«2000 տարվա քրիստոնյա պետություն ենք, բայց աստվածային ներումը մինչ օրս չենք ընկալում»
«Պրոբացիայի ծառայությունը, որը պետք է հաշտեցման գործառույթ կատարի, իմ դեպքում հակառակն արեց։ Գնացել տուժող կողմին հարցրել էր՝ ո՞նց եք ներել Աշոտին, ո՞նց կարելի էր ներել նրան։ Լավ, մի՞թե Էսքան դաժան ղեկավարներ ունենք մենք, ու սենց պետությո՞ւն ենք ղեկավարում։ Չէ՞ որ պետությունը պետք ա ավելի շատ մարդասեր լինի…»
43-ամյա ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին Forrights-ն օրերս հանդիպեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ընդամենը երկու ամիս առաջ էր, երբ դատարանը որոշեց մերժել պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Աշոտն ուներ այն բոլոր «բաղադրիչները», որոնք թույլ են տալիս վաղաժամկետ հայտնվել ազատության մեջ, սակայն…Ի տարբերություն տուժողների, պետությունն Աշոտին չի ներում.
«Անկեղծ ասած՝ դատարանից սպասումը շատ մեծ էր ։ Բայց, ցավոք, կրկին դա տեղի չունեցավ։ Ինձ համար կարևոր էր դատարանի որոշման մեջ տեսնել պատճառաբանությունը մերժման, սակայն՝ չոր օրենքներ էր միայն: Ես միտված չէի դատարանին ասել՝ ինձ կազատես։ Չէ, ես ուղղակի ցանկանում էի, որ դատարանն ինձ տա որոշման պատճառաբանված մասը, որպեսզի ես իմանամ, թե հետագա քայլերս որոնք են լինելու»:
Դատավորները դեռևս կաշկանդված են. չեն կարողանում ճիշտ վճիռ կայացնել. «Հնի ներգործությունն այսօր շարունակվում է»: Նաև հանրությունը դեռ պատրաստ չէ ցմահներին իրենց կողքին տեսնել: Աշոտն ասում է, պետությունն այստեղ շատ գործ ունի անելու, սակայն իրավիճակը ավելի է վատացնում.
«Մեր հասարակությունը պատրաստ չի ընդունել, որ ցմահները ևս մարդ են: Զարմանում են, թե ոնց են տուժողները կարողանում ներել։ 2000 տարվա քրիստոնյա պետություն ենք, բայց աստվածային ներումը մինչ օրս չենք ընկալում: Բայց սա հասարակության խնդիրը չի, սա պետության և պատկան մարմինների գործն ա, այնինչ պետությունը հակառակ գործընթացն է իրականացնում»:
Նա պատմում է, թե ինչպես են արձագանքել մարդիկ, երբ տուժողներն իրեն ներել են:
«Երկու անձ այցելել էին իմ գործով տուժող կողմին, էդ մարդկանց զանգելով տեռռորի էին ենթարկել ու բերել հասցրել մարզպետարան, հետաքրքրվել, թե ինչու են ներել,, ի՞նչ իրավունքով։ Հնարավոր ա՝ մարդիկ իրենց կատարած հանցանքը գիտակցելով ներողություն խնդրեն, ներվեն, չէ՞, բա էլ ի՞նչ իրավունքով է պետությունը խառնվում, առավել ևս խոչընդոտում նրանց կապին»:
«Դատապարտյալին ծեծում էին, բայց ձայն չէինք հանում, համարելով պատժի ձևի մի մաս»
«Մահապատժի տարիներին մեր՝ գնդակահարության դատապարտվածներիս երազները բացառապես սննդի հետ էին կապված։ Երբ մարդիկ արթնանում էին, ոչ մեկս չէր պատմում, որ երազում գնացել էր կանաչ դաշտ կամ սիրած աղջկա հետ էր։ Չէ, ով արթնանում, ասում էր՝ էսօր մեր տանն էի, հաց էի ուտում կամ երազիս մերս մի բրդուճ հաց տվեց։ Այսինքն, էնքան սոված վիճակ էր, որ մարդիկ մենակ հացի մասին էին մտածում…սարսափելի տարիներ էին»:
Ըստ քրեակատարողական ծառայության զեկուցագրի, Աշոտ Մանուկյանն այսօր համարվում է «ուղղված դատապարտյալ»: Ցմահների մեջ նա եզակիների թվին է պատկանում, ով նման «կոչում» ունի: Դատապարտյալի համար հեշտ չի եղել անցնել այդ ճանապարհը, սակայն Աշոտը միշտ համարել է, որ դա պատժի մի մաս է կազմում։
«Դատապարտյալին ծեծում էին, բայց ձայն չէինք հանում, համարելով պատժի մի մաս, չհասկանալով, որ դա բերում էր շղթայական խախտումների։ Եթե մեկի, երկուսի դեպքում դա բարձրաձայնվեր, հավելյալ պատիժներ չէին լինի։ Այդ մարդիկ իրենց վերապահում էին պատժել դիմացինին՝ այդ իրավունքը չունենալով»:
Այս տարիներին փորձել է երբեք սխալ քայլ չանել, անել միայն այն, ինչը, հանրության համար սոցիալապես ընդունելի է։
«Ուզում եմ օգտակար լինել մարդկանց, ինչ-որ լավ բան անել։ Այս 24 տարիներ ընթացքում ես ոչ ոքի հետ ոչ մի վիճաբանություն չեմ ունեցել։ Գիտակցել եմ, թե էդ վիճաբանությունն ինչ հետևանք կարող ա թողնի»:
Աշոտն ասում է, պետությունը պետք է երկու գործառույթ ունենա՝ պատժող և ուղղող։ Մարդը, որն ունի հակասոցիալական վարքագիծ և հայտվում է բանտում, արդեն պետությունը պետք է և՛ պատժի իր հակասոցիալական արարքի համար, և՛ հոգատար լինի այդ մարդուն վերադաստտիարակելու համար։
«Ես աճել եմ ու էդ աճը ես ամեն պահ զգում եմ»
«1999 թվականն էր, չնայած արգելված էր, բայց պապս ամեն ամիս 1-2 գիրք էր ուղարկում։ Մի օր խուզարկություն եղավ, վերցրին գրքերն ու գետնին գցեցին, ոտքով հանեցին խցիցս: Շատ նեղվեցի, դա մեծ հարված էր ինձ համար, սկսեցի գոռգոռալ։ Ջղայնացած պահին, տղաներից մեկն ասեց՝ Աշոտ, երկու գրքի համար կատաղել ես, ասում եմ՝ գրքերս ա բա…սրբություն են ինձ համար։ Էդ պահին ընկերս ասեց՝ Աշոտ, բա դու պատկերացնո՞ւմ ես էն զոհված զինվորների ծնողների վիճակը…, դու երկու գրքի համար ես այդպես անում…Տեղումս սառեցի: Երևի մի 3-4 օր ոչ հաց կերա, ոչ էլ խոսեցի:
Հիմա, որպես հոգեբան, երբ վերլուծում եմ իմ կատարած քայլն ու արձագանքը, հասկանում եմ, որ էդ դրվագն իմ կյանքը միանգամից փոխեց…»:
Աշոտ Մանուկյանին մեղսագրվել է իր երեք համածառայակիցների սպանությունը: Նա ասում է բանակն իր վրա վատ հետք չի թողել: Սակայն միանգամից հավելում է՝ ուղղակի այդ ժամանակ բանակում մի քիչ շատ էր բարձիթողի վիճակ։
«Էն ժամանակ ես չէի գիտակցում, որ էդ վիճակը վատ ա: Երբ ես կարողանում էի 10 օրով բացակայել զորամասից, երբ ինձ ոչ ոք չի նեղացնում, էդ լավ էր իմ համար, բայց էդ լավը բերեց շատ վատ հետևանքնների։ Եթե մի քիչ խիստ ու զգոն լինեին, ես չէի կարողանա 10 օրով բացակայել զորամասից, դեպքն էլ՝ հաստատ չէր լինի: Ինչքան էլ զորամասը կապ ունենա, միևնույն ա, գլխավոր դերում՝ դու ես, ես եմ կատարել հանցագործությունը»:
Համակարգը շատ է կոտրել բանտում գտնվող տղաներին: Նրանցից տարել հույսը, հավատը, ուսում ստանալու և առաջ շարժվելու «մոտիվացիան»: Սակայն ինքը պարբերաբար ինքնաուսուցմամբ է զբաղվել, ընդունվել համալսարան և այսօր արդեն «Հոգեբանություն» ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է՝ գերազանց առաջադիմությամբ.
«Ես չեմ ցանկանում ինքս ինձ գնահատել, ես դեռ շարունակում եմ ուսումս։ Զգում եմ, որ ամեն կիսամյակ ավելի շատ բան եմ սովորում, գիտակցում։ Արդեն ցանկություն ունեմ երկրորդ տեղն էլ ուսումս շարունակել։ Ես աճել եմ, հա-հա, ու էդ աճը ես ամեն պահ զգում եմ»:
«…ու էս ամենի հետ երբեք չենք մոռանում տուժողի ցավը»
«Հենց էսօր առավոտ՝ մինչև ձեզ հետ հանդիումը, իմ համար զարմանալի մի բան եղավ։ Կալանավորված անձանցից մեկին հարցրի՝ արդա՞ր ա, որ հիմա դու այստեղ ես, ասեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանին, գեներալ Մանվել Գրիգորյանին դատում են իրենց արածների համար, ուրեմն՝ հա, նորմալ ա, ինձ էլ պետք ա դատեն։ 24 տարի ա նման բան չէի լսել։ Սա եզակի երևույթ էր»։
Մի քանի օր հետո Աշոտը կվիճարկի պայմանական վաղաժամկետ ազատման առաջին ատյանի դատարանի որոշումը՝ չնայած՝ արդարացի որոշման հույս չունի.
«…ու էս ամենի հետ երբեք չենք մոռանում տուժողի ցավը»։
«Հանգիստ և երջանիկ կյանքից ընդամենը մեկ քայլ է դեպի տառապանքներ»
Օրեր առաջ Երևանում, իսկ հետո՝ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցավ Աշոտ Մանուկյանի երկրորդ՝ «Կամքը հայի» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է երկու ստեղծագործություն` «Հայի ոգին», որը նվիրված է այն ազատամարտիկներին, ովքեր կերտեցին «մի նոր հերոսական էջ հայոց պատմության քառուղիներում` հարյուրամյակներ շարունակ ճնշված և դաժան ցեղասպանություն ապրած ազգից վերածնվելով պայքարող և հաղթող ազգի» և «Առյուծներ հայոց»՝ խորհրդանշական իննսունութ տողերով, որոնք նկարագրում են 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտը:
Ավելի վաղ Աշոտը հանրությանն էր ներկայացրել «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ…» գիրքը, որտեղ՝ դիմելով հայ զինվորին, մանրամասն նկարագրում է իր կատարած հանցանք, ապա զգուշացնում՝ չտրվել տաքարյունությունը և չկործանել մի քանի կյանք միանգամից:
Պատիժն ահարկու մեղքերիդ համար
Կոչվում է՝ ցմահ, քավարան մեղքի
Մեղավոր հոգիդ պիտի տառապի
Որ հույսդ վառվի ներող Քրիստոսի:
Աշոտ Մանուկյան
«Նուբարաշեն» ՔԿՀ, 2017 թ.
Առավել մանրամասն տեսանյութում․
Ռոզա Վարդանյան
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: