Արցախցի Սամվել Սարգսյանը նախկինում որեւէ անգամ Հայաստան չէր եկել, ասում է` առաջին անգամn է եկել, այն էլ բռնի տեղահանվելուց հետո: Ստեփանակերտի իր տանից դուրս գալիս Սամվելը միայն իր ինքնաեռն է հասցրեց վերցնել, ինչից հետո այրել է իր տունն ու ճանապարհ ընկել:
Սարգսյանների 26 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է տարբեր քաղաքներում: Իսկ ինքը` Սամվելը Մասիսի քաղաքապետարանի առջեւ օրվա ընթացքում հավաքված աջակցություն փնտրող արցախցիներին անվճար թեյ է բաժանում: Ասում է` իր եփածը իսկական արցախյան թեյ է` համեմունքներով ու սերկեւիլով:
Թեյի սեղանի կողքին վրան կա, արդեն 14 օրից ավելի Սամվել Սարգսյանն այդտեղ է քնում, իսկ ընտանիքն ապրում է հյուրանոցում։
«Մեր ընտանիքը մեծ է, բայց հենա ենք կես տառած, կեսը ստեղ ա, կեսը՝ Երեւան, կեսը՝ Գյումրի։ Տների գներն էլ բարձր ա, մերոնք գոստինիցան են մնում, ես էլ 12 օրից ավել ա էս պալատկի տակ եմ քնում։ Ամսի 19-ին ես պոստերն եմ եղել, պատերազմը սկսավ, մերոնք հանձնվալ են։ Չեմ հուսահատվում, մունք ամեն ինչը նորից կվերադարձնենք, բայց մեր խոխոցը արյունը ընդեղ ա թափվալ, մեր արյունն ընդեղ ա, սաղ կըղողա, բայց էդ խոխոցը արյունը կըղող չի»:
Այստեղ բարեկամներ չունեն, բայց ուրիշ տեղ էլ գնալ չեն ուզում։ Սամվելն ասում է, որ սա է իր հայրենիքը, տարբեր երկրներից ծանոթ-բարեկամները իրեն կանչել են, բայց չի ուզում գնալ, այստեղ պետք է աշխատի եւ նոր կյանք ստեղծի․
«Իրար պիտի օգնինք, հայը հային պիտի քյոմագ անի, պիտի պայքարենք, որ լավ լինի… Տներս եմ թողել, ավտոներս եմ թողել, հողս եմ թողել: Մեկ ավտոն եմ նստել ու եկել: Տունս էլ վառել եմ ու դուրս եմ եկել, ափսոսում էի, բայց թշնամու հետ ապրելը անհնար է: Մինչեւ հիմա այդքան գերի ունենք: Մենք էլ գերի ընկնեինք: 13 տարվա ծառայող եմ, պատերազմի մասնակից եմ, պատերազմի մեջ եմ եղել, ընկերներս են զոհվել: Թուրքը բռնել է ու մորթել: Դու նրանց հետ ոնց ապրես: Անարին բան է… Իմ ծանոթներից շատերն են այստեղ եկել, մեկը դրսում է քնում, մեկը ավտոյում ա քնում, ամեն ձեւի մարդ կա, ինչ ասեմ…»:
Սամվելը վստահ է` դժվար ժամանակները հաղթահարելու լավագույն միջոցը միմյանց օգնելն ու աջակցելն է. «Պետք ա ժողովրդին օգնենք, իրար օգնենք, փիս ժամանակներ ա։ Ղարաբաղի հարցը շատ դժվար ա, որ Ղարաբաղի դուռը փակվալ ա, հաջորդը Երեւանն ա, պետք ա համախմբվենք, թույլ չտանք Երեւանի դուռն էլ փակվի»:
Անի Գևորգյան
Մոնտաժի հեղինակ Լուսինե Հակոբյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։