Արցախի շրջափակմամբ սկիզբ դրվեց Արցախի հայաթափմանը։ Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն՝ անդրադառնալով վերջին մեկ տարում Լեռնային Ղարաբաղի հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
«Բլոկադան գործողություն է, որն ուղղված է ժողովրդին ճնշելու, քաղաքական ուլտիմատում պարտադրելու համար։ Արցախի վրա սեպտեմբերի 19-ին հարձակում է եղել, հարյուրավոր մարդիկ են զոհվել, դա փաստ է։ Եվ բլոկադան, և հարձակումը, և ռուս խաղաղապահների պահվածքը այդ ամբողջ գործողություններն ուղղված էին Արցախի հանարապետությունը լուծարելու, ժողովրդին հանելու համար։ Այլ բան, որ ՌԴ ղեկավարությունը հույս ունեին, որ նման պայամններում որոշ քանակ կմնա, բայց ոչ մեկ չմնաց, բոլորը դուրս եկան։ Աղդամում բանտ էին սարքում, դա, եթե սպառնալիք չէր, ի՞նչ էր։ 2020 թվականին մենք տեսել ենք այն կադրերը, թե ինչպես Հադրութում գնդակահարում մի երիտասարդ տղայի և մի տարեց կնոջ, ո՞վ չի տեսել»,-ասաց քաղաքագետը։
Հայաստանի իշխանություններն անպատասխան են թողել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե իբր Արցախում էթնիկ զտում տեղի չի ունեցել և հայերն այնտեղից հեռացել են իրենց ցանկությամբ։
«Լավրովի արձագանքը ցինիզմ է, բայց հարցին նայենք Ռուսաստանի տեսակետից, իրենք կարո՞ղ են արձանագրել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ո՛չ, որովհետեև իրենք իրենց երկրում ունեն օրենսդրական ակտ, որը բանակին մանդատ է տալիս ապահավել Արցախում գտնվող մարդկանց անվտանգությունը։ Հիմա Լավրովը կարո՞ղ է ՌԴ-ի դեմ դուրս գալ։ Օրինակ Պրիգոժինը դուրս եկավ, ի՞նչ եղավ նրա հետ, պայթեց ինքնաթիռի մեջ, Լավրովը չի կարող Ռուսաստանի իշխանությունների դեմ դուրս գալ։ Հիմա իրեն ոչինչ չի մնում, քան ասել, որ տեղի չի ունեցել էթնիկ զտում, ստել։ Ինչո՞ւ դրան չեն արձագանքում Հայաստանի իշխանությունները, իսկ ի՞նչ արձագանքի Փաշինյանը, պարզապես չի կարող։ Նա փորձեց իրեն հեռու պահել էթնիկ զտումից, բայց քանի գնում փաստեր են ի հայտ գալիս, որ ՀՀ իշխանություններն ունեն իրենց բաժին պատասխանատվությունը բռնի տեղահանման համար։ Լուռ աջակից են եղել այդ էթնիկ զտմանը և հիմա էլ փորձում են էթնիկ զտման հետևանքները քողարկել։ Փաշինյանը սատար չի կանգնում Արցախի ժողովրդի օրինական պահանջներին, չի ճանաչում Արցախի օրինական իշխանություններին, վտարանդի կառավարությանը, ինչո՞ւ չի ճանաչում։ Դրանով նպաստում է Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին։ Եղել է հանցագործություն, զոհին ասում են՝ ասա, որ հանցագործություն չի եղել»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: