«Մենք աշխատել ենք, ամեն ամիս 5000 դրամից ավելի գումար ենք տվել Արցախի կենսաթոշակային հիմնադրամին, որ ծերության օրոք դրանք ստանանք։ Բայց էսօր մնալու ենք առանց թոշակի», — Մարտակերտի նախկին բնակիչ, ազատամարտիկ Աշոտ Հայրապետյանը կապ հաստատեց Forrights.am-ի հետ, իր վիրավորանքը կիսելու համար։
Նա հիմա ապրում է Կրասնոդարում։ Աշխատում է ու որքան կարողանում է, օգնում է հայրենակիցներին։ Ասում է, որ աղքատ չի, բայց անարդարության դառը զգացումը նրան հանգիստ չի թողնում։
«Պետությունը ոնց որ մեզ քցած լինի։ Ես 30 տարի աշխատել եմ Արցախի համար, Հայաստանը մեզ չընդունեց, մեր անձնագիրը, մեզ տեղ չտվեց, ընտանիքով դրսում էինք ապրում, ավտոյի մեջ։ Եկանք Ռուսաստան։ Ես անձնագիրս չեմ փոխել, Ղարաբաղի պասպորտ ա։ Ռուսը ասում ա, դու անձնագիրդ չես փոխել, ինձ համար չես աշխատել, որ ես քեզ թոշակ տամ, Հայաստանում էլ հրաժարվում են ինձ վճարել իմ մուծած փողը։ Դրանք մեր մուծած գումարներն են։ Բայց հիմա մենք ամեն մեկս մի տեղ ենք արտագաղթել։ Մենք չե՞նք կարող մեր գումարները հետ վերադարձնենք», — հարցնում է ազատամարտիկը։
Նա կենսաթոշակային տարիքի չի հասել, ու լավ հասկանում է, որ չկա ընթացակարգ, որով որ մարդը կարողանար վերադարձնել պետությանը վճարած գումարները, բայց միևնույն է, ուզում է մաքրած լինի իր հաշիվները եւ Արցախի, և Հայաստանի հետ։ Իսկ հնարավոր կլինի, եթե պետությունը արցախցիների կորուստները փոխհատուցի։
«Թող ինձ գումար տան, իմ կորցրածի փոխհատուցման համար, ես տուն գնեմ։ Կամ ղարաբաղը թող վերցնեն, ես գնամ այնտեղ ապրեմ, կամ էլ ինձ համար որտեղ որ հարմար է, ես այնտեղ եմ ապրում։ Իմ տունը ձեռքիցս խլել, վաճառել են, չէ՞։ Թող ինձ հիմա տուն տան։ Ես իրենց 40+10 հազարները չեմ ուզում։ Ես, օրինակ, օբյեկտներ եմ կորցրել, տուն եմ կորցրել, հարազատներ, հորս գերեզմանը, որը չեն վերադարձնի, պարզ է, բայց գոնե տուն թող տան։ Ես գիտեմ, որ մի քանի մարդու տուն են տվել, բայց էդ մարդիկ բանկով են վերցրել էդ տները ու մինչև կյանքի վերջ վարկ են փակելու», — ասում է Աշոտ Հայրապետյանը։
Վստահեցնում է, որ 35000 ղարաբաղցի Ռուսաստանում «պասպորտ>> են ստացել, և ոչ մեկը չի ուզում հետ գնալ։ «Ես էլ ընդհանրապես չեմ ուզում Հայաստանի անունը լսել։ Այնքան վատ բաներ են արել։ Ժողովրդին չեմ ուզում մեղադրել, բայց 280000, 300000, 400000 վարձ կլինի՞ տան։ Հայաստանցիները տները այդտեղ վարձով տվել են, եկել են այստեղ, 100 000 ով տներ են վարձել,էդ տան վարձով համ ապրում են, համ շոր են հագնում, համ էլ աղայավարի ապրում են։ Ես չեմ ուզում գամ։ Ղարաբաղի պասպորտն էլ պահել եմ, որ փոխհատուցում ստանամ, ու եթե դա չտվեցին, հանձնելու եմ էդ պասպորտը, պրծնեմ։ Ես էնքան կուշտ եմ Հայաստանից։ Գալիս էի, ավտոս կանգնացրած, մեջն էինք ապրում, ասում էին ՝ ապեր, էս ավըտոն խ՞ի ես կանգնացրել ստեղ, դու չգիտե՞ս, որ սա մեր տեղն ա։ Ես չեմ ուզում ամբողջ ժողովրդին մեղադրեմ, ժողովրդի մի մասնիկն էլ դու ես, մերս ա, քուրս ա, բայց պատկերացրու, ես ինչ աստիճանի եմ կուշտ », — ասում է տղամարդը։
Իսկ վերադարձի իրավո՞ւնքը։ Այսօր միջազգային հարթակներում, փորձագետները, տարբեր գործիչներ խոսում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, եթե նման իրավունք տրվի ձեզ, դուք կվերադառնա՞ք Արցախ։
«Չեն վերադառնա։ Արցախցիներից ոչ ոք չի վերադառնա։ Ասում են՝ ՆԱՏՈ-ի զորքերը բերեն, կանգնացնեն այնտեղ, արցախցիները վերադառնան։ ՆԱՏՈ-ի զորքը Թուրքիայի զորքն ա, ոնց որ աղվեսին ֆերմա դավերյա անես՝ տարբերութւոն չեմ դնում։ Եթե ասեն՝ գնանք, կռվենք, ազատագրենք, տղուս էլ կվերցնեմ, կգամ կռվելու, բայց ՆԱՏՈ-ի զորքի հույսով չեմ գա երբեք։ Արցախը Նախիջևանի նման հայաթափել են։ Հարյուր տարի խոսում-խոսում էին, հիմա ոչ ոք էլ չի խոսում Նախիջևանի մասին։ Նույն Արցախն ա, էլի, նկար ենք դնելու, կարոտելու ենք, բայց էլ արդեն վերջ, էլ ոչ մի բան չեն անելու»։
Հիշեցնենք, որ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ ։ Արցախահայերի կարիքների համար տարբեր երկրներ գումարներ էին փոխանցում՝ Ճապոնիան՝ 2 միլոն դոլար, ԱՄՆ-ն 11 մլն դոլար, Եվրահանձնաժողովը՝ 10.4 մլն եվրո, Լատվիան՝ 350 հազար եվրոյի, Շվեյցարիան՝ 1,5 մլն ֆրանկ, Կանադան՝ 2,5 մլն դոլար, եւ մոտ 144 մլրդ դրամ Հայաստանի Հանրապետությունը։ Հետագայում որոշվեց, որ այս գումարները արցախցիների համար չեն առանձնացվելու, այլ ծախսվելու են ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների համար։ Բայց և այնպես Հայաստանի իշխանությունները ամեն առիթով ընդգծում են, թե ինչ լավություն են անում արցախցիներին, ամեն ամիս նրանց «40+10» հազարական դրամները, չնչին չափերի գումարներ տրամադրելով բնակապահովման ծրագրերով, որոնցից գոհ չէ ոչ մի արցախցի։ Նաև պարբերաբար երեսով են տալիս, որ Հայաստանն է Արցախին տարիներ շարունակ փող տվել։
Սյուզան Սիմոնյան