«Ակնհայտ էր՝ ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում մենք ոչ թե իրավաբանության հետ ենք գործ ունեցել, այլ եղել է քաղաքական պատվեր, որը կիսատ-պռատ բերեցին հասցրին ավարտին»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Ժիրայր ՍԵֆլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Օրեր առաջ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը:
Դեռ նախորդ տարվա մարտ ամսին՝ Առաջին ատյանը երեք հոդվածով մեղավոր ճանաչեց Շուշիի առաձնակի գումարտակի հրամանատարին, դատապարտելով 10 տարի 6 ամիս ազատազրկման։ Հեղափոխությունից հետո՝ Վերաքննիչ դատարանն առաջադրված հոդվածներից մեկը՝ շենք-շինություն զավթելը, հանել էր, ձևակերպելով՝ «հրաժարվել է մտադրությունն ավարտին հասցնել» նախադասությամբ։ Մնացել էր երկու մեղադրանք՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու մտադրություն ունենալը և կազմակերպված խմբի կազմում ապօրինի հրազեն կրելը։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը Սեֆիլյանին դատապարտում է 5 տարի 6 ամիս պատժաչափով․
«Վերաքննիչ որոշման դեմ բողոք էինք ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով։ Վճռաբեկ դատարանն էլ իր հերթին ՔՕ 225-ի 1-ին մասով համաներում կիրառեց, իսկ ՔՕ 235-ի 2-րդ մասով, որով վերաքննիչը 3 տարի ազատազրկում էր սահմանել, իջեցրեց՝ վերջնական պատժաչափ նշանակելով 2 տարի։ Քանի որ Սեֆիլյանը կալանքը կրել էր 2 տարի 14 օր, դրանով դատարանը համարեց, որ սահմանված պատիժը կրել է և քրեական հետապնդումը դադարեցրեց,- պարզաբանեց Պապիկյանը և հավալեց,- 14 օր ավել կալանքի տակ մնալու համար մենք դեռևս քայլեր կձեռնարկենք»։
Փաստաբանի համար Վճռաբեկ դատարանի որոշումը, եթե ոչ անակնկալ, համենայն դեպս սպասելի չի եղել։ Պապիկյանը մտածում էր, որ մասնակի համաներում կկիրառվի, անգամ չէր բացառում, որ Սեֆիլյանի նկատմամբ այլ դատապարտման ակտ կկայացվի․
«Հոգուս խորքում չէի հավատում, որ այսօր կա դատարան, կա համակարգ, որը կարդարացնի։ Դատախազությունը, ընդհուպ մինչև Վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ, պնդում էր, որ մեղադրանքը ճիշտ է։ Թեև Դատախազությունն «ատամներով պաշտպանում էր» մեղադրանքը, այնուամենայնիվ, երբ Վերաքննիչը մի մեղադրանքը հանեց, դրա դեմ վճռաբեկ բողոք չբերեց։ Եթե ճիշտ էին և այդքան վստահ, ինչո՞ւ բողոք չներկայացրին, թե՞ Առաջին ատյանում այլ կերպ էին վերաբերում մեղադրանքին»,- ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանի համար ակնհայտ էր Վճռաբեկ դատարանի նմանօրինակ որոշումը։ Սակայն փաստում է՝ համակարգը համարձակություն չունի կրկին բանտարկելու Ժիրայր Սեֆիլյանին։
«Այս ամբողջ կեղծիքի մեջ մեղավոր ճանաչվեց անմեղ Սեֆիլյանը՝ արդարացվելու փոխարեն, միևնույն ժամանակ բավարարվեց՝ կրած պատիժը բավարար համարելով»,- Forrights-ին է ասում Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Թավշյա հեղափոխությունն այս պահին կիսատ է մնացել և ավարտին չհասցվելու դեպքում, հղի կլինի նոր վտանգներով․
«Լիարժեք հեղափոխության հասնելու համար պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի նախորդ ռեժիմին և նրանց պարագլուխներին, իսկ որպես հանցավոր համագործակցություն ստեղծած և պետությունը զավթած մաֆիային՝ պետք է տեսնենք հայկական Նյուրենբերգի նստարանին։ Պետք է անցկացվի քաղաքական և տնտեսական լյուստրացիա, մաքրվի պետական կառավարման համակարգը, այլ ոչ թե բողոքել, թե համակարգը դիմադրում է, իսկ մի քանի օր հետո գնալ ու ԱԱԾ-ին շնորհակալություն հայտնել՝ լեգիտիմացնելով նրա գործունեությունը»,- նշում է Վարուժան Ավետիսյանը։
Հավելենք, որ Վճռաբեկ դատարանը դադարեցրել է քրեական հետապնդումը նաև քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Նա դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: