ցույց տալ։ Ասեցի ու դուրս եկա»։
2018 թվականին քրեական գործը տեղափոխվում է Ազգային անվտանգության ծառայություն։ Մխիթարյանը հույս է ունենում, որ գոնե այնտեղ «պատշաճ քննություն կընթանա և իրենց վրայից կհանեն շինծու մեղադրանքը»․
«Քննիչի մոտ մտնելս ու կաշառք տալու թեման բացելը մեկ եղավ։ Էլ չդիմացա, ասեցի՝ սենց եք անում, որ ես նվաստանամ ու ընկճվե՞մ։ Չեմ նվաստանալու, էդ դուք եք նվաստանալու։ Ես չեմ պատրաստվում էս շինծու գործն իմ վրա վերցնեմ»,- հայտարարել է զոհված զինծառայողի հայրը։
ՀՀ գլխավոր դատախազությունը Forrights-ի հարցմանն ի պատասխան հաստատեց, որ հայտարարության հեղինակը բազմիցս է հրավիրվել իր կողմից նշված՝ կաշառք տալու հայտարարության կապակցությամբ ցուցմունք տալու, ինչից սակայն, կտրուկ հրաժարվել է:
«Նշված հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որպես մեղադրյալ ներգրավված է երկու անձ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով` խարդախություն՝ պատշոնեական դիրքն օգտագործելով և 5-րդ կետով՝ կաշառք ստանալու պատրվակով, 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրամանատարի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը: Նախաքննության արդյունքներով պայմանավորված՝ բոլորի գործողություններին կտրվեն համապատասխան վերջնական իրավական գնահատականներ»,- նշում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նկատենք, սույն քրեական գործի քննությունը շարունակվում է արդեն 4 տարի: Արթուր Մխիթարյանը՝ կաշառքի գործով նման «հետապնդումը» դիտարկում է որպես շանտաժ և հայտարարում՝ մինչև վերջ գնալու է․
«Երեխուս սպանությունը բացահայտեք, ոչ թե եկեք ինձ ահաբեկեք, որ ես ձենս կտրեմ»։
Ռոզա Վարդանյան
Լուսանկարները՝ Անի Գևորգյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: