Օրեր առաջ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ « Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ»։
Ի պատասխան ԱԳ նախարարը նշեց․ «Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս դրան առանձին չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ»։
Միրզոյանի խոսքերը պարզապես ցնցում են առաջացրել հասարակական շրջանակներում, թեկուզ ի զարմանս բոլորին բողոքի ալիք կամ հայտարարություններ փողոցում կամ խորհրդարանում չհնչեցին։ «Թեթեւի մեջ» մի քանի քննադատություն արվեց, հիշվեց Արարատ Միրզոյանի «Օմեգա» անվամբ շպիոն լինելու մասին։ Նաեւ հայտարարվեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ Անկախության հռչակագրի, ուրեմն եւ Սահմանադրության պահանջ է։
«Ի պատասխան» նույն Ռուստամյանի խմբակցությունը հայտարարեց, որ 2 ամսով հետաձգում է Անկախության հռչակագրի «անձեռնմխելիության» մասին ԱԺ հայտարարության ընդունումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը արդարացրեց դա, ասելով, որ իշխող ՔՊ-ն իբր չէր քվեարկի հայտարարության օգտին։
Բայց ընդհանուր առմամբ նկատվում է, որ Ադրբեջանի հետ սահմանի «սահմանազատման» քողի տակ փորձ է արվում «սահմանազատել» նաեւ 1921 թվականին ձեւավորված Թուրքիայի հետ սահմանը։ Մինչ օրս այդ սահմանը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի որ 1921 թ․ ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը չի համարվում միջազգային փաստաթուղթ եւ ընդգրկված չէ ՄԱԿ-ի դեպոզիտարիայում։
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը շեշտում է՝ ցեղասպանությունը պարզապես պատմական դեպք չէ, քաղաքական հանցագործություն է և պահանջում է նաև քաղաքական գնահատական ու իրավական հետևանք։ Եվ այս առումով պատահական չէ, որ Թուրքիան փորձում է հարցը տանել պատմաբանների տիրույթ՝ պնդելով, թե այն չպետք է խառնել քաղաքականության հետ։
Իրականում Ցեղասպանության հարցից հրաժարվելը Հայաստանի կառավարության կողմից միտումնավոր քայլ է․ պաշտոնական Երեւանը փորձում է Թուրքիային համոզել, որ նկրտումներ չունի ցեղասպանության հետեւանոքով հայաթափված եւ ռուս-թուրքական պայմանանագրով Թուրքիային անօրեն անցած հայկական հողերի նկատմամբ։
Միրզոյանը հավելեց նաեւ․ «Իմ պարտականությունն է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ապրեն անվտանգ ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան եւ ապահով տարածքում»։
Հայկական հողերի հանդեպ իրավունքի ուրացումը Հայաստանի կառավարության կողմից քաղաքական բրենդ է։ Նույնիսկ երբ ուրիշներն են ասում, որ Հայաստանի իրավասությունը տարածվում է շատ ավելի մեծ տարածքների վրա, իշխանությունը մանթրայի պես պնդում է 29,7 քառ․ կմ տարածքը։
Ավելին, ինչպես մի քանի անգամ նկատվել է, ՀՀ իշխանությունները նույնիսկ ուրիշներին են «հորդորում» չբարձրաձայնել Հայաստանի իրավունքները, ասելով, որ դա կարող է դեստաբիլիզացիայի բերի կամ խաթարի ուրվագծվող «խաղաղությունը»։
Մինչդեռ Ցեղասպանության «քաղաքական եւ իրավական» հետեւանքները ենթադրում են 1915-23 թթ․ սահմանների օրինականության վերանայում, ինչը ձեռնտու չէ Թուրքիային եւ Ռուսաստանին։ Այդ երկու երկրներն իրենց գործիքակազմով անում են ամեն ինչ, որ Կարսի պայմանագրի օրինականության հարց չդրվի։ Եւ դա հաջողվում է նրանց։
Օրինակ, Արամ Առաջին Կիլիկիո կաթողիկոսին ուղղված նամակում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հիշել է Արցախի հայաթափումը եւ արցախցիների իրավունքները, բայց «մոռացել է» Ցեղասպանության մասին։
Մյուս թեկնածու Քամալա Հարիսը Հայաստանի անկախության առթիվ հղած իր նամակում նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։
Բայդենը իր հերթին շեշտում է, որ Հայաստանին պետք է «խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», չհիշատակելով, թե ինչ է ԱՄՆ հասկանում հայ-թուրքական սահմանի տակ՝ արդյո՞ք Կարսի պայմանագիրը։ Բայդենը 2021-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չի բերել քաղաքական եւ իրավական հետեւանքների, այդ թվում՝ Հայաստանի պահանջատիրության բացակայության պատճառով։
«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ցեղասպանության հարցերով գլոբալ ֆորումը, որը բավականին ամբիցիոզ ծրագրով է: Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարեւոր հարցերից մեկը: Խոսքն այստեղ առաջնահերթ լինել-չլինելու մասին էր»,-ասել է այսօր ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
Իր հերթին ռուսական պետական Սպուտնիկ գործակալության վերկուծաբան Պյոտր Ակոպովը իր այսօրվա վերլուծականում «խոստովանում է», որ «Թուրքական ազգային պրոյեկտը սկսվել է ընդամենը հարյուր տարի առաջ՝ Օսմանյան կայսրության ավերակներից Թուրքիայի Հանրապետության ի հայտ գալուց հետո: Ժամանակակից Թուրքիան ստեղծվել է ԽՍՀՄ-ի ամենաակտիվ աջակցությամբ՝ բոլշևիկները օգնեցին Աթաթուրքին՝ աջակցելով նրա թուրքական պետության կառուցմանը, որը եվրոպացիները ցանկանում էին բաժանել երեք մասի (թուրքերին թողնելով Անատոլիայի միայն մի մասը՝ առանց նեղուցների և արևելյան շրջանների)։ Այսինքն՝ Մոսկվան փաստացի օգնեց թուրքերին պահպանել իրենց պետության գոնե մի մասը՝ ոչ այնքան նրանց հանդեպ սիրո, որքան իր հարավում Արևմուտքին ենթակա պետություններ ունենալու դժկամության պատճառով»։
Հիմա էլ ոչինչ չի փոխվել․ Ռուսաստանը թույլ չտալու համար Հայաստանի եւ Վրաստանի արեւմտյան ուղով զարգանալը, համաձայն է ամբողջ Հարավային Կովկասը նվիրել Թուրքիային։ Եւ Հայաստանի քաղաքական դասը դրան ամեն կերպ սատարում է։
Նաիրա Հայրումյան