Օգոստոսի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. արցախցու բռնության մասին պնդումները և պաշտոնական հերքումները» թեմայով։ Բանախոսներն էին՝ փաստաբան Ռոման Երիցյանը,  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Արցախից բռնի տեղահանված փաստաբան Ռոման Երիցյանը օրեր առաջ հայտարարել էր,  որ եղբորը՝ Արամ  Երիցյանին Ոստիկանության աշխատակիցները ենթարկել են դաժան ծեծի և տարբեր վնասվածքերով տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Դատարանն ավելի վաղ մերժել էր Ա. Երիցյանի ձերբակալման միջնորդությունը, այն ճանաչել ոչ իրավաչափ և նա դատարանի դահլիճից ազատ էր արձակել։ Երկու օր հետո կրկին միջնորդություն էր ներկայացվել նրան ձերբակալելու համար։

Փաստաբան Ռոման Երիցյանի պարզաբանմամբ՝ օգոստոսի1-ին իր եղբայրն ավտոմեքենան կանգնեցրել էր չթույատրված կայանատեղում և պարեկային ծառայողները փորձել են նրան ենթարկել վարչական պատասխանատվության, ինչից խուսափելով Արամ  Երիցյանը նշել էր, որ ավտոմեքենան ինքը չի վարել։ «Արդյունքում պարեկային ծառայողները մեքենայի բանալիները գտնելու նպատակով փորձել են խուզարկել և հետո սկսել կասկածել ալկոհոլ օգտագործելու, կտրող-ծակող գործիք ունենալու մեջ՝ պահանջելով իրենց հետ ներկայանալ ոստիկանության բաժին։ Եղբայրս համաձայնվել է, սակայն պարեկային ծառայողները փորձել են կիրառել հատուկ միջոց՝ հագցնել ձեռնաշղթա, ինչին նա ընդիմացել է։ Ոստիկանները նրա նկատմամբ բռնացել են՝ գետինին ընկած վիճակում շատ մոտ հեռավորությունից երկու անգամ կիրառելով արցունքաբեր գազ։ Ուժով  հագցրել են ձեռնաշղթաներ և տեղափոխել բաժանմունք»,-տեղեկացրեց փաստաբանը։

Նրա պարզաբանմամբ՝ բռնության հիմնական դեպքերը կատարվել են հենց ոստիկանական բաժանմունքում։ Արամ  Երիցյանին քաշքշել են, պատճառել մարմնական վնասվածքներ, հայհոյել ու հայհոյանքներ են հնչեցվել նաև արցախցիների հասցեին։ Փաստաբանը ահազանգել էր ՄԻՊ-ին և միայն 4 ժամ հետո տուժածը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, այնուհետև նրան կալանավորելու վերաբերյալ  դատարան միջնորդություն էր ներկայացվել։ Դատարանը ոչ միայն մերժել է կալանավորման միջնորդությունը, այլև ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ՝ կալանքի հիմքերի բացակայության հիմնավորմամբ։ Անտեսելով այս ամենը երեկ Քննչական կոմիտեն կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ։ Ընդ որում միջնորդությունը նույնաբովանդակ էր։ Երեկ երեկոյան դատական ակտով քննիչի միջնորդությունը կրկին մերժվեց։ «Փորձել են ամեն գնով եղբորս ձերբակալել ոչ օրինական եղանակով, որը կապում եմ իմ փաստաբանական գործունեության, ինչպես նաև պարեկային ծառայության գործունեությունն իմ կողմից կոշտ քննադատության ենթարկելու հետ։ Պարեկային ծառայողները պարտավոր էին այս կոնֆլիկտը չստեղծել, որովհետև նրանք հանրային ծառայողներ են և պետք է հետևեն սահմանված վարքականոններին ու ոչ վայել արտահայտություններ չհնչեցնեն»,- նշեց փաստաբանը։ Նա նաև տեսագրություններ է հանրայնացրել, որտեղ հստակ երևում են պարեկային ծառայողների ոչ  համաչափ գործողությունները, ինչը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեպքի վերաբերյալ օգոստոսի1-ին ահանզանգ ստանալով Ռոման Երիցյանից, անմիջապես միջոցներ ձեռնարկեց Ա. Երիցյանի գտնվելու վայրը պարզելու համար։ Այդ մասին ներկայացրեց ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը։ Նույն օրը Պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Արաբկիրի ոստիկանության բաժին, առանձնազրույց ունեցել Ա. Երիցյանի հետ, արձանագրել նրա մարմնական վնասվածքները և գրություններ ուղարկել Ներքին գործերի նախարարություն ու Գլխավոր դատախազություն։

Ռ. Երիցյանը հերքեց ՄԻՊ-ի գրասենյակից եղբոր գտնվելու մասին տեղեկություն ստանալը՝ նշելով, որ ահազանգից 25 րոպե հետո ինքն այլ եղանակով է իմացել տուժածի գտնվելու վայրի մասին։ Որպես փաստաբան խոչընդոտում էին նաև նրա մուտքը Ոստիկանության բաժին և չնայած այդ հարցը լուծելու ուղղությամբ Պաշտպանի աշխատակազմը մեծ ջանքեր է գործադրել, բայց անարդյունք էր։ Պարեկային ծառայողները մոտ 4 ժամ արգելում էին ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներին կազմակերպելու Ռ. Երիցյանի առանձնազրույց եղբոր հետ։ Այդ ողջ ժամանակահատվածում Ա. Երիցյանը գտնվում էր ձեռնաշղթաներով և առողջական վատ վիճակում։ Չեն թույատրել նաև փաստաբանների ու պատգամավորների մուտքը Քննչական կոմիտե։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն ապօրինություն և դիտավորություն որակեց ոստիկանների և Քննչական կոմիտեի գործողությունները։ Ա. Երիցյանին նպատակաուղղված կալանքի ենթարկելը նա համարեց իշխանությունների ուղորդմամբ իրականացված գործողություն։ «Սարսափելի է, երբ փաստաբաններին արգելվում է տեսակցել ծեծված մարդուն՝ տուժացին։ Այն ինչ կատարվել է՝ ուղղակի խայտառակություն է։ Ցավում եմ ոստիկանական համակարգի ոչ իրավաչափ գործողությունների համար ևոր ինչ ատելությամբ են լցված թեկուզ հանցանք կամ խախտում թույլ տված անձանց նկատմամբ։ Ոստիկանական համակարգի բարեփոխումների համար դրամաշնորհներ են տրամադրվել, միյիոններ ծախսվել, բայց այն, որ երբեք չի պատժվում որևէ ոստիկան, անհնար է հասնել փոփոխության։ Մենք միշտ ահանզանգեր ենք ստանում բռնությունների մասին և երբեք ոստիկան չի պատժվել։ Քննչական կոմիտեն կոծկում է բազմաթիվ գործեր՝ առաջնորդվելով կամայականություններով»,-ընդգծեց Ժ. Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ թիրախավորված են հատկապես արցախցիները, ինչին ականատես ենք լինում վերջին շրջանում Արցախի նախագահի, քաղաքապատերի նկատմամբ իրականացվող գործողություններով։ ՀՀ-ում իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը մարդու նսեմացումն է ոստիկանության միջոցով և իրավապաշտպանի կարծիքով՝ քաղհասարակությունը պետք է հանդես գար հայտարարությամբ Ա. Երիցյանի նկատմամբ նման ապօրինի գործողությունների վերաբերյալ, որ բացառվեն բռնությունները։ «Հունիսի 12-ին բռնությունների պահին Նիկոլ Փաշինյանը իրավաչափության ու համաչափության մասին էր խոսում։ Այդ պայմաններում ո՞նց կարող է այս ոստիկանությունը բարեփոխվել, ուղղակի անհնար է։ Այս գիշատիչ ու վայրի վերաբերմունքից ո՞նց փրկես քաղաքացուն, չգիտես։ «Զարյա 3»-ի կիրառումն օրինակացրեցին, այսինքն՝ քաղաքացիներն անդընդհատ պետք է այսպիսի վնասվածք ստանան, Սա՞ է ձեր ժողովրդավարությունը, թե դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարության հետ»,-հավելեց իրավապաշտպանը։

 

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest