Կրկնակի տեղահանված 3-խմբի հաշմանդամ 72-ամյա Ռոզա Գասպարյանն ու իր ընտանիքը դեռևս 1988թ. Սումգայիթի ջարդերից էին մազապուրծ փրկվել ու հաստատվել Ստեփանակերտում։ Չորս զավակների մայրը վրդովմունքով է հիշում իր ապրած կյանքի տարիների դառը օրերը՝ կրկնակի բռնի տեղահանությունները, պատերազմի սարսափները։ Սումգայիթյան եղեռնագործությունից հետո մեկ տարի Ստեփանակերտի հանրակացարաններից մեկում բնակվելուց հետո նրանց Հայկավանի թաղամասում տուն են տրամադրել ։ Արցախյան շարժման գոյապայքարն ի վերջո հանգեցրեց զինված գործողությունների։ Ռոզայի տղան՝ Բորիսը, 12 տարեկանում որոշել էր անդամագրվել Արցախյան ազատամարտի պայքարին։
«Ինչքան փորձեցի պատանի տղայիս հետ պահել այդ մտադրությունից, չկարողացա՝ անդրդվելի էր։ 12տարեկան երեխան ի՞նչ զինվոր։ Բորիսը տնից փախավ և զինվորագրվեց Այգեստան գյուղում կազմավորվող ջոկատներին։ Նա լուցկու տուփի վրա գրություն ուղարկեց, թե՝«մամ ես կռվի եմ մեկնել, Այգեստանում եմ»։ Ամուսնուս եղբայրն անմիջապես ուղևորվեց այնտեղ, գտավ երեխայիս ու զոռով բերեց տուն։ Սակայն Բորիսը կրկին փախչեց տնից և միացավ ազատամարտիկներին՝ շարունակելու իր բաժին պայքարը»,-ազատագրական պայքարի նվիրյալ որդու մասին պատմեց մայրը։
2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Բորիսը կրկին առանց տնեցիներին տեղեկացնելու մեկնեց մարտադաշտ։ Այն ժամանակ նա The HALO Trust միջազգային կազմակերպության սակրավորն էր։ Հարազատները չորս օր նրանից տեղեկություն չունեին։ Հետո պարզվեց, որ նա քառօրյա պատերազմում էր, որտեղից վերադարձավ իրեն շնորհված «Ծովակալ Իսակով» մեդալով։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Բորիսը The HALO Trust-ից զանգեց մորը և տեղեկացրեց, որ ինքը մեկնում է պատերազմի և հորդորեց իր երեխաների հանդեպ ուշադիր լինեն՝ լավ պահեն։
«Մեկ ամիս չզանգեց և երբ կռիվը թեժացավ, ամուսինս՝ ինձ, հարսիս ու երեխաներիս ուղարկեց Չարենցավան։ Շատ անհանգիստ էի, զանգում էի ամուսնուս՝ Ստեփանակերտ, որ տղայիցս մի լուր առնեմ, սակայն ոչ մի տեղեկություն չկար։ Իսկ հոկտեմբերի 21-ին Բորիսի ծննդյան օրն էր։ Ու միայն այդ օրը նա վերջապես զանգեց։ Հարցիս՝ թե ինչո՞ւ այսքան ժամանակ չզանգեցիր, տղաս վրդովված պատասխանեց, որ միթե՞ կռվի ժամանակ կզանգեն, հարցուփորձ կանեն և կտեղեկացնեն որտեղ լինելը։ Բայց նա գիտեր, որ մենք Չարենցավանում ենք», -պատմեց տիկին Ռոզան։
Այդ զրույցից հետո Բորիսի հետ ունեցած կապը կրկին ընդհատվեց ու այս անգամ վերջնական։ Հարազատներն իրենց տեղը չէին գտնում։ Լուր են ստանում, որ իբր Բորիսը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Տիկին Ռոզան ուրախանում է, որոշում է որդու համար շորեր գնել, որ այցելի հիվանդանոց, սակայն հարազատները կանխում են…Բորիսը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։
«Պարզվեց տղաս զոհվել է ընկերոջ՝ վիրավորված սզնեքցի Թովմասին հիվանդանոց հասցնելու ճանապարհին։ Թովմասի եղբոր խնդրանքով Բորիսը գտնում է վնասվածք ստացած ընկերոջը և գրկած տանում դեպի շտապօգնության մեքենան։ Սակայն Շուշիի մատույցներում հայտնվում են շրջափակման մեջ ու Թովմասին գրկած էլ երկուսով զոհվում են», -լացակումած պատմեց մայրը։ Բորիս Գասպարյանը հետախուզական դասակի հրամանատար էր։ Մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին և պարգևատրվել «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Հրադադարից հետո հարազատները վերադարձել են Ստեփանակերտ, այնուհետև Հայաստանից Բորիսի մարմինը տեղափոխել և հուղարկավորել են ծննդավայրում։ Հարազատները հանուն հայրենիքին ընծայված իրենց որդու՝ ուժ են գտել շարունակելու ապրել Արցախում և ոտքի կանգնեցնել Բորիսի երկու անչափահաս տղաներին։
«Բա ո՞ւմ համար էր զոհվել տղաս. մեր ազգի, մեր ժողովրդի ու մեզ համար։ Պետք է ապրեինք մեր հողում, որի համար որդիս իր կյանքը չխնայեց։ Սակայն 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմը տակնուվրա արեց մեր կյանքը։ Այդ օրը տանն էինք, շրջափակման ծանր փուլն էր. ես հաց էի թխում։ Պայթուններն ուժեղ դղրդում էին։ Մի կին գոռաց, որ հացերը թողնեմ և հեռանամ։ Ամուսինս քաղաքից զանգեց՝ մեզնից լուր առնելու համար։ Նա անընդհատ հացի կամ այլ սննդամթերքի հերթերում էր։ Օրական կես հաց էր հասնում կտրոնով, սակայն դա նույնպես հնարավոր չէր ձեռք բերել։ Մենք էլ 5 հոգով էինք՝ ամուսինս, հարսս, զոհված որդուս երեխաները ու ջանում էինք սնունդ հայթայթել և գոյատևել։ Էհ, երնեկ էլի էդ օրերը լինեին ու մենք մեր տանը, հայրենիքում մի կերպ ապրեինք ու որդուս շիրմին էլ այցելելու հնարավորություն ունենայի»,-սրտի կսկիծով նշեց 72-ամյա կինը։
Ամուսինը հորդորել էր Հայկավանից անմիջապես իջնել քաղաք, որովհետև թուրքերն արդեն Կրկժանում էին։ Քանի որ շրջափակման ծանր փուլն էր, տիկին Ռոզան շարունակեց կրակոցների և պայթյունների տակ թխել հացերը, որից հետո միայն դրանք վերցրեց և երեխաների հետ ոտքով իջան Հայկավանից։ Արդեն լսվում էին թուրքերի գոռգոռոցները։
«Փողոցում թուրքերով լցված մի «Կամազ»- ից՝ «է՛յ հայեր» էին գոռում ու թուրքերեն խոսում։ Շուտափույթ օդանավակայան մեկնեցինք ու սոված-ծարավ մի գիշեր երեխաների հետ մնացինք։ Ամենուր խառնաշփոթ էր։ Հաջորդ օրը վերադարձանք տղայիս բնակարանը և մինչև սեպտեմբերի 28-ը հուսով էինք, որ չենք տեղահանվի, սակայն դեպքերն այլ ընթացք ունեցան։ Ստիպված տեղահանվեցինք՝ չվերցնելով տնից ոչինչ։ Ճանապարհին ահավոր վախեցա, երբ ավտոմեքենան թուրքերն անցակետում կանգնեցրել ու հարցուփորձ էին անում։ Ամենաշատը թոռներիս համար էի վախենում։ Ի վերջո մի կերպ հասել ենք Հրազդան ու հետո՝ Չարենցավան»,-վերհիշեց տիկին Ռոզան։
Այժմ նրանք հինգ հոգով բնակվում են երկու սենյականոց փոքր բնակարանում։ Զբաղվածության խնդիր ունեն։ Թոռները դեռ սթրեսային վիճակում են և մոր խնամքի մշտական կարիքն ունեն։ Տիկին Ռոզան առողջական խնդիրներ ունի։ Նա դժվարանում է քայլել, տառապում է հիպերտենզիայով, ամուսինն էլ 2-րդ խմբի հաշմանդամ է։ Ամեն օր դեղորայք են ընդունում, որոնք գնում են իրենց թոշակով։ Նրանք մտահոգված են հատկապես Չարենցավանի ձմռան ցրտերին դիմակայելու առումով, որովհետև կոմունալ ծառայությունների համար մեծ գումար պետք է վճարեն։
Բայց ամեն դժվարությունների փորձում են դիմանալ՝ Արցախ հետվերադարձի հույսը չկորցնելով։
Զառա Մայիլյան
Մանրամասները՝ տեսանյութում