Սեպտեմբերի 13-14 ռազմական գործողություններից հետո գերեվարվածներին և Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանին արտահանձնած զինծառայողներին կրկին զորակոչում են բանակ։ Նրանք դեռևս չեն անցել վերականգնողական շրջան, չեն մոռացել կտտանքները, որոնց ենթարկվել են, հոգեբանորեն չեն վերադարձել բնականոն  կյանքի, յբայց կրկին պետք է բարձրանան դիրքեր։

Նրանք 17-ն են՝ 2022 թվականի սեպտեմբերի մարտերին գերեվարվածները։ Ադրբեջանում են եղել մոտ մեկ ամիս։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այնտարբեր է նախկին ռազնագերիների ճակատագրի հանդեպ։ Հարցին, թե հնարավոր է օրենսդրական փոփոխություններ կատարվեն և գերությունից վերադարձածները զորացրվեն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է․ «Չեմ կարծում»։

Սա նշանակում է, որ ՊՆ-ում չեն էլ մտածում խնդրի մասին։ Ռազմական գերատեսչության մեր աղբյուրները վստահեցնում են, որ թեև 17 նախկին ռազագերիներին բանակից չեն ազատելու, սակայն նրանցից և ոչ մեկին առայժմ չեն զորակոչել։ “Նրանցից ոչ մեկը դեռ չի գնում զորամաս։ Նրանք բոլորը պետք է զննություն անցնեն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից։ Իսկ մինչ այդ ռեաբիլիտացիոն շրջան անցնեն։ Առանց դրա ոչ մեկին չեն զորակոչի”, — պատասխաեցին  մեր հարցին նախարարությունից։

Սակայն, մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանական գերությունից վերադարձած  17 զինծառայողներից առնվազն 4-ին կրկին զորակոչել են բանակ։ Նրանցից մեկի վիճակը սակայն կտրուկ վատացել է և նրան վերադաձրել են հոսպիտալ։ Ի դեպ, վերականգնողական բուժում նրանք չեն ստանում։

Մեր տվյալներով նախարարությունում կան մասնագետներ, որոնք համարում են, որ նախկին գերիներին զորացրելու մասին օրերնքն անհրաժեշտություն է, որ գերությունից վերադարձած անձանց ծառայությունն անարդյունավետ է, և մեծ է վտանգը, որ նրանք կդիմեն ինքնավնասումների։ Սակայն նախարարին համակարծիք մեծամասնությունն առարկում է, թե եթե լինի օրենք գերիներին բանակ չտանելու մասին, ապա զինծառայողները կփախչեն հարևան հանրապետություն և գերի կհանձվեն, հայկական բանակից ազատվելու նպատակով։

Արդյո՞ք սա կարող է փաստարկ լիներ օրենքը չընդունելու համար։ Ըստ իրավունքի միջազգային մասնագետ Արա Ղազարյանի, հնարավոր են նման դեպքեր, սակայն դա չի  կարող փաստարկ լինել օրենքը չընդունելու համար։

“Հիշում եք, մի պահ կար, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միամիտ սահմանը անցնում էին, հետո պարզվում էր, որ վարկեր ունեն չփակած, վերադառնում էին, և մասնավորը պետության միջամտությամբ որպես բարի կամքի դրսևորում, նրանց վարկերը ներում էր։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նման դեպքեր շատ էին, և անթուլատրելի է սա  փաստարկ վերցել և օրենքը չընդունել”, — ասում է Արա Ղազարյանը։

Նա առաջարկում է, որ եթե չեն  ուզում զինվորական ծառայությունից ազատել, ապա գոնե որոշակի սահմանափակումներ կիրառել նախկին գերիների նկատմամբ․

“Ասենք, որոշակի վայրերում չծառայեն, դիրքերում մարտական հերթապահություն չիրականացնեն, այլ ռեժիմով ծառայեն։ Բայց դրա համար էլ է պետք օրենք ընդունել։ Իհարկե, կարող են նաև ներքին կարգով ազատել, կամ՝ բժշկական հետազոտությունը կարող է ցույց տալ, որ նրանք պիտանի չեն, կամ մասամբ են պիտանի ծառայության համար։ Բայց օրենք միևնույն է պետք է՝ նախագիծ կազմել, կառավարությունուվ անցնի, ԱԺ տանել։ Ոչ մի պաշտոնատար անձ չի ազատի նրանց բանակից առանց օրենքի։ Սահմանադրությունն ասում է, որ պաշտոնատար անձինք կարող են անել  միայն այն, իչը որ սահմանված է օրենքով”։

Նախկին ռազմագերիներին բանակային ծառայությունից ազատելու անհրաժեշտության մասին խոսվում էր դեռևս 2020 թվականից, 44—օրյա պատերազմից հետո։ Այն ժամանակ ադրբեջանական գերության մեջ ֆիզիկական և հոգեկան կտտանքների ենթարկված 3 զինծառայողներ  կապվել էին “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” կազմակերպությա ն հետ և գանգատվել էին, որ Հայաստանի Հանրապետությանը արտահանձնումից և կարճատեև վերականգնողական բուժումից հետո իրեն կրկին զորակոչում են բանակ։

Նրանք պատմում էին, որ ի վիճակի չեն կատարել սպայակազմի հրամանները, հոգեբանական խնդիրներ ունեն, չեն կարող հագնել զինվորական համազգեստ, հաճախ ծառայության վայրից փախչելու և տուն գնալու անհագ ցանկություն ունեն:

Մամուլում բարձրացված աղմուկից, իրավապաշտպանների հնչեցրած կոշտ գնահատականներից հետո 2021 թվականի ամռանը  ՀՀ  Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ նախկին ռազմագերիներին կրկին վերադարձվեցին Դիլիջանի  «Լեռնային Հայաստան» առողջարան, ապա կարճ ժամանակ անց նրանք գնացին տուն՝ մայրական խնամքի։

Այն ժամանակ իրավապաշտպան, “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը պահանջեց, որ ընդունվի օրենք, որով հստակ արգելք կդրվի նախկին ռազմագերիներին հետագա բանակային ծառայության զորակոչելը, սակայն արգելքն այդպես էլ չդրվեց։

Նրանցից մեկը, որն արդեն վերադարձել է հայրենիք,  անանուն մնալու պայմանով Forrights.am-ին մանրամասներ էր պատմել գերության օրերի մասին, որոնք ներկայաց րել ենք նոյեմբերի 15-ի հրապարակման մեջ  ։

Մեր զրուցակիցը պատմել էր, որ Ադրբեջանի ռազմական ոստիկանություն, որտեղ առանց պատճառի կանոնավոր ծեծի են ենթարկում նրանց, հետո տեղափոխել էին բանտ։ «Բաքվի ռազմական ոստիկանությունում նստել, պառկել չկար, զգաստ պետք է կանգնած լինեիր, որ գլազոկից նայեին ու տեսնեին, որ կանգնած ես։ Քնելու մասին երազել կարելի էր։ Եթե կանգնած չմնայիր 6-7 հոգով մտնում էին սենյակ ու հաշվեհարդար էին տեսնում՝ կարգը խախտելու համար։ Նույնիսկ եթե կանգնած էինք մնում 30 րոպե պարբերականությամբ գալիս էին ու խփում էին՝ 6-7 հոգով, բավականին դաժան»,- ասել էր Ջերմուկի մոտակայքում, նահանջի ճանապարհին գերեվարված մեր զրուցակիցը։

Ադրբեջանից Հայաստանի ռազմական ոստիկանություն տեղափոխված հայ զինվորներին մեղադրել են իրենց չպայթեցնելու և գերի ընկնելու համար։ Նրա ծնողները հայտնել են, որ նա լուրջ հոգեբանական  խնդիրներ ունի, նաև կոտրվածքներ։ Նման մարդկանց բանակ զորակոչելը հավասարազոր է  մի նոր գերության։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest