Հունիսի 17-ին մեկ ամիս ժամկետով կալանավորվել է 2023թ. սեպտեմբերի վերջին Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը։ Նրա փաստաբան Ռոման երիցյանը Forrights.am-ին տեղեկացրեց, որ կալանավորման ոչ մի հիմք չկա։
«Պարզապես քաղաքական պատվեր է։ Երվանդ Աղաբալյանը մեղադրվում է խուլիգանության մեջ՝ պլաստմասե դատարկ շիշ նետելու համար։ Ընդ որում տեսաձայնագրությունների մեջ չի երևում որ նետողը հենց ինքն է։ Քննիչը միջնորդել է Երվանդին կալանավորել 2 ամիս ժամկետով։
Քննչական կոմիտեից դատարան ներկայացված տեսագրության մեջ երևում է, որ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը) լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցնում է դատարկ պլաստմասե շիշ և նետում առաջ։ Ոստիկանն էլ ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդն է»,-պարզաբանեց փաստաբանը։
Արցախյան վերջին 3 պատերազմների մասնակից Երվանդ Աղաբալյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։
Forrights.am-ը տեսակցեց Երվանդի կնոջն ու երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Կալանավորման մասին կինը՝ Մարգարիտան, իմացավ ամսի 17-ի երեկոյան։
«Ճիշտն ասած այդ լուրը լսելուց անակնկալի եկա, որովհետև Երվանդը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցի էր մասնակցում, նույնիսկ մենք էլ երեխաների հետ պետք է մասնակցեինք, բայց չկարողացանք։ Բացի դրանից, մի օր առաջ էլ Քննչականից էին կանչել ինչ-որ այլ դեպքի հետ կապված, որտեղով ինքը պարզապես անցել է իր ավտոմեքենայով, որը գործածում է տաքսի ծառայության համար։ Հաջորդ օրն առավոտյան կրկին քաղաքացիական հագուստով երկու անձինք ավտոմեքենայով եկան Երվանդի հետևից ու տարան, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ կայանալու է նրա դատավարությունը», -հուզմունքով պատմեց Երվանդի կինը։
Նա չի կարողանում համակերպվել այն իրականության հետ, որ չնայած տեսաձայնագրություններում հստակ չի երևում իր ամուսնու դեմքը, այնուամենայնիվ նրան կալանավորել են։ «Կամ եթե նույնիսկ ինքը դատարկ պյաստմասե շիշ է նետել անհայտ ուղղությամբ, դրա համար մի ամիս կալանավորո՞ւմ են ու ընտանիքը զրկում միակ կերակրողից։ Գոնե տուգանեին կամ այլ միջոց կիրառեին ու հիմա մենք ինչպե՞ս ենք ապրելու և վճարելու տան վարձը։ Երվանդն էությամբ հանգիստ, կարգապահ անձնավորություն է։ Նա պարզապես մասնակցում էր խաղախ ակցիայի, ինչի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք։ Փողոցում ապակյա շշեր են իրար վրա նետում, փշրում ու ոստիկանները ուշադրություն էլ չեն դարձնում։ Ես չեմ ուզում հավատալ, որ արցախցիներին հատուկ թիրախավորում են», -տարակուսած իրավիճակը ներկայացրեց Մարգարիտան։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքը հաստատվել էր Արմավիրի մարզում, բայց քանի որ զբաղվածության հետ կապված խնդիրներ ունեին,տեղափոխվեցին Երևան։ Այս տարվա մայիսից նրանք բնակարան են վարձակալել ու Երվանդն էլ աշխատում էր տաքսի ծառայությունում։ Մարգարիտան ֆիզարձակուրդում է, չի աշխատում. Նա դեռ խնամում է իր 1 և 4 տարեկան երեխաներին։ Այս ամենին զուգահեռ նրանք նաև չեն օգտվում ՀՀ կառավարության կողմից արցախցիներին բնակվարձի փոխհատուցման համար տրամադրվող 50 հազարական դրամ աջակցությունից, որովհետև ամուսինը մասնաբաժին ունի հայրական տնից, ինչը սակայն չի գերազանցում 20 քառ.մետրը։
«ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետք է բնակվարձի փոխհատուցում ստանան նաև այն քաղաքացիները, որոնց մասնաբաժինը չի գերազանցում 20 քառ.մետրը, բայց մենք չենք ստանում։ Ամեն ինչ թողել ենք Արցախում և փորձում էինք այստեղ տնավորվել։
Ստեփանակերտից տեղահանվել ենք սեպտեմբերի 24-ին։ Ամուսինս՝ Երվանդը, պայմանագրային զինծառայող էր։ Սեպտեմբերի 19-ին Նա պաշտպանական դիրքերում էր։ Թե ինչերով ենք անցել, ինչ ապրումներ ենք ունեցել միայն Աստված գիտի։ Ահավոր էր…երբ ամուսինս վերջապես միավորվեց մեզ, ճանապարհվեցինք դեպի ՀՀ։ Այնպիսի հոգեբանական անկայուն ու լարված վիճակում էի, որ տնից համարյա ոչինչ չվերցրի, նույնիսկ երեխաների շորերն ու անգամ ուտելիք։ Իսկ 2 օրվա դժոխային ճանապարհն իր հերթին փորձություն էր, մի կերպ ուտելիք հայթայթեցինք երեխաների համար։ Լավ է կողքի մարդիկ թխվածքաբլիթ հյուրասիրեցին դստերս…», -հուզմունքը մի կերպ զսպելով պատմեց Մարգարիտան։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքն այժմ անելանելի վիճակում է հայտնվել։ Կնոջ խոսքով, եթե ամուսինը մեկ ամիս մնա բանտում, իրենք չեն կարողանալու գոյատևել։ Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն առանց հիմքի մեկ ամսով կալանավորել է Երվանդ Աղաբալյանին՝ հաշվի չառնելով նրա ընտանեկան հանգամանքները, մասնավորապես մանկահասակ 2 երեխաների զրկվելը կերակրողից, հետևաբարև կեցության պայմանների ապահովողից։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Զառա Մայիլյան