«Բոյովացել էր, սիրունացել։ Ասում էի՝ Վախթանգ ջան, էս ո՞նց էս սիրունացել, ուրախանում էր, որ իրեն ոգևորված խոսքեր էինք ասում»,-տիկին Հեղինեն հիշում է որդու՝ Վախթանգի հետ վերջին հանդիպման առանձին դրվագներ։ Անցած տարի հուլիսին է մայրը վերջին անգամ տեսել ժամկետային ծառայության մեջ գտնվող որդուն։
Վախթանգ Ստեփանյանը ծառայում էր Մեղրիում, 2022 թվականի սեպտեմբերի մարտական գործողությունների ժամանակ Ներքին Հանդի դիրքերում է եղել՝ դիտակետում։ Մայրը պատմում է՝ տղային թշնամու ԱԹՍ-ի բեկորը դիպչել է այն ժամանակ, երբ դիտակետից դուրս է եկել՝ հետաքրքրվելու՝ ինչպես են ծառայակից ընկերները։
«Շատ թեժ պատերազմ է եղել, ամենալարված ու ամենաուժեղ կռիվը հենց այդ ժամանակ է եղել։ Ինքն անընդհատ դիտակետից դուրս է եկել, հարցրել է՝ հո՞ վիրավոր չունենք, հո՞ զոհ չունենք, տղեք լա՞վ եք, ամեն ի՞նչ նորմալ է, միայն ու միայն այս բառերն է ասել։ Ընկերները ջղայնացել են, ասել են՝ Վախթանգ, մտի ներս, բայց․․․»,-ասում է մայրը։
Վախթանգը Սյունիքի մարզի Սպանդարյան համայնքից է, սակայն ընտանիքը այստեղ երկար չի ապրել՝ տեղափոխվել են Երևան։ Երբ Վախթանգը ծառայության է անցել Սյունիքում, ոգևորությունը մեծ է եղել՝ պաշտպանելու է հայրենիքի իրեն առավել հոգեհարազատ սահմաները։
Մայրն ասում է, որ որդին հոսպիտալում է եղել, ասել է, որ իրեն էլ դիրքեր տանեն. «Էն իմացանք, որ արդեն պոստերում է։ Ահավոր հայրենասեր էր, շատ էր սիրում իր Սյունիքը։ Առողջական խնդիրներ ուներ, տարկետում էին տալիս, ասաց՝ ոչ, ես գնում եմ ծառայեմ։ Մինչև վերջին վայրկյանը ծառայեց հանուն հայրենիքի»։
2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, երբ թշնամին հարձակվել է հայկական դիրքերի վրա, Ստեփանյաններն այդ մասին տեղեկացել են Սյունիքում բնակվող իրենց հարազատներից.
«Սյունիքի մեր հարազատներն ասացին, որ այստեղ պատերազմ է, զանգում էինք, անհասանելի էր։ Մեծ տղաս եկավ աշխատանքիս վայր ու ասաց, որ Վախթանգը վիրավոր է, խաբեց, ասեց թևն է վիրավոր, բայց այնինչ գլուխն էր վիրավոր։ Բավականին լարված է եղել, մեկ անգամ եմ խոսել, շատ կարճ խոսեց՝ ընդամենը երկու բառ․ մամ, ամեն ինչ նորմալ է, լավ է, ես քեզ անպայման կզանգեմ։ Խնդրեցի, որ անպայման զանգի, էլ չզանգեց․․․»։
Վախթանգը գլխի շրջանում վիրավորում ստանալուց հետո տևական ժամանակ առաջին բուժօգնություն չի ստացել, մոր փոխանցմամբ՝ հնարավոր չի եղել։ «Հարվածը գլխին է եղել, երեք օր ամեն ինչ արեցին Վախթանգիս կյանքի համար։ Ինքն այնքան երկար է այդ ժամանակ մնացել դիրքում, չեն կարողացել հանել, անընդհատ կրակել են, եթե հանեին, միգուցե հնարավոր լիներ փրկեին»,-ասում է տիկին Հեղինեն ու նշում, որ որդուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։
Չնայած անասելի ցավին, մայրը հպարտությամբ է խոսում որդու սխրանքի, հայրենասիրության, ընկերասիրության և արիության մասին։ Վախթանգը ծառայությունն ավարտելու էր այս տարվա հուլիսին, և մայրը դեռ սպասում է որդու վերադարձին։ «Չեմ կարողանում իմ տղայի մասին անցյալով խոսել»,-ասում է նա։
Հայրենիքը պաշտպանելու համար Վախթանգը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Ստեփանյաններին, սակայն, որևէ մեկը չի այցելել՝ ոչ ցավակցել են, ոչ շնորհակալություն հայտնել Վախթանգի սխրանքի համար։
«Ոչ մեկը մեզ չի այցելել՝ թեկուզ ցավակցեն, շատ վիրավորական էր, հանուն հայրենիքի նա իր կյանքը զոհաբերեց։ Ինքն էլ էր ուզում ապրեր, քայլեր, շատ մեծ երազանքեր ուներ, բայց ոչ մեկը տեղի չունեցավ»,-նշում է մայրը։
Վախթանգը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 20-ամյան ապրիլին պետք է Մեղրիում նշեին, բայց մայրն ասում է՝ Եռաբլուրում նշեցինք, ինչպես բազմաթիվ ծնողներ։
Որդու զոհվելուց հետո տիկին Հեղինեի առողջական խնդիրները խորացել են։ Ասում է՝ մինչ այդ էլ խնդիրներ կային, բայց դիմանալ լինում էր, ամեն ինչ մի կողմ դրած սպասում էին որդին վերադառնար բանակից, բայց հիմա միայն անկատար նպատակներն են մնացել։ Հեղինե Ստեփանյանն այս ընթացքում մի քանի վիրահատության է ենթարկվել՝ որից մեկը օնկոլոգիական բնույթի.
«Էլ ուժ չունեմ, Վախթանգիցս հետո իմ ամբողջ կյանքը հօդս ցնդեց։ Չեմ կարողանում գնալ գոնե Եռաբլուր։ Մերոնք միշտ գնում են, ասում եմ՝ ասեք, մաման ասում է՝ կներես, կյանքիդ մեռնեմ․․․ նկարներով եմ հետը խոսում, սփոփվում։ Պահեցի, մեծացրեցի, մի վայրկյանում թռավ ձեռքիցս երեխաս»։
Ստեփանյանները սոցալական ծանր պայմաններում են ապրում, տիկին Հեղինեն և ամուսինն առողջական լրջագույն խնդիրներ ունեն, չեն աշխատում։ Ընտանիքի միակ եկամուտն ավագ որդու՝ Արթուրի աշխատավարձն է։ Նրանք չունեն տուն, Երևանում բնակվում են վարձով՝ բնակելի տան կիսանկուղային հարկում։ Տիկին Հեղինեն հույս ունի, որ պետական աջակցությամբ կկարողանա բնակարան ձեռք բերել։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։