ՀՀ նոր քրեակատարողական օրենսգիրքի դատապարտյալներին ավելի ցածր անվտանգային գոտիներ տեղափոխելու վերաբերյալ դրույթները չեն գործում։
Դատապարտյալները բազմիցս արտահայտել են իրենց բողոքն այս առնչությամբ, իրավապաշտպաններն ու ԶԼՄ-ներն են անդրադարձել թեմային, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածը նախատեսում է, որ «պատժի կատարման ընթացքում, դատապարտյալի վարքագծից ելնելով կամ դատապարտյալին պատժից ազատելու նախապատրաստման նպատակով, անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել»:
Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալը պատժի հետագա կատարումը շարունակելու համար կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճան ունեցող անվտանգային գոտի։ Իսկ օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանվում են անվտանգային գոտու տեսակը փոխելու կարգն ու պայմանները։ Ըստ այս հոդվածի 2-րդ մասի «գ» կետի, ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել ավելի ցածր ան վտանգային գոտի, «եթե պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո»:
Գործնականում անգամ 25-30 տարի կալանավայրում անցկացրած ցմահների դեպքում այս դրույթները չեն գործում։ Տպավորություն է, թե դրանք նա խատեսվել են զուտ եվրոպացիների աչքերին թոզ փչելու և պետության համար դեմոկրատական իմիջ ստեղծելու նպատակով։
Օրերս մեզ ահազանգել էր ցմահ դատապարտյալներից մեկը, որը կալանավայրում է արդեն 31 տարի։ Դատապարտյալը մանրամասներ ներկայացրեց իր պահման ռեժիմի փոփոխության վերաբերյալ դատական նիստից։ Ստորև առանց դատապարտյալի անուն-ազգանունը հրապարակելու, ներկայացնում ենք նրա պատմությունը, որը զարմանալի է և արտառոց։
Դատապարտյալի անվտանգային գոտին փոխելու հարցով դատավարությունը տեղի է ունեցել անհարկի ձգձգումներով։ Մի քանի անգամ դատական նիստ է նշանակվել և հետաձգվել, հաջորդ նիստը նշան ակելով ամիսներ անց։ Նիստերից մեկը, օրինակ, նշանակված է եղել մարտի 26-ին, սակայն չի ներկայացել քրեակատարողական ծառայության աշխատակիցը։ Հաջորդ նիստը նշանակվել է գրեթե 3 ամիս անց՝ հունիսի 10-ին։
«Ես իմ բողոքը ներկայացրեցի օրենքի կետերով, հոդվածներով։ Խոշորացույցով իմ բոլոր թղթերը ուսումնասիրեցին, մի հատ կարչելու տեղ չգտան։Ես հայտնեցի, որ ըստ քրեակատարողական օրենսգրքի 69 հոդվածի, դատապարտյալը պետք է նստած լինի 20 տարուց ոչ պակաս։ Բայց ես արդեն 31 տարի է, նստած եմ։ Երկրորդը՝ հիմնարկի վերասոցիալականացման հանձնաժողովը պետք է տա դրական վարքագիծ։ Ես արդեն 3-4 անգամ դիմել եմ, և բոլոր բնութագրերս դրական են։ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը վեր կացավ, հայտարարեց, որ ես վերասոցիալականացման բոլոր ծրագրերը իմ ներկայիս ռեժիմով անցել եմ, վերասոցիալականացվել, վերջացրել եմ, բայց՝ ահա այստեղից սկսվում է «բայցը», քանի որ գործի բնույթը ծանր է, ես պետք է մնամ խիստ ռեժիմում», — պատմում է դատապարտյալը։
Ներկայումս մեր զրուցակիցը պահվում է միջին անվտանգային գոտու մեղմ ռեժիմում։
Հաջորդը ցածր անվտանգային գոտու խիստ ռեժիմն է։
«Դա համարյա նույն իմ ներկայիս ռեժիմն է, ընդամենը տարբերությունն այն է, որ «ցածրի խիստում» կարճ և երկարատև տեսակցությունների թիվը երկուսով ավելի է։ Սակայն առավելութունն այն է, որ եթե իրենք ինձ տեղափոխեն «ցածրի խիստ>>, ես 6 ամիս հետո կարող եմ դիմել պետին խնդրանքով ինձ տեղափոխել բաց ռեժիմի, բայց իրենք զգուշանում են դրանից։ Դատարանում իրենք բացահայտ հայտարարեցին, որ եթե մենք իջեցնենք քեզ «ցածրի խիստը», վեց ամիս հետո դու խեղդելու ես մեզ դատարաններով, որ քեզ հանենք բաց կալանք, հետո էլ պայմանական ազատման։ 31 տարի ապրել եմ բանտում, ի՞նչ են ուզում ինձանից։ Ինձ օրենքով հասնում է, ինչո՞ւ են օրենքը գրել, որ հիմա խախտում են։ Ավելի լավ էր՝ չլիներ էդ կետը, մենք էլ կիմանայինք, որ չկա փրկություն, չէինք դիմի։ Սա ավելի լավ կլիներ, քան որ մարդուն հույս են տալիս, բայց անընդհատ գլխին սառը ջուր են լցնում, ասելով, որ չի լինի», — գանգատվում է ցմահ դատապարտյալը։
Հետաքրքիր է, որ նիստի ժամանակ դատարանում ին չ-որ անհասկանալի աիոտաժ է տիրել։
«Դատավորը ընդմիջում հայտարարեց, ու սկսեց վազվզոցը։ Մոտ 40 րոպե իմ գործի միջից թղթեր էին տանում, բերում։ Քարտուղարուհուց բացի երկու ջահել աղջիկ էլ բերեցին, տանում–բերում էին թղթերը։ Տպավորություն էր, որ կողքի սենյակներում ինչ-որ մեկը նստած է նախարարությունից, և դատավոր Դիանա Ղուկեյանը նրա հետ համաձայնեցնում է իր գործողութունները», — ասում է ցմահ դատապարտյալը։
Բայց ամենատարօրինակը կատարվել է այն բանից հետո, երբ դատավորը հրապարակել է մերժման որոշումը։ Նա ձայնագրիչները անջատել է, ապա դիմել է ցմահին, ասելով․ «Ես վստահ եմ, որ դուք դիմելու եք վերաքննիչ դատարան, չկոտրվես, դու մեծ շանսեր ունես վերաքննիչում հաղթելու»։
Դատավորի այս հայտարարությունից դատապարտյալը որոշել է, որ նրա վրա կոշտ ճնշում է գործադրվել։ Իր ոտնահարված իրավունքի համար նա պատրաստվում է գնալ մինչև վերջ, մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Forrights.am-ը կշարունակի հետևել նրա ճակատագրին։
Սյուզան Սիմոնյան