Պրոտեզից ոտնաթաթը մի կերպ ամրացնելով հիմնական պրոտեզին Սպարտակ Ստեփանյանը փորձում է տեղաշարժվել։ Արդեն յոթ ամիս է 53-ամյա տղամարդը ոտնաթաթն ու հիմնական պրոթեզը փորձում է միասին պահել գուլպայի օգնությամբ՝ այն հնարավորինս վերև քաշելով։ Զուգահեռ օգտվում է, որ նաև ձեռնափայտից, որ կոտրված պրոթեզի հետևանքով չընկնի ու մարմնական վնասվածքներ չստանա, մեկ անգամ ընկել է, հիվանդանոց են տեղափոխել։
Սպարտակն Արցախից է, մինչև 2003 թվականն ապրել է ծննդավայր Մարտունի քաղաքում, որից հետո տեղափոխվել ու 20 տարի ընտանիքի հետ ապրել է Ստեփանակերտում։ «Ես վիրավրվել եմ 90-ականներին, գլխուղեղի ցնցում եմ ստացել, 2003 թվականին էլ՝ ականազերծման ժամանակ, ականի վրա պայթել եմ, մի ոտքս կորցրել եմ, մյուսը՝ մի կերպ հավաքել են։ Յոթ ամիս է իմ պրոթեզը կոտրված է, ճանապարհ չեմ կարողանում անցնել։ Երրորդ հարկում ենք ապրում, իջնել-բարձրանալուց արդեն մի քանի անգամ ընկել եմ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է նա ու մի կողմ դնելով կոտրված պրոտեզը ցույց է տալիս վնասված ձախ ոտքը։
Սպարտակը 2-րդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Կոտրված պրոթեզը նորով փոխարինելու համար դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մինչև նախորդ շաբաթ բոլոր դիմումները մերժվել են, ստիպված գնացել է կառավարություն և բողոքել, նախարարությունից կապ են հաստատել հետն ու խոստացել խնդիրը լուծել։ «Տեսա, որ էլ հնարավորություն չկա գնացի կառավարության մոտ, ասացի նստացույց եմ անում, նոր սոցապնախարարությունից զանգել են ու ասել, որ երեք օրից կտան։ Հետո զանգեցին ու ասացին, որ անձնագրի հետ խնդիր ունեմ, ժամկետն անցել է։ Ես դիմել եմ քաղաքացիության համար, բայց դեռ նոր անձնագիր չեն տվել»,-ասաց նա՝ նշելով, որ քաղաքացիության համար արդեն դիմել է Հայաստանի Հանրապետությանը։
Սպարտակը սեպտեմբերի 19-ին ծանր փորձությունների միջով է անցել, երբ կրակոցները սկսվել են շտապել է դպրոց՝ 10-ամյա տղայի հետևից։ «Թե էս վիճակով ոնց եմ հասել դպրոց, չգիտեմ։ Մտա դպրոցի նկուղ հազար երեխա կար, ծնողները իրենց երեխաներին էին ման գալիս, վերջը ճարել եմ իմ էրեխուն։ Թե ոնց ենք հասել տուն, ահավոր էր, ճանապարհին մի քանի անգամ պառկեցինք գետնին, քանի որ կրակում էին, մոտիկ պայթյուններ էին լինում, էրեխան լացում էր»,-պատմում է դպրոցից տուն հասնելու դժվարությունները։
10-ամյա տղային տուն բերելուց հետո Սպարտակը սկսել է մտածել մյուս որդու մասին, որն այդ պահին առաջնագծում է եղել։ «Ես չէի կարողանում նկուղ մտնել, որ գիտեի մյուս տղաս դիրքերում է»,-ասում է նա նշելով, որ դիրքերում գտնվող տղայիս մի քանի օր շարունակ տեղեկություն չեն ունեցել։
Տղան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դիրքերում է եղել։ «Փնտրել եմ հոսպիտալում՝ վիրավորների ու դիակների մեջ, ահավոր վիճակ էր։ Նա Ասկերանի կողմ էր՝ առաջին գծում ու գիտեի, որ իրենց մոտ կռիվ է գնում, պոստերի վրա հարձակվել էին։ Հատուկ ջոկատայինների էին բերում վիրավոր ու զոհված, զանգում էի՝ կապ չկար, գրում էի՝ այ տղա, մի բան գրի, բայց չկար։ Երրորդ օրը նոր կապի է դուրս գալիս, ասում է՝ նորմալ վիճակում է, կապ չի եղել, որ զանգի։ Երրորդ օրը գալիս են Ստեփանակերտ։ Կողքից լսում ենք, որ մարդիկ արդեն դուրս են գալիս»,-հիշում է Սպարտակը և նշում, որ որդին Ստեփանակերտ վերադառնալուց հետո ծառայությունը շարունակում է մայրաքաղաքում, քանի որ թշնամու՝ քաղաք մտնելու վտանգ է եղել։
«Զանգում ասում է՝ գնում ենք Ստեփանակերտը պահենք, որ թշնամին չմտնի։ Կրկժան եմ գրում, շրջապատում եմ, որ առաջ չգանք, այդտեղ վիրավոր են տալիս, թշնամին ուզում է մտնի քաղաք չեն թողնում, սեպտեմբերի 25-ին գալիս է տուն ու ասում, որ զենքերը հանձնել են, դուրս ենք գալու Արցախից»։
Սպարտակը 90-ականներին կռվել է Մոնթե Մելքոնյանի ջոկատում։ «Մանթեն առաջին անգամ 92 թվականին եկավ Մարտունի, եկավ մտավ մեր վագոն, ծանոթացավ մեր հետ, հետո դարձավ մեր հրամանատարը։ Մի օր թշնամու տանկը գալիս էր մեր վրա, ձեռքս մի զենք ընկավ, վերցրեցի ու վազեցի տանկի ուղղությամբ, անձնակազմը տանկը թողեց փախավ։ Ավոն եկավ ասաց՝ էդ ինչ ես արել, ասացի գիտեմ, որ այդ զենքով բան չէի կարող անել, բայց որոշեցի անեմ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։