«Շատ ծանր ճանապարհ էր»,-քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած գաղթը՝ Ստեփանակերտից-Երևան, Forrights.am-ի հետ հակիրճ այսպես է նկարագրում արցախից բռնի տեղահանված Ինարա Պողոսյանը։
Բռնի տեղահանության ճանապարհին նա ականատես է եղել ամենասարսափելիին։ «Մեկը տեղափոխում էր ընտանիքի զոհված անդամի դին, մեկը՝ ճանապարհին մահացածի դին։ Կային մեքենաներ, որ փոքր երեխաների հետ տեղափոխում էին իրենց տան անդամի դին։ Դա անտանելի տեսարան էր»,-ասում է նա։
Ադրբեջանական վերջին հաձակման ժամանակ նա աշխատավայրում է եղել։ Ինարան ուսուցչուհի է։ 39-ամյա կինը մաթեմատիկա է դասավանդել Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում։
«Դպրոցում էի, երբ պատերազմը սկսվեց։ Տարբեր կողմերից սկսեցինք ձայներ լսել։ Աշակերտներից մեկի ծնողը զինծառայող էր, զանգեց ասաց, որ սահմանին անհանգիստ է»,-չնայած առաջնագծից եկած տեղեկություններին նա հույս է ունեցել, որ թշնամին Ստեփանակերտի վրա չի հարձակվի։
«Ես երեք երեխա ունեմ։ Երկուսը սովորում էին այդ նույն դպորցում, որտեղ ես էի աշխատում, իսկ մեկը ընդունվել էր ֆիզմաթ դպրոց, որը բավականին հեռու էր, բայց ես որպես դասղեկ չէի կարող իմ դասարանը թողնել, առաջին հերթին հոգ տարա իմ դասարանի մասին։ Կազմակերպեցի իջանք նկուղ։ Ամուսինս էր միջնեկ դստերս գտել դպրոցի կողքի շենքի նկուղից։ Աննկարագրելի քաոսային վիճակ էր։ Դպրոցում մնացի այնքան, մինչև վերջին ծնողը եկավ և իր երեխային տարավ»,-ասում է նա ու հիշում, որ սեպտեմբերի 19-ից սկսած դաժան օրեր են անցկացրել Արցախում։
«Մի կերպ անցկացրեցինք այդ օրերը և եղավ այն չարաբաստիկ հայտարարությունը, որ պետք է լքենք Արցախը։ Երևի դա ամենադաժան պահն էր։ Այդքան տարիների ընթացքում պատերազմ, ինչ ասես տեսել էինք, ամեն ինչ սովորական էր, բայց այդ պահը, որ պետք է լքենք, ամենացավոտն էր»։
Ինարա Պողոսյանն Արցախում նաև հասարակական գործունեությամբ է զբաղվել։ Մինչև հայրենիքը լքելը օգնություն է ցուցաբերել բենզինի պահեստի պայթյունից վիրավորված քաղաքացիներին։
Ես «Հայքի սերունդ» ՀԿ-ի անդամ եմ։ Պայթյունից հետո մեր ՀԿ-ի նախագահի և մյուս անդամների հետ հավաքվեցինք, քանի որ բժիշկներից շատերը գնացել էին, չկար դեղորայք, տներում ինչ կար, վերցրեցինք և գնացինք մանկական հիվանդանոց, որտեղ պայթյունի տուժածներն էին գտնվում։ Ահավոր վիճակ էր, բոլորն այրված, մնացածի մասին շատերն են պատմել»։
Ստեփանակերտը իրենց բռնի տեղահանվել են սեպտեմբերի 29-ին։ «Էլի չէի պատկերացնում, որ կարող է Արցախում հայից բացի ուրիշ ազգ ապրել։ Ստեփանակերտում, երբ տեսա ադրբեջանական պարեկների մեքենաները հասկացա, որ ամեն ինչ շատ վատ վիճակում է։ Այդ տեսարանը չես կարող բառերով նկարագրել, աննկարագրելի ցավ է, անտանելի։ Չեմ պատկերացնում, որ Արցախ չեմ վերադառնալու։ Միակ հույսը, որ մեզ ամուր պահում է, այն է, որ հետ ենք վերադառնալու, ես այդ հույսով եմ ապրում»։
Ինարան ընտանիքի և հարազատների հետ բնակություն է հաստատել Նոր Խարբերդում։ Նաև աշխատանք է գտել։ Ընտանիքում ամուսինն է, երեք երեխաները և ամուսնու հայրը։ Մինչ այստեղ տեղափոխվելը Երևանում ևս մեծ դժվարությունների են բախվել։
«Տուն չէինք գտնում, մեկ օրվա համար 20 հազար դրամ էինք տալիս։ Մի բնակարանում ապրում էի ես ընտանիքիս հետ, իսկ մեկ այլ բնակարնում ապրում էին մայրս, հայրս, քրոջս ընտանիքը։ Իրենք շատ էին, իրենցից օրը 30 հազար էին ուզում։ Այդպես ութ օր ապրեցինք։ Զիջումներ չէին անում»,-ասաց նա՝ նշելով, որ առայժմ միայն ինքն է աշխատանք գտել, ամուսինը, քույրը և քրոջ ամուսինն աշխատանքի կարիք ունեն։ Նրանք իրենց սոցիալական կարիքները փորձում են հոգալ ՀՀ կառավարության տրամադրած աջակցությամբ, որի մեծ մասը բավարարում է միայն բնակվարձին և կոմունալ վճարներին։
Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք Արցախի մասին,- վերջում հարցնում եմ Ինարային։ Առանց արցունքերի պատասխանել հնարավոր չի լինում։ «Արցախն իմ մանկությունն է, այն գեղեցիկ վայրը ես երբևիցե հայտնվել եմ։ Հայաստանն էլ է մեր հայրենիքը, բայց ծննդավայրի միջև կա տարբերություն։ Շատ դժվար է նկարագրել։ Ես այնտեղ ապրել եմ իմ կյանքի ամենաերջանիկ օրերը, որոնք, գուցե էլ չեմ ապրի»,-ասում է նա՝սրբելով արցունքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։