23-ամյա Մուշեղ Կարապետյանը 2020-ի 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը մոբի կազմում ինքնակամ մեկնել է պատերազմ, որպես հրետանավոր եղել առաջին գծում՝ Քարվաճառ, հոկտեմբերի 2-ին ստացել բազմաբեկորային վնասվածք, կորցրել աջ աչքը: Այժմ սոցիալական ծանր վիճակում գտնվող հաշմանդամություն ունեցող երիտասարդն անտեսված է, թակում է պետական մարմինների դռները, բայց ոչ մի արձագանք:
«Ստացել եմ կանտուզիա, հոգեկան սաթեստիկ խանգարում, զրկվել եմ աչքից, ունեմ 100-ից ավելի բեկորային վնասվածք, միայն 20 ասկոլկա գլխից ու դեմքի շրջանից են հանել, բժիշկները հեռացրին արտաքինից երևացող բեկորները, բայց ներքին էլի բերկորներ էլ մնացել են», -ասում է 23-ամյա երիտասարդը:
Աչքը կորցնելու համար, որպես փոխհատուցում, Մուշեղին պետությունը փոխանցել է 500 հազար դրամ, 400 հազար դրամով էլ շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցելու համար: Եվ վերջ:
Բարերարների ու տարբեր հիմնադրամների («Վիվա» բարեգործական հիմնադրամ) օգնությամբ աչքի չորս վիրահատության է ենթարկվել, արդյունքում այժմ Մուշեղի մեկ աչքն է լիարժեք տեսնում, մյուսին աչքի իմպլանտ է տեղադրվել, որի խնամքի համար ևս ֆինանսական մեծ միջոցներ են հարկավոր: «Կառավարությունը մեզ նույնիսկ դեղեր չտրամադրեց, մենք դեղերը գնում ենք տարբեր մարդկանց, բարերարների շնորհիվ: Բայց իմ համար շատ կարևոր էր պետության աջակցությունը: Եթե մարզաբնակ վիրավորներին հարցնեք, նրանք ոչ մի ձև չեն զգում պետության աջակցությունը», -ասում է Մուշեղը:
Ի՞նչ է անում պետությունը պատերազմում աչքը կորցրած ու տարբեր վնասվածքներ ստացած երիտասարդի համար: Մուշեղին ճանաչել է 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ և ամսական փոխանցում է 67-70 հազար դրամ հաշմանդամության նպաստ: Պետության այս վերաբերմունքը երիտասարդը արդար չի համարում:
«Ես ունեմ տարբեր խանգարումներ ու մեկ աչքի կորուստ: Էդ ամբողջը միասին իրանք գնահատել են ու տվել ինձ հաշմանդամության երրորդ կարգ: Սոցապը (նկատի ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը-հեղ.) ինձ ասում է՝ գնա աչքերիդ տեսողությունը կորցրու, նոր քեզ երկրորդ կարգ կտանք: Երևի սպասում էին զոհվեմ, նոր թոշակներ, նպաստներ նշանակեին», -ասում է Մուշեղը:
Երիտասարդի համար մեկ այլ խնդիր է գործազրկությունը. բժիշկները խստիվ արգելել են ծանր աշխատանք կատարելը, համակարգչով աշխատելը:
«Ես որ լսեցի պատերազմ ա սկսել, մորս էլ չասեցի, միանգամից վեր կացա գնացի, իմ պետությունը, իմ երկիրը նեղն էր էդ պահին, գնացի, որ օգնեմ իրեն, բա հիմա էլ ես եմ էդ օգնության կարիքը զգում, ո՞վ կօգնի ինձ: Ես արդարություն եմ պահանջում, մեզ հիմա շան ըտեղ չեն դնում, շատ վիրավորներ գիտեմ, որ իմ օրին են, անարդարության զոհ: Հարցը էդ գումարը չի, հարցը ինձ շան տեղ չդնելն ա, հարցը անտարբերությունն ա», -հարցեր է տալիս Մուշեղ Կարապետյանը:
Նա ընտանիքի միակ աշխատողն է համարվում, թեպետ արգելել են ֆիզիկական աշխատանք կատարել, շուտով առաջին երեխան կծնվի: Մուշեղի խնդիրներին ավելացել են մոր առողջական խնդիրները, որոնց լուծման համար դիմել է կառավարություն, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ, սակայն դարձյալ որևէ արձագանք չի ստացել:
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: