Մարտունեցի էլեկտրիկ Կոմիտաս Ղահրամանյանը սեպտեմբերի 19-ին մեկ տարբերակ է ունեցել երեխաներին անվտանգությունն ապահովելու համար, նրանց համար թաքստոց է ընտրել կալանավայրը։

«Աշխատանքի էի, կեսօրին եկել էի տուն, սկսեցին կրակելը, հասկացա, որ կռիվ է։ Էրեխոցը ուղարկեցի ոստիկանություն, որտեղ դատապարտյալներն էին նստում, այդ ժամանակ ազատ էր, ամենաապահով տեղն էր»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց 55-ամյա Կոմիտաս Ղահրամանյանը։

Երեխաների անվտանգությունը քիչ, թե շատ ապահովելուց հետո նա գնացել է Մարտունու քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչով կարող է օգնել քաղաքին այդ ծանր իրավիճակում։

«Մտա քաղաքապետի՝ Ազնավոր Սաղյանի մոտ, ասաց Կարվինում երեխաներ կան, գնա, բեր ապաստարան»,-Կարվինը Մարտունիի հարևանությամբ գտնվող բնակավայր է։

«Հետո ասաց գնալու ենք Կոհակ (բարձունք), թշնամին առաջ է եղել, չպետք է թողնենք, որ էլ ավելի չառաջանա։ Մի յոթ հոգով էինք, իմ Ֆորդով գնացքինք, քաղաքապետարանից էի զենք ստացել։ Հետո հնարավոր չէր մեքենայով, մի երեք կիլոմետր քայելցինք, մինչև հասանք մերոնց, մի 300 մետր նահանջել էին»,-ասում է Կոմիտասը և հիշում, որ թեժ մարտերի են մասնակցել։

Կամիտասը պատմում է՝ երկու զոհ են տվել, ինքը վիրավորվել է, քաղաքապետ Ազնավոր Սաղյանի զոհվելու մասին հիվանդանոցում է լսել։ «Գիշերը թշնամին փակել էր Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը, չէինք կարողանում տեղաշարժվել, բայց Մարտունի չէին կարողացել մտնել, Շուշիի կողմից են եկել»։

Կամիտասին վիրավորվելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, նա մայրաքաղաքից չի կարողացել վերադառնալ Մարտունի, ընտանիքի անդամները և մյուս մարտունեցիները թշնամու զորքով շրջափակված ճանապարհով են բռնի տեղահանվել իրենց քաղաքից։ «Որ եկել են ադրբեջանցիները լցված են եղել ճանապարհին, եկել, անցել են։ Լսել եմ, որ մարդկանցից հագուստ են վերցրել»։

Կոմիտասը այդ օրերին ծանր հոգեբանական իրավիճակում է հայտնվել, մի կողմից շրջապատման մեջ գտնվող ընտանիքն էր, մյուս կողմից բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցում ստեղծված իրավիճակը։ «Ծանր վիրավորների էին բերում, վերջում արդեն ոչ մեկի մասին հոգ տանող չկար, ամենքն իր մասին էր մտածում։ Ինձ էլ պետք է վիրահատեին, բժիշկն ասաց՝ չեմ կարող, հնարավոր չէ, մինչև հիմա բեկորը վզիս մեջ է»։

Բեկորը 55-ամյա տղմարդու մարմնում է, պարբերաբար զգացնել է տալիս իր մասին։ Նա այժմ ֆինանսական խնդիրներ ունի, չի կարողանում բժշկական օգնություն ստանալ։

Կոմիտաս Ղահրամանյանի ընտանիքում հինգ անձ կա, նրանք այժմ պետությունից 250 հազար դրամի աջակցություն են ստանում՝ որպես բնակարանի վարձի և կոմունալ ծառայությունների փոխհատուցում։ 2025 թվականի մարտից ուժի մեջ մտնող փոփոխություններից հետո այդ աջակցությունից կարողանալու է օգտվել միայն աչափահաս տղան։ «Մի բան պետք է մտածեմ, ավելի հարմար աշխատանք պետք է գտնեմ։ Ես երրորդ խմբի հաշմանդամ եմ, ուզել եմ աշխատանքի անցնել, չեն ընդունել։ Ես կես մարդ եմ, ձեռքս 50 տոկոսով է աշխատում, բարձրագույն կրթություն չունեմ»,-ասաց նա՝ նշելով, որ Արարատի մարզում աշխատանքի է ընդունվել զորամասերից մեկի ճաշարանի կառավարումը ստանձնած ընկերությունում, բայց 12 ժամ աշխատացրել են, երկու օր է կարողացել այդ աշխատանքը կատարել՝ ֆիզիկական գերհոգնածությամբ պայմանավորված դուրս է եկել։

«Որպես հացթուխ կտրող եմ ընդունվել, առավոտ յոթին գնում էի, երեկոյան՝ յոթին գալիս էի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest