«Սպանել են իմ էրեխին։ Իմ էրեխեն ի՞նչ էր արել, որ արժանի էր սպանության։ Չեմ հավատում, որ ինքնասպան է եղել»,-ասում է 15 օր առաջ Սիսիանի դիրքերում հրազենից մահացու վիրավորում ստացած Արսեն Մանուկյանի հայրը՝ Արմեն Մանուկյանը։
19-ամյա զինծառայողի մահվան հանգամանքերն ընտանիքի համար անհայտ են։ Մեկ տարուց մի փոքր ավելի ծառայող Արսենին հուղարկավորել են ծննդավայր Վարդենիսում։
Պետական կառույցներից Մանուկյաններին դեռ որևէ պարզաբանում չեն ներկայացրել։ Զինվորի թաղմանը զորամասից Վարդենիս եկած զինվորականները նաև ընտանիքին ոչինչ չեն հայտնել։
«Կամբատն ու զամպալիտն էին եկել, իրենց զորամասից անտեղյակ։ Գլուխները կախել, կանգնել էին։ Ասում էին՝ երկու ամիս քննություն պետք է լինի, բա՞ որ ինձ ինֆակտ խփի՞»,-ասում է զոհված զինվորի հայրը։
Արմեն Մանուկյանի խոսքով՝ որդին հրազենայյին վնասվածքներ է ստացել ճակատին և գլխին՝ դիմացից ու հետևի կողմից։ «Ասում են, որ զենքն AKM է եղել, բայց դա ոնց կարող էր այդքան ֆռալ։ Ես հստակ չգիտեմ, թե ինչ զենք է եղել ու մթոմ էրեխուս զենքն է եղել»։
Արսենի եղբոր՝ Զավենի խոսքով՝ դիրքերում վիճաբանություն է եղել, որին հաջորդել է կրակոցներ։ «Վիճաբանություն է եղել, կոնկրետ հարցը չեն ասում, թե ինչ է եղել, բայց վիճաբանություն է եղել ու հետո լսվել է կրակոցը։ Չեն ասում՝ ով է կրակել, ոնց է կրակել»,-ասում է Զավեն Մանուկյանը։
Եղբոր խոսքով՝ Արսենը երբեք չի ասել, որ ծառայակիցների հետ ինչ-որ խնդիրներ ունի։ Սակայն, ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արսենն ընտանիքից ժամանակ առ ժամանակ գումար է խնդրել՝ մինչև 10 հազար դրամի չափով։ Երկու անգամ էլ իրեն չպատկանող հաշվեհամար է տրամադրել, որ գումարը փոխանցեն՝ նշելով, որ իր քարտը մնացել է բանկոմատում։
Պաշտպանության նախարարությունից հուլիսի 14-ին դեպքի առնչությամբ մի քանի տող հայտարարություն են տարածել, ըստ որի, Արսենը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Գերատեսչությունը հայտնել էր նաև, որ տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Ուշագրավ է, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած պաշտպանական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրությունում զինվորի մահվան վերաբերյալ չկա ցավակցական մեկ խոսք կամ որևէ մխիթարանք ուղղված որդեկորույս ծնողներին։
Արսենի ընտանիքում անհավատալի են համարում նրա մահը։ Հայրը նայում է որդու զինվորական հագուստով նկարին, վիշտը փորձում խեղդել մեկը մյուսին հաջորդող ծխախոտի գլանակների մեջ ու ասում․ «Եթե թուրքի գյուլից զոհվեր կասեի, որ մեր ապահովության համար է, բայց հա՞յը սպանի իմ էրեխուն, խաղա՞ղ պայմանում»։
Ընանիքում կասկածներ ունեն, որ Արսենն ավելի վաղ է զոհվել, սակայն, իրենց այդ մասին ուշ են տեղեկացրել։ Ընտանիքի այս պնդման հիմքում այն է, որ Արսենի դին դիահերձարանից Վարդենիս տեղափոխելուց մի քանի ժամ անց սկսել է նեխել։ Մանուկյանները պարզաբանում են պահանջում, թե ինչպես էր հնարավոր երկու օր առաջ զոհված որդու մարմինն այդ վիճակում հայտնվել։ Բացի այս հարազատները, երբ լսել են դժբախտ դեպքի մասին մեկնել են Սիսիան՝ դիրքեր բարձրանալու և մահվան իրական պատճառներին տեղեկանալու համար։
«Մենք նույն օրն էինք ուզում գնալ դիրքեր, բայց մեզ խաբեցին, ասեցին, որ այստեղ (Գեղարքունիքում) են հավաքվելու։ Սիսիանից մինչև Երևան զամպալիտն ու կամբատը մեզ 100 ձևի խաբեցին։ Մենք հասել ենք Սիսիան իրենք Վայքում պախկված են եղել։ Սիսանում հանդիպեցինք ՊՆ-ի սկոռիին, կանգնեցրել ենք, որ տեսնենք մեր էրեխեն է, որ նոր բարձրանանք դիրքեր։ Հրամայված էր, որ ոչ մի տեղ չկանգներ և չկանգնեցին մինչև վերջ՝ իմանալով, որ հարազատներն ենք։ Այնպես սարքեցին, որ մենք իրենց հետևից եկանք Երևան, դիրքեր չգնացինք»,-ասում է Արմեն Մանուկյանի հորեղբայրը՝ Էդիկ Մանուկյանը և շեշտում, որ պետք է բացահայտվի Արսենի մահվան դրդապատճառները։
Նրա փոխանցմամբ՝ Արսենին Սյունիքից մերկ՝ պարկի մեջ դրված են տեղափոխել։ «Երեխան ինչո՞ւ պետք է պարկի մեջ լիներ՝ տկլոր վիճակում։ Ո՞ւր են իր անձնական հագուստը, իր ծոցատետրը, բանկային քարտը, հեռախոս։ Դեռ ոչինչ չկա։ Ինչո՞ւր էր երեխան տկլոր։ Այս երեխաներին մենք իրենց ենք վստահել, նրանք պետք է անփորձանք հասնեն իրենց ծնողներին»։
«Նպատակներով լեցուն էր»,-ասում է Արսենի մայրը՝ Անահիտ Մանուկյանը։ Նա որդու հետ վերջին անգամ հուլիսի 11-ին է խոսել։ «Հուլիսի 14-ին պետք է դիրքերից իջներ։ Կապ չի եղել, հոսանքի խնդիր է եղել, դրա համար չենք խոսացել։ Ամիս 11-ին խոսեց, ասեց, որ 14-ին իջնելու է, իրեն օտպուսկ էր հասնում, պետք է գար։ Այդ օրը լսում ենք, որ ․․․ հիմա եկել է, բայց չեմ հավատում, որ ինքը մեր հետ չի, գիտեմ՝ ծառայում է»,-որդու նկարին նայելով ասում է մայրը։
«Կամքի ուժ ուներ, քչով բավարարվում էր»,-ինքնասպանության վարկածը բացառելով ասում է մայրը։
Արսենի մահվան մասին ընտանիքին հայտնել է տարածքային զինկոմիսարիատը։ Ընտանիքը 15 օր անց չունի դիահերձող բժշկի եզրակացությունը, թե որն է եղել Արսենի մահվան պատճառները։ Արթուր Դավթյանի ղեկավարած գլխավոր դատախազությունն ու Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն Արսենի մահվան առնչությամբ հարուցված որևէ քրգործի մասին պաշտոնապես չեն հայտնել։ Ընտանիքի անդամները, սակայն, նշում են, որ քննություն է իրականացվում։ Նրանց փոխանցմամբ՝ դիրքի ավագն անազատության մեջ է։
Մանրամանսերը՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: